կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-06 13:43
Հասարակություն

Դեղերի թանկացում չի սպասվում. Սամվել Զաքարյան

Դեղերի թանկացում չի սպասվում. Սամվել Զաքարյան

2018-ի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում կգործի դեղերի միասնական շուկա: Ի՞նչ կտա այն Հայաստանին և որքանո՞վ կանդրադառնա  դեղերի գնի վրա. այսօր լրագրողների հետ այդ թեմայով զրուցեց ՀՀ դեղարտադրողների և դեղ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին միանալը այնքան էլ մեծ դրական ազդեցություն չի թողել դեղերի ներմուծման և արտադրման ոլորտում, ավելին` այն մի շարք խոչընդոտներ է առաջացրել: Ըստ Զաքարյանի՝ Հայաստանը երբեք խնդիր չի ունեցել Ռուսաստան դեղ արտահանելու հարցում՝ հաշվի առնելով փաստը, որ մեր դեղատեսակների 50 տոկոսն արտահանվում է, իսկ Ռուսաստանը ներկայումս փորձում է իր խաղի կանոնները թելադրել: «Ռուսաստանը պահանջում է, որ իր տարածք մտնող դեղերի կլինիկական հետազոտությունն իրենց մոտ արվի, ինչը շատ թանկ ու բարդ պրոցես է: Մենք պահանջել ենք, որ այս կետը չփոխվի, սակայն ոչ մի արդյունք. պարզ է, չէ՞, որ կողմնապահություն կա Ռուսաստանի կողմից»,- ասաց Զաքարյանը:

Երկրորդ խնդիրը, ըստ նրա, հայկական դեղերի մրցունակության անկումն է: Զաքարյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներում դեղերի ոլորտում ԱԱՀ-ն չկա, իսկ իրենք ստիպված են լինում 20 տոկոս ԱԱՀ վճարել: Դրան գումարած այն հանգամանքը, որ հայկական դեղերն անպայման GMP-ին՝ եվրոպական չափանիշներին համապատասխան  են, իսկ ԵԱՏՄ մի շարք երկրներ չեն ընդունել GMP չափանիշները: «Լինել GMP չափանիշներին համապատասխան՝ նշանակում է ունենալ լավագույն որակը, բայց, դրան զուգահեռ, դեղի որոշակի թանկացում է լինում, քանի որ այդ գործընթացն էլ լրացուցիչ ծախսեր է պահանջում: Ստացվում է, որ ԱԱՀ-ն` մի կողմից, GMP համակարգից օգտվելը` մյուս կողմից, հայկական դեղերն անմրցունակ կդարձնեն շուկայում, քանի որ մյուսների դեղերն ավելի մատչելի կլինեն, բայց որակով կզիջեն»,- ասաց Զաքարյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ իրենք նամակով դիմել են ՀՀ վարչապետին, որպեսզի ԱԱՀ-ն հանեն, սակայն կառավարությունից պատասխանել են, որ վստահ չեն, որ ԱԱՀ-ն հանելուց հետո դեղերի ոլորտում էժանացում կլինի: Այժմ, Զաքարյանի խոսքով, իրենք մի փաստաթուղթ են պատրաստում, ըստ որի՝ դեղ արտադրողներն ու ներմուծողները կհամաձայնեն 20 տոկոսով իջեցնել դեղերի գները, եթե կառավարությունը չեղարկի 20 տոկոս ԱԱՀ-ն:

Yerkir.am-ի հարցին, թե, այնուամենայնիվ, 2018-ին Հայաստանի` դեղերի միասնական շուկայում հայտնվելուց հետո դեղերի թանկացում կամ, գուցե մրցակցության աճից դրդված, էժանացում սպասվո՞ւմ է, Զաքարյանը պատասխանեց, որ թանկացում հաստատ չի սպասվում: «Դեղերի թանկացում չի սպասվում, քանի որ դրա համար ոչ մի հիմք չկա: Ինչ վերաբերում է մրցակցության ավելացմանը, ապա պետք է ասեմ, որ դեռևս չկա ակտիվություն, այսինքն՝ որևէ մեծ ընկերություն դեռ չի «ներխուժել» մեր շուկա: Ճիշտն ասած՝ մենք ուրիշ վախ ունեինք, որ կարող է ռուսական խոշոր ընկերություններից մեկը գա ու գնի հայկական բոլոր ընկերություններն ու ոլորտը մենաշնորհի, սակայն, բարեբախտաբար, նման բան էլ տեղի չունեցավ»,- ասաց նա:

Զաքարյանի բնութագրմամբ ՝ 2018-ի հունվարի 1-ից միասնական շուկա մուտքի առումով սպառողի մոտ ոչինչ չի փոխվելու, էական որևէ փոփոխություն չի նկատվելու: