Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ընդամենը 1 ամիս հետո բարձրանալու են ավելի քան 800 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը: Դա հանգեցնելու է այդ ապրանքների թանկացմանը: Ընդ որում՝ դրանք հիմնականում լայն սպառման ապրանքատեսակներն են՝ շաքարավազ, միս, կարագ, ավտոմեքենա և այլն:
Մաքսատուրքերի բարձրացումն ու դրան հետևող թանկացումները պայմանավորված են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու քայլով: Այդ միությունը բարձրացնելու է ոչ անդամ երկրներից ներկրումների մաքսատուրքը, որպեսզի այդպիսով խրախուսի իր ներքին արտադրությունն ու դրա սպառումը: Իսկ, որն ավելի ճիշտ է, այդ քաղաքականությունը հիմնականում վարում է ԵՏՄ-ում դոմինանտ երկիր Ռուսաստանը, որն այդպիսով ցանկանում է խթանել իր արտադրության արտահանումը գոնե անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան: Իսկապես, վիճակագրությունն էլ է ապացուցում, որ անդամ երկրները միմյանց հետ առանձնապես առևտրաշրջանառություն կամ տնտեսական հարաբերություններ չունեն, նրանց բոլորի կապը հիմնականում ՌԴ-ի հետ է:
Եվ այդպիսով սխալված չենք լինի, եթե ասենք, որ ՌԴ-ն իր ապրանքը մեզ վաճառելու համար ստիպում է բարձրացնել Եվրամիության անդամ կամ այլ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքը, որպեսզի, օրինակ, Գերմանիայից, ԱՄՆ-ից կամ Ճապոնիայից ավտոմեքենաների ներկրումը թանկանա, ու ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները նորից անցնեն խորհրդային «ժիգուլի»-ներին, «Վոլգա»-ներին ու «Նիվա»-ներին: Բայց սա հարցի մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ կոնկրետ Հայաստանում այդ պայմանը սոցիալական մեծ լարվածություն է առաջացնելու: Օրինակ՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ԵՏՄ-ի մաքսային դրույքաչափերը 76 տոկոսով տարբերվում են Հայաստանում գործող դրույքաչափերից և հակասում են մեր շահերին: Նրա խոսքով՝ անդամակցելուց հետո, ճիշտ է, նվազել են 1700 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափեր, բայց 6300 ապրանքատեսակի դրույքաչափերն էլ ավելացել են: Ու առաջիկա տարիներին կավելանան մոտ 800 ապրանքատեսակի մաքսատուրքերը: Եվ սա այն դեպքում, երբ ԵՏՄ-ի հետ Հայաստանի արտաքին առևտուրը կազմում է ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մոտ 25 տոկոսը: «Իհարկե, ինչը հնարավոր է գտնել տեղական շուկայում, նկատի ունեմ նաև ԵՏՄ շուկայում, թեկուզ ոչ բարձր որակի, դա կարող է սպառողի վրա մեծ ազդեցություն չթողնել: Բայց որակյալ կարագ, շաքարավազ և այլ սննդամթերքի դեպքում արդեն թանկացումը զգալի կլինի: Եվ դա արդեն կա»,- մեզ հետ զրույցում ասում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Թանկացումներ կլինեն նաև Հայաստանի նոր հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, որը նորից հունվարի 1-ին է տեղի ունենալու: Այս դեպքում արդեն կբարձրանան շատ կարևոր ապրանքների՝ բենզինի և սեղմված գազի, ինչպես նաև ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: