կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-17 16:32
Հասարակություն

Յուրի Խաչատուրովը մի շարք սպաների պատասխանատվության է ենթարկել

Յուրի Խաչատուրովը մի շարք սպաների պատասխանատվության է ենթարկել

Ավարտվել է այս տարվա ապրիլի 8-ին Երասխի դիրքեր տանող ճանապարհին զինծառայողի մահվան պատճառ դարձած` ՊՆ բեռնատարի վթարի առնչությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հանձնարարականով նշանակված ծառայողական քննությունը: Այս մասին, ի պատասխան Յուրի Խաչատուրովին հասցեագրված` Yerkir.am-ի գրավոր հարցմանը, հայտնել է ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը:

Նրա կողմից մեզ ուղարկված գրությունից տեղեկանում ենք, որ 2016-ի ապրիլի 8-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Մաթևոսյանի զոհվելու առնչությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հանձնարարականի հիման վրա, զորամիավորման հրամանատարի հրամանով, նշանակվել է  ծառայողական քննություն, որի արդյունքներով մի շարք սպաներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ  2016-ի ապրիլի 8-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը: Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Արարատի բժշկական կենտրոն: Մյուս 4 զինծառայողներին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։  Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով:

Yerkir.am-ին հասած վարկածներից մեկի համաձայն՝ «Ուրալի» վթարի պատճառը ոչ թե մեքենան վարելու կանոնները խախտելն է, այլ մեքենայի անսարքությունը: Մասնավորապես, մեզ հասած տեղեկություններով, կտրվել է բեռնատարի արգելակման գոտին, ինչի հետևանքով էլ զինծառայողը չի կարողացել արգելակել, և մեքենան գլորվել է ձորը:

Հիշեցնենք, որ նմանատիպ մի դեպք էլ տեղի էր ունեցել 2015-ի ապրիլի 17-ին՝ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին: Զինվորական բեռնատարի վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր ժամկետային զինծառայող Արտյոմ Թովմասյանը, իսկ նրա 9 ծառայակիցները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Yerkir.am-ի հետ զրույցում մահացած զինծառայողի հայրն ասել էր. «Դեպքի նախորդ օրը տղայիս հետ խոսել եմ, ասաց, որ մեքենայի տոռմուզի ռեմենն ա կտրվել, ու զորամասում ասել ա էդ մասին, ասել են` նորը կտան, բայց չեն տվել: Էրեխեն էլ ստիպված հին ռեմեն ա ճարել, դրել»:

Այս միջադեպից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունից Yerkir.am-ին հայտնել էին, որ ծառայողական քննության արդյունքում, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով, մահվան ելքով դեպքի մեղավորները կարգապահական տույժի են ենթարկվել: