կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-25 17:31
Քաղաքական

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունը ծանր կացության մեջ է ընկել

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունը ծանր կացության մեջ է ընկել

Արդեն հայտնել ենք, որ ՆԱՏՕ-ի Խխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն այսօր խորհրդարանում լրագրողներին մանրամասներ ներկայացրեցին նոյեմբերի 18-21-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած` ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:

Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, որ բավական բուռն քննարկումներ են ծավալվել` ոչ միայն զեկույցների ու բանաձևերի հետ կապված, այլ նաև ելույթներ են եղել Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: «Մասնավորապես` քաղաքական հանձնաժողովում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում` զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի ելույթների կապակցությամբ հնչեցվել են որոշակի մտահոգություններ և բարձրացվել են հարցեր»,- ասաց նա՝ պարզաբանելով. «Նախ` Չավուշօղլուն իր ելույթում անդրադադարձավ սառեցված հակամարտություններին, այդ թվում` ԼՂ հակամարտությանը, խոսեց հարևաների հետ Թուրքիայի հարաբերությունների մասինև, բնականաբար, այստեղ մենք չէինք կարող չօգտվել այդ հնարավորությունից և Թուրքիայի ԱԳ նախարարից չհարցնել հարևան պետությունների հարաբերությունների մասին: Մենք նշեցինք, որ 2000 թվականից Թուրքիայի ղեկավարությունը հռչակել է մի նոր քաղաքականություն` «Զրո պրոբլեմ հարևանների հետ», այն պարագայում, երբ գրեթե բոլոր հարևանների հետ ունի խնդիրներ, այդ թվում` տարածնքերի հետ կապված: Նշեցինք, որ Թուրքիայի զինված ուժերը մուտք են գործել հարևան երեք պետությունների տարածքներ՝ դրանով իսկ ոտնձգություն անելով այդ պետությունների տարածքային անվտանգության և ամբողջականության հանդեպ»:

Նահապետյանը նշեց նաև, որ նիստի ընթացքում խոսվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի բացասական դերակատարման մասին, հատկապես` ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Թուրքիայի ղեկավարությունն ակնհայտ հակահայկական հայտարարությամբ հանդես եկավ: «Մենք բարձրաձայնել ենք, որ Թուրքիան շարունակում է բացասական դերակատարում ունենալ Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում: Խոսվել է նաև Թուրքիայի՝ տեռորիստական տարբեր կազմակերպությունների հետ առնչության մասին: Այս ամենին  Թուրքիայի պաշտոնատար անձինք փորձեցին արձագանքել բավականին ջղագրգիռ վիճակով՝ ցույց տալով, որ մեր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ բավականին անցանկալի վիճակում է հայտնվել Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ փորձելով պաշտպանվել անհիմն մեղադրանքներով Հայաստանի և հայերի հասցեին:

«Չավուշօղլուն անդրադարձավ Հայոց ցեղասպանության թեմային, թեև մեր սկզբնական հարցադրման մեջ այդ մասին խոսք չէր եղել: Նա ասաց, որ հայերը սուտ են տարածում աշխարհով մեկ, թե տեղի է ունեցել Ցեղասպանություն, և նշեց, որ իրենք ժամանակին հանդես են եկել առաջարկով՝ ստեղծել պատմական հանձնաժողով, որը պետք է զբաղվեր այս խնդրով»,- նշեց Կորյուն Նահապետյանը՝ պարզաբանելով, որ, արձագանքելու հնարավորության ստանալով, մեր պատվիրակությունը ներկայացրել է՝ քանի պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա բացատրել, որ որևէ պատմական հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ փաստն անքննելի է:

Նա նշեց նաև, որ նստաշրջանի ընթացքում անդրադարձ է եղել նաև Թուրքիայի ներգրավվածությանը տեռորիստական կազմակերպություններին, մասնավորապես` ԴԱԻՇ-ին, ինչը, ըստ հայաստանյան պատվիրակության ղեկավարի, ծանր կացության մեջ դրեց թուրքերին: «Նրանք փորձեցին հերքել այդ ամենը, բայց մենք նշեցինք, որ բազմաիվ աղբյուրներ կան Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցող իրադրաձությունների մեջ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ»,- ասաց նա:

Նահապետյանը ցավով նշեց նաև, որ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում այլ պատվիրակությունների անդամներից շատերը չգիտեին, որ մենք Սիրիայում ունենք մեծ համայնք և հետաքրքվում էին՝ ինչո՞վ է պայմանավորված հայկական պատվիրակության այդչափ հետաքրքվածությունը Սիրիայում տիրող իրավիճակով:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարը շեշտեց, որ հայկական կողմը չի սևեռվել միայն ԼՂ-ի և հայ-թուրքական հարաբերությունների վրա և բավական ակտիվ մասնակցություն է ունեցել նաև այլ թեմաների քննարկմանը: