Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի բացման արարողությանը:
Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ այն ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնություն է, որը կգործի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում:
«Սա չափազանց կարևոր ընտրություն է, քանի որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար՝ որպես առանցքային բարեփոխումների մի մաս: Նորարարական կենտրոնի հիմնական դերը կլինի ներգրավել աշխարհում առկա ինովացիոն տեխնոլոգիաները և փորձը ՝ բազմաշերտ խնդիրներին ասիմետրիկ լուծումներ տալու համար: Սա առաջին նմանատիպ կենտրոնն է, երբ պետությունը` ազգային մակարդակի վրա, ՄԱԿ-ի հետ համատեղ, ստեղծում է նորարարական մարմին, որպեսզի այս բաղադրիչով օժանդակի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանն իր երկրում: Ես տեղյակ եմ, որ ՄԱԿ-ի մեր գործընկերներն այս համատեղ փորձը կիսել են Նյու Յորքի իրենց գործընկերների հետ և պատրաստվում են այն առաջարկել նաև այլ երկրներում՝ որպես Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված պետության և ՄԱԿ-ի համագործակցության հաջող օրինակ»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ Կայուն զարգացման նպատակների իրականացումը կլինի 2030թ-ին միտված Հայաստանի զարգացման ռազմավարության մաս՝ համաձայն մեր երկրի առաջնայնությունների և ժամանակացույցի:
Վարչապետի խոսքով, ստեղծված է և արդեն իսկ ակտիվ գործում է ընդգրկուն աշխատանքային խումբ՝ Կայուն զարգացման նպատակները Հայաստանում նախապատրաստելու ու իրականացնելու համար: «Հաջորդ տարի հուլիսին ՄԱԿ-ում ներկայացնելու ենք Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացը: Հույս ունեմ, որ մեր փորձը և կատարած աշխատանքը լավ օրինակ կծառայեն, թե ինչպես են համագործակցում պետությունը և ՄԱԿ-ը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետն ընդգծել է այն փաստը, որ այս տարի նշվում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյակը: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում է այն աշխատանքը, որն իրականացվել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջոցով, և վստահություն հայտնել, որ կողմերը կշարունակեն զարգացնել այն ամուր հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը, որ այս 25 տարիների ընթացքում հաջողվել է կառուցել:
Նորարարական կենտրոնին մաղթելով հաջողություն ու արդյունավետ աշխատանք՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն իր գործունեությամբ նոր որակ կհաղորդի մեր երկրում առկա խնդիրների լուծմանը:
Կենտրոնը, կիրառելով աշխարհում գործող նորարարական մեթոդաբանությունները՝ կխթանի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների առավել արդյունավետ իրագործմանը Հայաստանում: Կենտրոնը ծառայելու է որպես փորձարարության, համագործակցության, վերլուծությունների իրականացման և բարձրակարգ մասնագետների ներգրավման հարթակ՝ բացահայտելու Հայաստանի զարգացման ներուժը և արագացնելու «Օրակարգ 2030»-ի իրականացման գործընթացը: Կենտրոնն արդեն իսկ համագործակցում է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Stanford Change Labs-ը, UN Global Pulse-ն, The Behavioral Insights Team-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և այլն