կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-21 15:32
Հասարակություն

Սննդամթերքի շարունակական թանկացում է գնում, որն է՛լ ավելի է խորանալու այս տարվա ընթացքում. Սուրեն Պարսյան

Սննդամթերքի շարունակական թանկացում է գնում, որն է՛լ ավելի է խորանալու այս տարվա ընթացքում. Սուրեն Պարսյան

«Այս տարի նախատեսվում է աննախադեպ գնաճ՝ համաշխարհային շուկայում, հիմնականում պայմանավորված պարենային ապրանքների գներով: Ռուս-ուկրաինական հակամարտությունը լուրջ ցնցումներ է առաջացրել համաշխարհային շուկայում՝ հատկապես պարենամթերքի և էներգետիկ շուկայում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նրա փոխանցմամբ՝ տնտեսական պատժամիջոցների տակ են ընկել պարենամթերքի, էներգակիրների արտահանման գործարքները, մասնավորապես, Արևմուտքը հրաժարվում է ռուսական նավթից, ածխից, և փորձում են նաև աստիճանաբար կրճատել գազի կախվածությունը: ՌԴ-ն էլ, որպես հայելանման պատասխան՝ կիրառում է պարենամթերքի սահմանափակումներ:

«ՌԴ կառավարության որոշմամբ՝ մարտից մինչև օգոստոս սահմանափակվում է Ռուսաստանից առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների արտահանումը, այդ թվում՝ նաև ԵԱՏՄ շրջանակներում: Այսինքն, որպեսզի ԵԱՏՄ երկրները չդառնան տարանցիկ երկիր՝ այլ երկրներ արտահանման համար: Օրինակ, Հայաստանը կստանա այնքան հացահատիկ, որքան դրա պահանջարկն ունի, կսպառի: Մենք տարեկան մոտավորապես 550.000 տոննա ցորենի սպառում ունենք: Մոտավորապես 100.000-ը տեղում ենք արտադրում, մնացածը ներկրում ենք: Ուկրաինան և Ռուսաստանն աշխարհի խոշորագույն ցորեն արտահանող երկրներից են, նրանց համախառն արտահանումը կազմում էր 30 տոկոս: Դրան գումարած՝ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում արևածաղկի ձեթի 90 տոկոսը, և ակնհայտ է, որ այս պահին Ուկրաինան դժվարությամբ է կարողանում ցորեն, եգիպտացորեն, յուղեր արտահանել՝ կախված լոգիստիկ խնդիրներից:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը ոչ միայն տնտեսական պատժամիջոցներ է ստեղծել, երբ առանձին երկրներ սահմանափակում են արտահանումը, այլև տրանսպորտային խնդիրներ է առաջացրել:

Օրինակ, Ուկրաինայի նավահանգիստներում մեծ քանակությամբ ցորեն կա կուտակված, չեն կարողանում արտահանում իրականացնել, հիմնականում բեռնատարների, որոշ չափով էլ գնացքների միջոցով է իրականացվում: Բնականաբար, այս ամենն ավելի է թանկացնում պարենի գները համաշխարհային շուկայում: Այս տարի ունենալու ենք պարենամթերքի գների շարունակական աճ: Դա արձանագրում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպությունը»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ Հայաստանում էլ ամեն ամիս արձանագրվում է գնաճ, օրինակ՝ ապրիլը մարտի նկատմամբ 2.3 տոկոս գնաճ ենք արձանագրել, որը հիմնականում պարենամթերքի գնաճով է պայմանավորված:

«Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, մենք 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ունեցել ենք գնաճ սննդամթերքի շուկայում՝ 12.7 տոկոս, իսկ ապրիլը անցած տարվա ապրիլի նկատմամբ՝ 14.3 տոկոս գնաճ: Իսկ ապրիլը մարտի նկատմամբ սննդամթերքը թանկացել է 4 տոկոսով:

Այսինքն, սննդամթերքի շարունակական թանկացում է գնում, որը էլ ավելի է խորանալու այս տարվա ընթացքում: ՀՀ-ի սննդամթերքի գները կամ սննդամթերքի ներկրումը հիմնականում կախված է Ռուսաստանից: Այնտեղից է գալիս առաջին անհրաժեշտության սննդամթերքի մեծ մասը. Ցորենի 99 տոկոսն է գալիս, իսկ ներկրվող սննդամթերքի՝ մոտավորապես 60-70 տոկոսը:

ՌԴ-ից սննդամթերքի ներկրման հնարավորություն կունենանք, պարենամթերքի դեֆիցիտ չենք ունենա, բայց համաշխարհային տենդենցներով պայմանավորված՝ պարտադրված ենք լինելու ավելի շատ վճարել դրա համար: Իսկ քանի որ մեր գյուղատնտեսության համակարգն ամբողջությամբ քանդված վիճակում է, այս իրավիճակն էլ ավելի է խորացնում: Այս տարվա առաջին եռամսյակում ունենք գյուղատնտեսության ոլորտի 5.4 տոկոս անկում, որն էլ ավելի է խորացնում գնաճը սննդամթերքի շուկայում:

Եթե մենք կարողանայինք տեղում զարգացնել գյուղատնտեսության ոլորտը, աճ ունենալ, ապա սննդամթերքի գներն այսքան բարձր չէին լինի: Համաշխարհային շուկայում այո, գները բարձր կլինեին, բայց ներքին գները կկարողանայինք զսպել ինչ-որ ձևով»,- ասաց Սուրեն Պարսյանը:

Հարցին, իսկ մենք ենք կարո՞ղ ենք ներքին արտադրության միջոցով փոխարինել արտաքին շուկայից եկող ապրանքների ծավալները, տնտեսագետը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ, իհարկե, առանձին ուղղություններով կարող ենք զսպել:

Ինչ վերաբերում է կառավարության անելիքներին՝ նկատեց. «Ակնհայտ է, որ գնաճն անխուսափելի է, համաշխարհային տենդենց է, և կառավարությունը պետք է դա ճիշտ գնահատելով՝ համապատասխան քայլեր իրականացնի՝ ոչ միայն մարդկանց եկամուտներն ինդեքսավորելով, այլև զուգահեռ խրախուսի նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացումը: Գյուղմթերքի արտադրության ծավալները կտրուկ պետք է ավելացնել ներքին շուկայում, այնինչ հակառակ պրոցես է գնում, գյուղոլորտն անկում է գրանցում, և մարդկանց եկամուտները նվազում են: Այս տարի սննդամթերքի դեպքում գրանցելու ենք երկնիշ գնաճ:

Խնդիրն այն է, որ սոցիալապես խոցելի խմբերի համար սննդամթերքի երկնիշ գնաճը շատ մեծ ազդեցություն է թողնում նրանց կենսամակարդակի վրա, քանի որ եկամուտի մեծ մասը՝ 70-80 տոկոսը, ծախսում են սննդամթերք ձեռք բերելու համար: Հիմա սննդամթերքի գինն անցած տարվա ապրիլի նկատմամբ 14 տոկոսով թանկացել է: Գնում է հասարակության աղքատացում»:

Հավելենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը պարենի ու վառելիքի գների բարձրացում է կանխատեսում։ Այս մասին մայիսի 16-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Նրա խոսքով` այս կանխատեսումը հիմնված է համաշխարհային շուկաների ուսումնասիրությունների ու դիտարկումների վրա, որտեղ ևս առաջիկայում թանկացումներ են կանխատեսվում։