կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-11-29 22:29
Քաղաքական

Որոշումը իմպերատիվ ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման վրա. Շարմազանով

Որոշումը իմպերատիվ ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման վրա. Շարմազանով

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նախ նշեց, որ նիստում քննարկվել է օրեր առաջ Բրյուսելում ՀՀ-ԵՄ միջև կնքված համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը:

«Այս համաձայնագիրը բխում է ՀՀ շահերից: Մեկ անգամ չէ, որ ՀՀԿ ղեկավարն ասել է, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները չունեն այլընտրանք, և մենք իրականացնելու ենք քաղաքականություն, որի առանցքում բացառապես ՀՀ պետական շահն է: Սա այն դեպքն է, երբ կարողացանք կյանքի կոչել «և-և»-ի քաղաքականություն: Սա որևէ մեկին դեմ չէ, սա հանուն է: Հայաստանը ապացուցեց, որ հնարավոր է զարգացնել դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, խորացնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի և ԵՏԱՄ-ի հետ, և ունենալ փաստաթուղթ, որը բխում է Հայաստանի ժողովրդավարացման հեռանկարից:Այս փաստաթուղթը ապացուցում է, որ Հայաստանը կարող է լինել կամուրջ եվրոպակա և եվրասիական երկրների միջև»-ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն անդրադարձավ Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովին նիստին, որտեղ Հայաստանի պատվիրակությունը բոյկոտել է նիստը` կոչ անելով կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին: Նշենք, որ Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի սկզբում ներկա բոլոր պատվիրակությունների ղեկավարները Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել են եւ ինչ-որ հարց քննարկել, որին սակայն չեն հրավիրել միայն մեր պատվիրակության ղեկավարին: Սա հայկական պատվիրակությունը որակել է իբրեւ վիրավորանք եւ որպես բողոքի նշան՝ լքել Վեհաժողովի դահլիճը: Այնուհետեւ պարզվել է, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների մասով փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:

Շարմազանովի խոսքով` կառույցի ընդունած դեկլարացիան ոչ միայն չի բխում Հայաստանի շահերից, այլ նաև այն իրավական հիմքից, որը գոյություն ունի: Արցախի հարցը ունի իր ուրույն իրավական հիմքերը, այն չի կարելի համեմատել այլ կոնֆլիկտների հետ:Ընդունված որոշումը հակահայկական էր ու հակաիրավական, ըստ Շարմազանովի, և այն հակասում էր ԵՄ և ՄԽ պաշտոնական տեսակետներին:

«Իհարկե այդ որոշումը իմպերատիվ ազդեցություն չի կարող ունենալ ղարաբաղյան կոնֆիկտի կարգավորմանը,  բայց տհաճ է, քանի որ դա չի օժանդակում այդ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը»,- ասաց Շարմազանովը: