կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-01 11:50
Հասարակություն

Իրանում մեծ շուքով նշվել է ՀՅԴ-ի 127-ամյակը

Իրանում մեծ շուքով նշվել է ՀՅԴ-ի 127-ամյակը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Նշանաւորւեց 127-ամեայ, սակայն երիտասարդական աւիւնով առլեցուն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւս մէկ ամեակը: Ամեակներ, որոնք շաղկապւած են եղել ու կը լինեն հայ ժողովրդի վերիվայրումներով լի պատմութեամբ:

Հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումից ակունքաւորւած Դաշնակցութեան 127-ի հանդիսութիւնը նշանաւորւեց երէկ, նոյեմբերի 27-ին, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում: «Մշակ բանւոր» քայլերգով մեկնարկած միջոցառմանը կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Արտոյտ Զոհրաբեանը: Օրւայ խօսքը վերապահւած էր «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Սուրիկ Աբնուսեանին, ով ընդգծեց. «Դաշնակցութիւնը ծնւել է հայ ժողովրդի ծոցից ու հասակ նետել նրան ծառայելու ի խնդիր. ի խնդիր նրա արդար դատի լուծման ուղղութեամբ տարւող պայքարի»: «Դաշնակցութիւնը ամէն ինչ պիտի անի ունենալու համար աշխուժ կազմակերպւած ու կենսունակ Սփիւռք, իր կողքին ունենալով Հայրենի երկրի ու պետականութեան օժանդակութիւնը»,- աւելացրեց նա:

Նա խօսքն ուղղելով ժողովրդին, նշեց. «Սիրելի հայրենակիցներ, Դաշնակցութեանը դուք էք ծնել, սնուցել, փայփայել ու մեծացրել: Դաշնակցութիւնը դուք էք»: Միջոցառմանը հրաւիրւեց արտայայտւելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Թեմակալ առաջնորդը ընդգծեց. «ՀՅԴ-ի անցնող 127 տարիների պատմութիւնը ցոյց է տւել, որ այն լիցքաւորել է սերունդներ, կենսաւորել է նրանց գաղափարական այն աշխարհով, որ իր ժողովրդինն է եւ որ հայրենիքի ծոցից է ծնւել եւ դրա համար, Հայրենիքը այդ գաղափարախօսութեան առանցքն է»: Սրբազան Հայրն ընդգծեց, որ ՀՅԴ-ն փառաբանանքի կարիք չունի, որովհետեւ իր անցեալ գործը եղել է իր պատմութիւնը: Թեմակալ առաջնորդը անդրադառնալով ՀՅԴ-ի ազգանւէր ծառայութիւններին, ինչպէս 1918 թւականին Հայաստանի անկախ Հանրապետութեան կերտման գործում ունեցած անզուգական դերակատարութեանը, ընդգծեց. «2018-ին, երբ լրանում է ՀՀ անկախ Հանրապետութեան 100-ամեակը, ես կարծում եմ, որ որեւէ մէկ կազմակերպութիւնից, կամ քաղաքական կուսակցութիւնից աւելին, Դաշնակցութիւնը ինքն իրաւունք ունի փառաբանելու Հայաստանի Հանրապետութեան»:

Տօնակատարութեանը ներկայ էին՝ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Իրանում ՀՀ դեսպանութեան մշակութային կցորդ Սահակ Եղիազարեանը, «Ալիք» օրաթերթի արտօնատէր եւ գլխաւոր խմբագիր՝ Ալբերտ Աճեմեանն ու Դերենիկ Մելիքեանը, Իրանի Հայ կաթողիկէ համայնքի ներկայացուցիչները, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ:

Միջոցառումը յագեցած էր գեղարւեստական կատարումներով, երգերի կատարմամբ հանդէս եկան Նարինէ Սայեադեանը, Էդւին Սուլթանեանը, Ռենիա Աբնուսեանը, Ռոմիկ Ազիզեանը, երաժշտական կատարումները իրականացրին Սեւան Գասպարեանը, Սեւան Սարգսեանը, Գեղարդ Ազիզեանը, Արմէն Աւանէսեանը եւ Սեւադա Զոհրաբեանը: Պարային երկու կատարումներով հանդէս եկան «Զարթօնք» պարային համոյթի սաները, գեղարւեստական ղեկավար Լոռեթա Աւետիսեան, իսկ ասմունքային կատարմամբ հանդէս եկաւ Թաւրիզից՝ Նայիրի Դիլանեանը:

alikonline.ir