Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գազի սակագնի իջեցման թեմային: Ըստ նրա` գների իջեցում նախատեսվում է հունվարից, և վեց ամիս գազի գնի իջեցման որոշումը չի կարող փոխվել: «ՀԾԿՀ-ում այդ հայտն արդեն առկա է, նրանք կուսումնասիրեն մինչև նոյեմբերի վերջը և ամբողջապես ծախսերի հաշվարկն իրականացնելուց հետո կներկայացնեն գազի գնի սակագնի իջեցման` «Գազպրոմ-Արմենիա»-ի կողմից ներկայացված հայտը»,- ասաց Այվազյանը:
Նրա խոսքով` «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից ներկայացված հայտի տարբերակով քննարկվում են սպառողական խմբերի տարանջատման մեխանիզմները` գազի գնի իջեցման համար, և սակագնի իջեցումը վերաբերում է բոլոր խմբերին, ինչը բխում է կառավարության ծրագրից:
«Հայտի նախնական տարբերակով` մինչև 600 խմ սպառողների համար, որոնք ընդգրկված են սոցիալական ապահովության ցանկերում, գազի գինը կդառնա մեկ խորանարդ մետրը 100 դրամ՝ ներկայումս գործող 146 դրամի փոխարեն»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ջերմոցային տնտեսությունների և վերամշակող ձեռնարկությունների համար ևս գազի սակագինը կարող է դառնալ 100 դրամ: Ըստ Այվազյանի՝ մյուս երկու խմբերի համար նույնպես տեղի են ունենում իջեցումներ:
«ՀԾԿՀ-ն տարանջատել է սպառողների 2 խումբ, ինչը կապվում է գազի ծախսի չափաքանակի հետ՝ մինչև 10 000 խորանարդ սպառողներ և 10 000 խորանարդից ավելի սպառողներ»,- նշեց նա, ապա հայտնեց, թե որ խմբի համար որքան կիջնի սակագինը. «Առաջինի դեպքում` 10 000 խորանարդ սպառողների համար, կիրառվում էր 156 դրամ, հետո դարձավ 146 դրամ: Երկրորդ խմբի համար դոլարային արժողությամբ էր գալիս` 278 դոլարն էր` ներառյալ ԱԱՀ-ն: Փոփոխությունների արդյունքում մինչև 10 000 խորանարդ սպառողների համար դառնալու է 139 դրամ և 253 դոլար 10 000 խորանարդից ավելի գազ սպառողների համար: Այսինքն` իջեցումը կազմում է մոտ 23 դոլար»:
Ըստ Այվազյանի` գազի սակագնի իջեցումը պայմանավորված է 3 գործոնով: «Առաջինը գազաֆիկացման ծախսերի հետ կապված խնդիրների լուծումն է: Մենք ունենք 95 տոկոս գազաֆիկացված երկիր, այսինքն` ներդրումների խնդիր, ցանցի ընդլայնման առումով, չկա: Երկրորդ՝ ֆինանսական հոսքերի կարգավորումը: Վրացական կողմի հետ բանակցություններ են գնում` գազի տեղափոխման համար վրացական կողմին տրամադրվում է գազի 10 տոկոս քանակություն: Երրորդ՝ ռուսական «Գազպրոմ»- ի ղեկավարի այցելության շրջանակներում ՀՀ ղեկավարների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ գազի քանակն ավելացվելու է, որը բերելու է լրացուցիչ շահույթի, և այդ շահույթն օգտագործվելու է սակագնի իջեցման համար»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ գազի գնի իջեցումը ինքնաբերաբար ազդելու է էլեկտրաէներգիայի, ինչպես նաև բենզինի գնի վրա, և փետրվարի 1-ին տեղի կունենա էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում: