Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները դեկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ՍԾՏՀ ԽՎ-ի 50-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ, որը տեղի է ունեցել օրեր առաջ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում:
ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը նշել է, որ Վեհաժողովի 50-րդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակության անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ հարց են քննարկել: «Կասկածելի էր նման ձեւաչափով քննարկումը: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը»,- ասել է Գագիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ ՀՀ պատվիրակության կողմից այս քայլը որակվել է իբրեւ վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ:
Ավելի ուշ պարզվել է, որ ընդունված Հռչակագրում տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ փոփոխություն է կատարվել, ինչն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին:
Ըստ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանի՝ ՍԾՏՀ ԽՎ-ի քսանհինգամյա պատմության ընթացքում նման դեպք չի եղել. «Նման աշխատաոճն անընդունելի եւ դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար: Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը»:
Ավելի ուշ հայկական պատվիրակությունը վերադարձել է դահլիճ եւ Գագիկ Մինասյանը հանդես է եկել կարճ հայտարարությամբ:
Ըստ Գագիկ Մինասյանի՝ Հռչակագրում Վեհաժողովի կողմից ընդունված այդ կետը որեւէ էական ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: «ՍԾՏՀ ԽՎ-ն տնտեսական ուղղվածություն ունեցող կառույց է եւ բացարձակ անկախ չէ: Այս երկու կարեւորագույն հանգամանքները թույլ են տալիս նշելու, որ այս կառույցի որոշումները չունեն այն ուժը, որն ունեն այլ խորհրդարանական վեհաժողովների որոշումները»:
Ըստ Աղվան Վարդանյանի, ընդունված Հռչակագիրը վերաբերում էր ՍԾՏՀ ԽՎ-ի գործունեության 25-ամյակին եւ պարզապես անհեթեթություն էր նմանօրինակ քաղաքական ձեւակերպում ընդունել նման փաստաթղթում:
Աղվան Վարդանյանը եւս ընդգծել է, որ ընդունված Հռչակագիրը չի կարող ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վրա, եւ այն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի Դաշնության դեմ. «Եվ այս համատեքստում ՍԾՏՀ ԽՎ-ի գլխավոր քարտուղարը, ով ազգությամբ ադրբեջանցի է, փորձեց ինչ-որ մի բան անել՝ իր գործունեությամբ եւ հայտարարություններով վնաս հասցնելով կառույցի վարկանիշին եւ շահերին»:
ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները նշել են, որ ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել է Հռչակագրին՝ անընդունելի որակելով նման գործելաոճը:
ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները ափսոսանք են հայտնել, որ հայաստանյան լրատվամիջոցները, լինելով անհրաժեշտ չափով չտեղեկացված, սխալ գնահատականներ են հնչեցրել Հռչակագրի եւ հայկական պատվիրակության գործունեության վերաբերյալ:
Պատվիրակության անդամները նշել են, որ հետագա գործունեության հետ կապված մշակվում են որոշակի ծրագրեր եւ ռազմավարական քայլեր: