կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-09 10:30
Քաղաքական

Յուրի Խաչատուրովը կզրկվի հովանավորչությունից. «ՀԺ»

Յուրի Խաչատուրովը կզրկվի հովանավորչությունից. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պետության կարիքների համար հայտարարվող գնումների գործընթացում որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու: Համենայնդեպս, գործընթացը մեկնարկել է:

 Բանն այն է, որ ՊՆ-ի հայտարարած մրցույթներին տնտեսվարողները գրեթե անխոչընդոտ կարողանում էին մասնակցել, սակայն, երբ գալիս էր պահանջվող ապրանքի բնութագրին համապատասխան տվյալներ ներկայացնելը, քաոսը սկսվում էր: ՊՆ-ն, օրինակ, եթե ցանկանում էր գնել բժշկական պարագաներ, գնման առարկայի տեխնիկական բնութագիրն այնպես էր կազմում, որ դրան համապատասխան ապրանք կարող է ներկայացնել միայն մեկ կամ լավագույն դեպքում երկու ընկերություն: Տեխնիկական բնութագրում գրում էին նույնիսկ տվյալ ապրանքն արտադրող ընկերության անունը:

 Վերջերս մենք գրել էինք, որ գնումների բողոքարկման խորհուրդը մերժել է ՊՆ-ի առաջարկը՝ «Լեյկոալեքս» և «Խաչփար» ՍՊԸ-ներին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու առաջարկը: Խնդիրն այն էր, որ ՊՆ-ն «Խաչփար» ընկերության կողմից գնման գործընթացի ժամանակ ներկայացրած ապրանքի տեխնիկական բնութագիրը համարել էր կեղծ, մինչդեռ ընկերությունը գրել էր այն, ինչ կար իրենց առաջարկած ապրանքի բնութագրում: Այդ մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ինտերմեդ» ՍՊԸ-ն և 5 անգամ թանկ ապրանք էր գնվել, քանի որ «Խաչպար» ընկերությունը չէր կարողացել մասնակցել մրցույթին, իսկ վերջիններս առաջարկած ապրանքներն արժեցել էին մոտ 5 միլիոն դրամ: Արդյունքում ՊՆ-ն 15 միլիոն դրամի ավելի էր վճարել: «Լեյկոալեքս» ընկերությունը գնման մեկ այլ գործընթացից էր նույն պատրվակով դուրս մնացել: «Լեյկոալեքս» ընկերության փոխարեն այդ մրցույթում հաղթող է ճանաչվել նույն «Ինտերմեդ» ՍՊԸ-ն և ՊՆ-ին 100 միլիոն դրամի մատակարարում էր արել, մինչդեռ «Լեյկոալեքս»-ը ներկայացրել էր մոտ 35 միլիոն դրամի գնային առաջարկ: Այս դեպքում էլ ՊՆ-ն 65 միլիոն դրամով ավելի թանկ գնում էր կատարել:

  Նշենք, որ եթե ՊՆ-ն իսկապես փոփոխություն կատարի տեխնիկական բնութագրերում, այսինքն՝ այն համապատասխանի օրենքի պահանջներին, ապա գնման գործընթացին ավելի շատ մասնակիցներ կարող են մասնակցել, և գնային ամենացածր առաջարկ անողը կհաղթի: Այդ դեպքում հովանավորչությունը կարող է վերանալ:

 Ավելի վաղ գրել էինք, որ որոշ տեղեկություններով՝ «Ինտերմեդ» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ազդեցության տակ: Մամուլի հրապարակումների համաձայն էլ՝ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ, ավելին՝ վերջինիս ընտանիքի բիզնեսը սպասարկող, դե ֆակտո հենց Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունն էլ վերահսկել է ՊՆ բոլոր մատակարարներին»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: