Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում ԱԱԾ-ի կողմից իրականացված գործողություններից հետո Երևանի ամենախոշոր սուպերմարկետների ցանցում` «Երևան Սիթի»-ում մոտ 20 տոկոսով թանկացել է մսամթերքը:
«Երևան Սիթի»-ի` Տիգրան Մեծ պողոտայում գտնվող մասնաճյուղում էլ այսօր պտուղ-բանջարեղենի դեֆիցիտ էր, կանաչեղեն առհասարակ չկար: Yerkir.am-ի լրագրողի հարցին ի պատասխան` սուպերմարկետի աշխատակիցները հայտնեցին, որ վաղը բանջարեղենի քանակը կավելանա:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը, խոսելով սուպերմարկետներում առանձին ապրանքների թանկացման մասին, ասաց. «Փաստն այն է, որ այսօր սուպերմարկետները տնօրինում են գյուղատնտեսական մթերքի մեծ մասը, և եթե դրանց կողմից գները բարձրացնելու որոշում կայացվի, այսինքն` ամբողջ հարկային բեռը փոխանցվի սպառողների վրա, ապա այդ դեպքում տեղի կունենա գների կտրուկ բարձրացում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սուպերմարկետները շուկայում գյուղմթերքի մեծ մասնաբաժին ունեն, իսկ վերջին տարիներին այդ սուպերմարկետների գործունեության հետևանքով կրճատվել է սպառողների համար այլընտրանքային` գյուղմթերք վաճառողների թիվը, հնարավոր է շուկայում գների կտրուկ աճ գրանցվի»:
Պարսյանի խոսքով` այս իրավիճակից խուսափելու համար հարկավոր է ավելացնել գյուղատնտեսական մթերքի առաջարկի ծավալները:
«Սուպերմարկետների կողմից գյուղմթերքների մասով ԱԱՀ չվճարելու մեխանիզմը նոր երևույթ չէր, այս մասին բազմիցս խոսվել է: Դրա համար նախ պետք է ամբողջությամբ ուսումնասիրվեր տնտեսական համակարգը, պլանավորվեր գործողությունների հերթականությունը, և նոր միայն շուկայի ազատականացման ու օրինականության հաստատման ուղղությամբ քայլեր իրականացվեին»,- ասաց նա:
Տնտեսագետի խոսքով` այս իրավիճակում շատ շտապ պետք է կոնկրետ քայլեր իրականացվեն, որպեսզի իրավիճակը չազդի սպառողի գրպանի վրա և հանրության մոտ գնային խուճապ չառաջացնի: Նա կարծիք հայտնեց, որ հարկավոր է նոր` այլընտրանքային շուկաներ կազմակերպել, դրանց համար հավելյալ տարածքներ հատկացնել և բնակիչներին իրազեկել այլընտրանքային շուկաների մասին: «Փաստն այն է, որ մենք այսօր սուպերմարկետներից կախյալ վիճակում ենք: Վստահ եմ, որ այս միջոցառումները պատշաճ կերպով կատարելու դեպքում մեր տնտեսությունն ավելի առողջացած կլինի, մենք շուկայում կունենանք գյուղմթերքի իրացման նոր կետեր»,- ասաց նա:
Տնտեսագետը միևնույն ժամանակ նշեց, որ, դրան զուգահեռ, պետք է կարգավորել նաև փողոցային առևտուրը, ինչը Երևանի քաղաքապետարանի գործառույթների մեջ է մտնում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ խնդիրն այն է, որ գործընթացի ռիսկերը նախապես չեն գնահատվել: «Կա երկու մեխանիզմ՝ եթե ուզում ենք սուպերմարկետներն ընդլայնվեն, պետք է գիտակցենք, որ փոքր ու միջին բիզնեսն այդ ընթացքում մեռնելու է մեզ մոտ: Հետևաբար, փոքր և միջին բիզնեսի իրացման ծավալները դաշտը փակելու հնարավորություն չեն տալու: Փաստն այն է, որ այսօր շուկայում գին թելադրողը սուպերմարկետն է, դրա համար էլ մենք պետք է այնպես անենք, որ սուպերմարկետները գին թելադրող չդառնան, որից հետո միայն գործողություններ իրականացնենք սուպերմարկետների նկատմամբ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը:
Ըստ փորձագետի` ստեղծված իրավիճակում գերարագ տեմպերով գոնե մսի իրացման բոլոր տաղավարների մասով խիստ հսկողության պետք է լինի, որպեսզի փողոցային առևտուրը չզարգանա: «Խիստ հսկողության ներքո պետք է ստեղծել շուկաներ և հանրությանն իրազեկել, որ հնարավոր է մատչելի գնով միս գնել այլ վայրից»,- ասաց նա:
Պիպոյանը նաև նշեց, որ սխալ ընկալում կա, թե գյուղմթերքի մասով արձանագրվել է թանկացում: «Ոչ, ընդհանուր շուկայում մենք չունենք թանկացում, մենք ունենք ինչ-որ տեղեր թանկացումներ, այսինքն՝ գյուղացուց մթերվող ապրանքի գինը չի փոխվել»,- ասաց նա:
Ըստ Պիպոյանի` քանի դեռ առանձին ապրանքների մասով առկա թանկացումը շղթայական վատ էֆեկտ չի ունեցել, պետք է արագ միջոցներ ձեռնարկել, որպեսզի գյուղացին էլ իր ապրանքը չթանկացնի: «Պետք է այնպես անել, որ գյուղացին տեսնի՝ իր ապրանքն իրենից էժանով տանում են ոչ թե, որ թանկ վաճառեն, ու ինքն էլ իր ապրանքի գինը թանկացնի, այլ տեսնի, որ մնացած շուկաներում սպառման ծավալների անկում չի գրանցվել, և սուպերմարկետը շուկայի վրա չի կարող ազդեցություն ունենալ»,- ասաց նա:
Պիպոյանի գնահատականով՝ նախորդ իշխանությունների ապաշնորհ կառավարման բացասական հետևանքները վերացնելու ուղղությամբ այսօր էլ քայլեր չեն արվում: «Կամք կա, բայց պրոֆեսիոնալիզմ չկա»,-նշեց նա: