ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Հռոմում մասնակցել է «Հայաստան. համագործակցության հնարավորությունները ճանապարհաշինության ոլորտում» խորագրով համաժողովին։ Այն կազմակերպվել է «ANAS INTERNATIONAL ENTERPRISE» միջազգային ձեռնարկության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համատեղ ջանքերով։
Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Բենեդետտո Դելլա Վեդովան, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, «ANAS INTERNATIONAL ENTERPRISE» SPA-ի նախագահ Ստեֆանո Գրանատին, նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը։
Նախարարն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին, առավել մանրամասն ներկայացրել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» առանձնահատկությունները, դրա նշանակությունն ու կարևորությունը, ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները։ Նա ընդգծել է, որ մեր երկրի հյուսիսը հարավին կապող այս ճանապարհը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ այն ավտոմոբիլային միջանցք կդառնա Իրանից մինչև Սև ծով տարանցիկ երթևեկության համար։
Համաժողովի ընթացքում, որին մասնակցել են Իտալիայում ճանապարհաշինական ոլորտում հայտնի կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, մի շարք այլ հարցերի թվում քննարկվել են նաև «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցապատման աշխատանքներում իտալական ճանապարհաշինական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները: