կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-20 14:09
Քաղաքական

1918 թ.` հանուն ազգային նպատակների իրականացման, 2018 թ.՝ ընդդեմ ազգային նպատակների

1918 թ.` հանուն ազգային նպատակների իրականացման, 2018 թ.՝ ընդդեմ ազգային նպատակների

 

Մարտի 19-ը հայոց նորագույն պետականության հիմնադիր, հայ ժողովրդի սիրելի զավակ Արամ Մանուկյանի ծննդյան օրն է (ծննդյան անվամբ` Սարգիս Հարությունի Հովհաննիսյան – 1879-1919 թթ.)(1):

Օգտվելով առիթից` կներկայացնենք Արամ Մանուկյանի բովանդակալից, հայրենաշեն և արգասաբեր գործունեության մի փոքրիկ, բայց մեր օրերի համար խիստ արդիական ժամանակահատված՝ արձանագրելու, որ կազմակերպված, նպատակամղված ու սրտացավ աշխատանքի դեպքում մեր օրերում էլ հնարավոր էր կանխել հայ ժողովրդին պատուհասած ողբերգությունը։

1918 թ. փետրվար-մարտ ամիսներին թուրքական 30000-անոց բանակը, հաղթահարելով նոր կազմավորվող հայկական փոքրաթիվ զորամասերի համառ դիմադրությունը, ավարտին էր հասցնում Արևմտյան Հայաստանի նվաճումը՝ անթաքույց նպատակ ունենալով ներխուժելու նաև Արևելյան Հայաստան։ Ակնհայտ էր, որ հայության գլխին կախվում էր վերջնական ոչնչացման վտանգը: Թուրքիան կարծես մոտ էր իր վաղեմի պետական ծրագրի իրականացմանը:

Պատմական այդ ծանր օրերին հայ ժողովուրդն իր փրկությունը տեսավ իշխանության կենտրոնացման մեջ և 1918 թ. մարտի 24-ին զորքի ու Երևանի Հայոց ազգային խորհրդի հետ Արամ Մանուկյանին(2) ընտրեց Երևանի նահանգի «դիկտատոր»՝ նրան օժտելով անսահմանափակ իշխանությամբ։ Արձանագրենք մեր օրերի համար անհավանական թվացող մի իրողություն. «դիկտատոր» ընտրված Արամ Մանուկյանը կենցաղավարության մեջ մնաց զուսպ և ոչնչով չտարբերվեց ժողովրդից, չդարձավ բռնապետ, գործիչների ու հասարակության հետ հարաբերություններում դրսևորեց հարգալից կեցվածք և ստացած անսահմանափակ իշխանությունն ամբողջությամբ ծառայեցրեց հօգուտ ազգային խնդիրների լուծման։ Նա ամեն ինչ արեց հասարակության համախմբման, պետականության բաղադրիչների ձևավորման և թշնամուն կազմակերպված հակահարված հասցնելու համար:

Այդ առումով հատկանշական է Արամի` 1918 թ. մարտի 28-ին ժողովրդին ուղղած կոչը, որը, ըստ էության, նրա գլխավորությամբ Երևանի իշխանության մարմինների ձեռնարկելիք քայլերի ծրագիր էր. «Պատերազմական գործողութիւնների դժբախտ ընթացքը ցնցեց ամբողջ հայութիւնը, նամանաւանդ՝ հայութեան սիրտը կազմող Երևանը:

Ստեղծւած կացութեան տպաւորութիւնների տակ Երևանի հայ ժողովուրդը, զինւորականութիւնը, հրամանատարութիւնն ու սպայութիւնը հարկ համարեց[ին] արտակարգ լիազօրութիւններ տալ ինձ` ճակատն ուժեղացնելու, ներքին անիշխանութիւնները սանձելու և առհասարակ մեր ներքին ու արտաքին կռիւներին վճռական ու կտրուկ միջոցներով արագ ընթացք տալու:

Ստանձնելով այդ պատասխանատու պարտականութիւնը ճգնաժամային այս ծանր օրերին` ես հրապարակով յայտարարում եմ բարձրաձայն, որ գոյութիւն ունեցող բոլոր մարմինները – Ազգային խորհուրդ, ճակատի բարձրագոյն հրամանատարութիւն, պետական հիմնարկութիւններ- կան ու մնալու են իրենց դերի ու դիրքի մէջ:

Իմ անելիքը պէտք է լինի մի կողմից արագացնել աշխատանքը և միւս կողմից ամեն մի մարմնի և գործող ոյժերի դնել իր վայելող դերի մէջ և հաստատել զինւորական օրինակելի կարգապահութիւն:

Այդ մտահոգութեամբ ստանձնելով իմ նոր պաշտօնը՝ հրահանգում եմ հետևեալը.

1. Բոլոր գոյութիւն ունեցող մարմինները – զինւորական թէ քաղաքացիական- պէտք է շարունակեն իրենց նախկին աշխատանքները աւելի եռանդով և մեծ զոհողութիւններով:
2. Թիկունքում գործող մարմինների մէջ գտնւող զինւորական ոյժերի` ճակատ մեկնելը պէտք է կատարւի որոշ կարգով և որոշ ժամանակամիջոցում, որպէսզի մի նոր գործ շինելու ժամանակ միւսը` հինը, չքանդւի:
3. Հայ ժողովրդի բոլոր սրտացաւ ու գիտակից տարրերին հրահանգում եմ ընդառաջ գնալ թիկունքի և նամանաւանդ ճակատի կարևոր աշխատանքներին, որպէսզի այդ աշխատանքները կատարւեն արագ ու կանոնաւոր:
4. Մի անգամ վստահելով ինձ և գործի ղեկավար ոյժերին՝ հասարակութիւնը և անհատները պէտք է խորին հաւատ ընծայեն մեզ, որպէսզի մենք մեր դժւարին աշխատանքները ազատ կատարենք:
5. Պէտք է վերջ տալ աննպատակ քննադատութիւններին, որոշ մարդկանց շուրջը կատարւող ասէ-կօսէներին:
6. Հասարակութեան իւրաքանչիւր անհատ անկեղծօրէն պէտք է լայն օժանդակութիւն ցոյց տայ դասալիքներին ձերբակալելու և պատժելու գործին:
7. Կտրականապէս հրահանգում եմ խուսափել ազգամիջեան անմիտ ընդհարումներից: Իւրաքանչիւր մարդ ամեն կերպ պէտք է նպաստի թուրք հարևանական յարաբերութիւնները անխախտ պահելուն:
8. Չմիջամտել ո՛չ զինւորական և ո՛չ էլ կառավարական գործերին:
9. Ինձ և իմ գործակիցներին չզբաղեցնել մանր-մունր խնդիրներով:
10. Ուժեղացնել քաղաքի թաղային պահպանութիւնը:
11. Վերջ տալ զանազան ֆանտաստիկ ծրագրերին:
12. Հսկել հասարակական ընդհանուր կարգապահութեան ու ապահովութեան վրայ, չհաւատալ զանազան սուտ ու սխալ լուրերի, որոնք առասպելական գունաւորումներով տարածւում են հասարակական լայն խաւերում ու լքում առաջ բերում:

Վստահեցէք Ազգային խորհրդի հաղորդած լուրերին, որոնք ստացւում են ճիշտ աղբիւրից։

Հայրենակիցներ!

Հասարակական շարժման յաջողութիւնը գերազանցապէս կախւած է զոհաբերութիւնից և կարգապահութիւնից: Զոհեցէք ձեր անհատականը, ձեր ոյժերի և ստացւածքի մաքսիմումը, քանի դեռ հնարաւորութիւն կայ փրկելու ընդհանուրը, այլապէս դուք և ձեր կարողութիւնը, ձեր կայքերն ու դրամը, ձեր կանայք ու երեխաները կտրորւեն ներս խուժող թշնամու ձիերի սմբակների տակ (ընդգծումը մերն է – Ա.Ա.):

Զոհաբերութիւն և կարգապահութիւն,- սրանք կարդինալ հարցեր են, որոնցից կախւած է մեր ժողովրդի փրկութիւնը: Խորին հաւատ, անվերապահ վստահութիւն և ղեկավարների կարգադրութիւնները կատարելու պատրաստակամութիւն՝ ահա թէ ինչ պէտք է լինի հայ ժողովրդին ղեկավարող սկզբունքը: Այլապէս մեզանում էլ տեղի կունենայ այն, ինչ որ տեղի ունեցաւ ու հիմնովին քայքայեց մեծ Ռուսաստանը:

Հայ զինւորներ, նամանաւանդ հայ սպաներ, վերջին խօսքս ձեզ եմ ուղղում. տոգորւեցէք վայրկեանի գերագոյն ոգով: Հայրենիքի փրկութիւնը ձեր ձեռքին է: Դուք, սպաներ ու զինւորներ, կա՛մ պէտք է մեր սիրուն հայրենիքի փրկիչները լինէք, կա՛մ նրա գերեզմանափորները (ընդգծումը մերն է – Ա․ Ա․): Գործի դիմենք, վերջ տանք սին խօսքին ու ժողովներին: Թշնամին՝ հրէշային ախորժակներով, առաջանում է. հուժկու գրոհով պէտք է քշենք նրան հայրենի սահմաններից:

Դէպի շինարար գործ.- խօսքը, քննադատութիւնը, գնահատումները թողէք ապագայ ազատ ու խաղաղ օրերին, իսկ այժմ` միմիայն գործ:
Հայ ժողովուրդը վճռել է ապրել, ապացոյց, որ նա այժմ հերոսական ճիգեր է գործ դնում ֆրօնտն ուժեղացնելու, թշնամու ընթացքը դանդաղեցնելու համար:
Ներքին սև ոյժերին նա պատասխանատւութեան է կանչում և անարգանքի սիւնին գամում։

Քաղաքացիներ!

Գօտևորւած ձեր վստահութեամբ և օժանդակութեամբ` գործի եմ անցնում:

Անխնայ պատժի ու պատասխանատւութեան պիտի ենթարկւեն բոլոր դասալիքները, բոլոր պրօվօկատորները, ժողովրդի բոլոր թշնամիները:

Ցոյց տանք աշխարհին, որ Հայը ազատ, անկախ ապրելու իրաւունք ունի:

Այժմ կամ երբէք»(3):

Արամի այս կոչը մեջբերեցինք ամբողջությամբ, որպեսզի ընթերցողին հնարավորություն տանք նաև ինքնուրույն եզրակացնելու, թե ինչպես հայոց պատմության բարդագույն ժամանակաշրջաններից մեկում՝ 1918 թ. մարտին, հնարավոր դարձավ պետականության ավանդույթները գրեթե մոռացած, պետականության բաղադրիչներից ու կանոնավոր բանակից զուրկ, դարեր շարունակ օտարների տիրապետության տակ ապրած, հոգեկերտվածքի առանձնահատկություններ, բազում հարցերի վերաբերյալ տարբեր հայացքներ, նիստուկաց ունեցող հայության երկու՝ արևելյան և արևմտյան հատվածներին, հասարակական շերտերին, քաղաքական հոսանքներին ու զինվորականությանը համախմբել և կազմակերպված պայքարի առաջնորդել հանուն համազգային խնդիրների լուծման:

Ընդգծենք, որ Արամը լրիվ հարազատ մնաց իր խոսքին. նրա հետագա բոլոր քայլերը միտված էին այդ կոչի դրույթների գործնականացմանը: Նրա շրջահայացության, ազգային-պետական մտածելակերպի, ազնվության և արդարամտության շնորհիվ ընդհանուր գործի շուրջ համախմբվեցին բոլորը՝ անկախ իրենց սոցիալական դիրքից ու քաղաքական հայացքներից: Իսկ համազգային խնդիրներից շեղվողների, հասարակական կարգն ու անդորրը խախտողների, հատկապես անիշխանական տարրերի, դավաճանների դեմ ծավալվեց անզիջում ու հետևողական պայքար։

Հեռատես, ռազմավարական մտածողություն ունեցող Արամը քաջ գիտակցում էր, որ առաջիկա ճակատագրական ամիսներին վճռական դերը պատկանելու է հայոց նոր-նոր կազմավորվող բանակին, այդ իսկ պատճառով հատուկ կերպով արժևորում էր նրա դերը, շեշտում նրանից ունեցած մեծ ակնկալիքները: Անշուշտ, Արամին քաջ հայտնի էր, որ հայոց բազմահազարամյա պատմության ընթացքում մեր բանակը մշտապես պատվով է կատարել հայրենիքի պաշտպանության գործը, տարել է բազում փայլուն հաղթանակներ, նույնիսկ այն դեպքերում, երբ թշնամին ունեցել է ուժերի բազմակի առավելություն:

Անշուշտ, նա գիտեր նաև, որ հայոց բանակի երբեմն կրած պարտությունները հետևանք են եղել քաղաքական իշխանության թուլության, սխալների, ոչ շրջահայաց քայլերի և, իհարկե, ազգային միասնության խախտման: Դա է պատճառը, որ, բանակի կազմակերպման գործն ընդհանուր առմամբ վստահելով արհեստավարժ, նվիրված ու հեղինակավոր զինվորականներին, որպիսիք էին գեներալ Մ. Սիլիկյանը, Դրոն և ուրիշներ, Արամն անվերապահ աջակցություն էր ցուցաբերում նրանց։

Դեռևս 1918 թ. մարտի 21-ին ստորագրած հրամանով Արամը թաղային մարմիններին հրահանգել էր ցուցակագրել 18-ից բարձր բոլոր տղամարդկանց ու իրենց տներում գիշերող զինվորներին և մինչև մարտի 27-ը ցուցակները ներկայացնել իրեն: Երևանի Հայոց ազգային խորհրդի կողմից ստեղծվեցին արտակարգ հանձնաժողովներ՝ զորահավաքն արագացնելու նպատակով: 1918 թ. մարտի 31-ի հրամանով Ազգային խորհուրդը Նոր Բայազետի շրջանի հայ գյուղացիությանը, որի մի մասը երբեմն փորձում էր խուսափել զորակոչից, տեղեկացնում էր այդ շրջան հատուկ պատվիրակություն ուղարկելու մասին, որի խնդիրն էր լինելու տեղական Ազգային խորհրդի և իր լիազորների հետ իրականացնել 19-32 տարեկան տղամարդկանց զորահավաք: Սահմանվում էր, որ զորահավաք իրականացնող մարմնին չենթարկվողները խստորեն կպատժվեն(4):

Ձեռնարկվում էին արտակարգ միջոցառումներ հայկական զորամասերի զինական, տրանսպորտային ու պարենային կարիքները հոգալու ուղղությամբ: Երևանի Ազգային խորհուրդն այդ նպատակով որոշեց հավաքել նահանգի բոլոր ձիերը: Այդ կապակցությամբ Արամը հրահանգեց անվերապահորեն ենթարկվել հավաքող հանձնաժողովի նախագահին` զգուշացնելով, որ խուսափողները կհանձնվեն զինվորական դատարանին: Զորքի ռազմամթերքի պահանջը բավարարելու համար իշխանություններն օգտագործում էին բոլոր հնարավոր տարբերակները: Դեռևս Սարիղամիշի անկումից առաջ Արամի հանձնարարությամբ այնտեղից որոշ քանակությամբ ռազմամթերք էր տեղափոխվել Երևան: Ազգային խորհուրդը պատրաստվում էր վարձատրության խոստումով հայ բնակչությունից հավաքելու մոսին հրացանի փամփուշտների դատարկ պարկուճներն ու պահունակները:

Մշտապես իշխանությունների ուշադրության կենտրոնում էր նաև թիկունքի կայունության ապահովումը: Դասալքության և անիշխանական այլ երևույթների դեմ տարվող անզիջում պայքարը երբեմն հարուցում էր ապազգային տարրերի դժգոհությունն ու դիմադրությունը: Արամը, Դրոն և մյուս հայրենանվեր գործիչները վճռականորեն զսպում էին նրանց` միանշանակորեն հասկացնելով, որ նրանց ապազգային գործողությունները չեն հանդուրժվելու:

Ապրիլի 16-ին Արամը հրապարակեց Ազգային խորհրդի որոշումներն այն մասին, որ՝

1) կեղծ լուրեր տարածողները պատժվելու են,
2) քաղաքում սահմանվում է շուրջօրյա պահակություն, որպեսզի տականքները խուճապ չառաջացնեն,
3) նախատեսվում է 32-50 տարեկան տղամարդկանց զորահավաք, լինեն նրանք արևելահայ, արևմտահայ թե պարսկահայ:

Նախատեսվում էր նաև կանանց մոբիլիզացիա: Զորակոչվածների և նրանց ընտանիքների հոգսը թեթևացնելու նպատակով Ազգային խորհուրդն աղքատ զինվորներին կերակրելու համար որոշեց բացել էժան ճաշարան:

Կատարված հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ գրեթե լրիվ շրջափակված, թաթարական զինված ավազակախմբերով լցված, տնտեսապես քայքայված, ֆինանսական ծանրագույն վիճակում գտնվող երկրամասում ստեղծել պետական իշխանության կառույցներ, 10-12 հազարանոց կանոնավոր բանակ, հաստատել հասարակական կայունություն, ճնշել թաթարական հակապետական ավազակախմբերին և կարգի հրավիրել հայ անիշխանական տարրերին, ապաշրջափակել թաթարների կողմից շրջափակված հաղորդակցության ճանապարհները, մեղմել պարենային ճգնաժամը: Ինչպես նկատել է Իրազեկը (Հակոբ Տեր-Հակոբյան), «շնորհիւ իր բարձր հեղինակութեան՝ Արամի առաջնորդութեամբ հայ ժողովուրդը մի մարդու նման ոտքի ելաւ ու ծառացաւ հզօր թշնամու դէմ` իր ինքնապաշտպանութեան անհաւասար կռիւը հերոսաբար կերտելու համար»(5):

Կարճ ժամանակ անց՝ 1918 թ. մայիսին, հայ ժողովուրդը տարավ պատմական հաղթանակներ իրենց նվաճումներից չհագեցող և ուժերի բազմակի առավելություն ունեցող թուրքական զորքերի նկատմամբ՝ հիմք դնելով Հայաստանի առաջին հանրապետությանը(6): Թե՛ այդ շրջանում և թե՛ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումից հետո Արամը ջանք ու եռանդ չխնայեց մեր երկիրը պաշտպանելու և հնարավորինս ընդարձակ սահմաններ ունենալու համար:

Իսկ ի՞նչ է կատարվում այդ դեպքերից 100 տարի անց՝ մեր օրերում: 2018 թ. 30-ամյա անկախ Հայաստանի երրորդ հանրապետությունն ուներ պետական իշխանության կենտրոնական ու տեղական բազմաճյուղ համակարգ, անվտանգության համակարգ, անհամեմատ կայուն հասարակություն և հզոր բանակ, ֆինանսատնտեսական անհամեմատ բարվոք վիճակում էր և գրեթե զուտ հայատարր երկիր էր: Թվում է, թե կային բավարար հիմքեր ազգային հեռահար ծրագրերը քայլ առ քայլ իրականացնելու, այդ թվում` և Արցախի հարցը հօգուտ հայոց լուծելու համար։ Սակայն կատարվեց անսպասելին, անըմբռնելին. ՀՀ-ն մատնվեց խոշոր անհաջողության։ 2018 թ. մայիսին, օգտվելով նախորդ իշխանություններից ժողովրդական լայն զանգվածների դժգոհությունից (իհարկե, դժգոհելու շատ բան կար), հանրապետությունում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակիցները գործնական քայլեր չկատարեցին պետությունն ուժեղացնելու, երկրում ժողովրդավարություն հաստատելու, արդարությունը վերականգնելու և հասարակական միասնությունն ամրապնդելու համար, ինչպիսի քարոզչությամբ ու խոստումներով եկել էին իշխանության:

Ոչինչ չարվեց նաև տնտեսությունը, մասնավորապես ռազմարդյունաբերությունը զարգացնելու, երկրի ֆինանսները նպատակային օգտագործելու, երկրի գիտատեխնիկական ներուժը խթանելու, կրթության որակը և ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու՝ բանակը ժամանակակից զինատեսակներով սպառազինելու, հայոց բանակի կառավարման համակարգը կատարելագործելու համար։

Ընդհակառակը, այժմ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, վերջին տարիներին զինված ուժերի համակարգում կատարվել են կառուցվածքային և մարտական ուժի քանակական-որակական կրճատումներ, չեղարկվել մեծաքանակ ԱԹՍ-ների, ինչպես նաև դրանց դեմ պայքարի համար նախատեսված ռուսական գերժամանակակից ՀՕՊ համակարգերի գնման ծրագրերը, իսկ եղածն էլ բավարար չափով կամ արդյունավետորեն չօգտագործվեց 2020 թ. աշնան պատերազմում։

Անտեսելով սպասվող արհավիրքները, պատերազմի ծավալման ամենօրյա վտանգը, ժողովրդի սոցիալական ծանր դրությունը՝ ՀՀ վարչապետի աթոռին բազմած Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ բազմաթիվ տեսաբանների, առնվազն անգլո-թուրքական գործակալ է, մեծ թափով ձեռնամուխ եղավ ՀՀ պետական ինստիտուտների կազմալուծմանն ու վարկաբեկմանը, հայկական բանակի քայքայմանն ու թուլացմանը, հայ հասարակության մեջ անհանդուրժողականության ու թշնամանքի արմատավորմանն ու խորացմանը, ազգային արժեքների ու խորհրդանիշների նսեմացմանն ու ոտնահարմանը: Բանը հասավ նույնիսկ նրան, որ ՀՀ Ազգային հերոսի կոչում սկսեցին շնորհել մարտի դաշտում անհաջողության մատնված գործիչներին: Հանիրավի, ոչնչով չարդարացված հարձակումներ եղան ազգային ավանդույթների, հայ ընտանիքի, Հայ առաքելական սուրբ եկեղեցու, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, մայր բուհի, հայոց պատմության, հայոց լեզվի և հայ գրականության, դպրոցական ու բուհական առարկայական ծրագրերի դեմ:

«Ազգ», «ազգային» բառերն իշխանության ներկայացուցիչների համար դարձան անցանկալի։ Անհարգալից ու արհամարհական վերաբերմունք ցուցաբերվեց ազգային-ազատագրական շարժման, Առաջին հանրապետության գործիչների նկատմամբ։ Բանը հասել է նրան, որ Գարեգին Նժդեհին անվանում են ֆաշիստ` անշուշտ մոռացության մատնելով նրա մեծագույն ներդրումը Սյունիքը ադրբեջանա-թուրքական զավթումից փրկելու և որպես Հայաստանի բաղկացուցիչ մաս պահելու գործում։ Առանձնապես անհարգալից, թշնամական վերաբերմունք էր դրսևորվում Արցախյան առաջին, ինչպես նաև 2016 թ. Ապրիլյան պատերազմների հերոսների, առհասարակ բոլոր մասնակիցների նկատմամբ, անտեսվում էր դրանց դրական նշանակությունը հայ ժողովրդի համար: Փոխարենը խաղաղ համակեցություն, հանդուրժողականություն և եղբայրություն էին քարոզվում դարեր ի վեր հայերին սպանած, թալանած, անարգած, հայոց մշակութային ժառանգությունը ոչնչացրած, Հայոց ցեղասպանությունն իրագործած և ներկայումս հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքը խոսքով ու գործով շարունակող, Հայաստանի նկատմամբ զավթողական նկրտումներ ունեցող թուրքերի և նույն ձեռագիրը որդեգրած ադրբեջանցիների նկատմամբ։ Հայ հասարակության մեջ Նիկոլի Փաշինյանի վարչախումբն ու նրանց ծառաները, այդ թվում և որոշ մտավորականներ, տարածում էին «բարի թուրքի» շինծու գաղափարը՝ թերևս հիմնական նպատակ ունենալով ադրբեջանա-թուրքական մահասփյուռ վտանգի դեմ հայ ժողովրդի հավաքական զգոնության ու պայքարի անհրաժեշտության գաղափարի թուլացումը։ Սա այն դեպքում, երբ այդ երկրներում տարբեր մակարդակներով՝ դպրոցից մինչև նախագահական ինստիտուտ, տասնամյակներ շարունակ խոսում էին Հայաստանը կործանելու, հայությանը ոչնչացնելու մասին: Այնպես որ պատերազմումհայոց բանակի ավելի քան 5000 զոհերի և 10000-ից ավելի վիրավորների, հաշմանդամների, գերիների և անհետ կորածների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի ու նրա վարչախմբի հետ նաև նրանց հայ ծառաներն են:

Նիկոլը և նրա վարչախումբը, ըստ էության, ամեն ինչ արեցին, որ հայկական բանակը 2020 թ. աշնան պատերազմում ծանր պարտություն կրի թշնամուց(7)։ Կարծում ենք` այդ առումով բավական է տասնյակ փաստերից նշել միայն մեկը, այն, որ չթույլատրվեց թշնամու դեմ կիրառել մեր զինանոցում առկա կործանիչ ուժ ունեցող «Իսկանդերը», որը կարող էր պատերազմի ընթացքն արմատապես շրջել հօգուտ ՀՀ-ի։ Նիկոլը չկասեցրեց 2020 թ․ աշնան պատերազմը հոկտեմբերի 19-20-ին` այն ժամանակ, երբ հնարավոր էր դրանից դուրս գալ անհամեմատ քիչ զոհերով ու տարածքային կորուստներով, երբ Արցախի Հանրապետության կազմում կարող էին մնալ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի բոլոր տարածքները, այդ թվում` և Շուշին։ Փոխարենը նոյեմբերի 9-ի գիշերը նա ստորագրեց ՀՀ-ի համար նսեմացուցիչ կապիտուլյացիոն համաձայնություն՝ փաստորեն Ադրբեջանին նվիրաբերելով Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության համար ռազմաստրատեգիական բացառիկ նշանակություն ունեցող Արցախի Հանրապետության մեծագույն մասը (մոտ 9.5 հազ. քառ. կմ), տնավեր ու փախստական դարձնելով մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների(8)։

Իրեն ժողովրդավար հռչակած, իսկ իրականում ամբոխավար «վարչապետ» Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց թշնամուն՝ անտեսելով այն որևէ մեկին չզիջելու, Արցախի խնդիրը լուծելիս ժողովրդի կարծիքը հաշվի առնելու վերաբերյալ նույն ժողովրդին իր իսկ տված խոստումները, խախտելով խորհրդարանական կառավարման սկզբունքներն ու ՀՀ Սահմանադրությունը։ Եվ սա վերջը չէ. այժմ էլ թիրախավորվել է հայոց բանակը, որը ՀՀ-ի և բզկտված Արցախի հայության անվտանգության միակ երաշխավորն է։

Այսպիսով՝ ստիպված ենք արձանագրել երկու իրողություն. մեկը` դրվատելի, ցնծալի և օրինակելի, մյուսը՝ քստմնելի, դատապարտելի և խստորեն պատժելի: Առաջին՝ 1918 թ. մարտին անսահմանափակ իշխանությամբ օժտված, իր ժողովրդին սիրող ու գնահատող «դիկտատոր», բայց իրականում ժողովրդավար Արամ Մանուկյանը մարդկային և նյութական սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկիրը տարավ դեպի հաղթանակ ու վերածնունդ՝ հիմնադրելով Հայաստանի առաջին հանրապետությունը, երկրորդ՝ 2018 թ. անսահմանափակ իշխանություն ստացած «ժողովրդավար», իսկ իրականում ամբոխավար, իր ժողովրդին ու նրա արժեքները ատող, Արցախը մերժող, պատեհապաշտ, հայ ժողովրդի զգացմունքների հետ նենգորեն խաղացած, ամենայն հավանականությամբ օտարերկրյա գործակալ Նիկոլ Փաշինյանը 30-ամյա անկախ, նյութական և մարդկային լուրջ ռեսուրսներ, բավական մարտունակ, հաղթական, ժամանակակից լուրջ զինատեսակներով զինված բանակ ունեցող Հայաստանի երրորդ հանրապետությունը ծրագրված ձևով հասցրեց ծանրագույն, խայտառակ պարտության:

Որքան էլ խոցված, ՀՀ-ն և հայ ժողովուրդն ի զորու են հաղթահարելու ճգնաժամը, վերջ տալու անհաջողություններին և բռնելու վերածննդի ուղին։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է վերադառնալ ազգային արմատներին, որդեգրել ընդամենը մեկ դար առաջ ծանրագույն պայմաններում գտնվող հայ ժողովրդի համար անհավանական թվացող հաղթանակներ ապահոված արամմանուկյանական գործելակերպը։

——————————————————————————————————————————————
Հղումներ

1. Արամ Մանուկյանը ծնվել է Արցախի Շուշի քաղաքում: Տե՛ս Ա․ Ասրյանի անձնական արխիվ, Սեդա Մանուկյանի 2000 թ․ հունվարի 24-ի նամակը Ա․ Ասրյանին։
2. Արամ Մանուկյանին հայ իրականության ղեկավար մարմինները 1917 թ. դեկտեմբերին գործուղել էին Երևան՝ երկրամասի իշխանության մարմիններ և կանոնավոր զորք ստեղծելու, սպասվող թուրքական վտանգը դիմագրավելու համար (տե՛ս Ասրյան Ա., Արամ Մանուկյան. կյանքը և գործը (ազատագրական շարժման և անկախ պետականության վերականգնման ուղիներում), Եր., 2009):
3. Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ), ֆ. 289, ց. 1, գ. 9, թ. 1:
4. Տե՛ս ՀԱԱ, ֆ. 289, ց. 1, գ. 8, թ. 2:
5. Իրազեկ Յ., Մօտիկ անցեալից (Պատմական դէպքեր եւ ապրումներ. 1917-1922), Պէյրութ, 1956, էջ 27:
6. Տե՛ս Ավետիսյան Հ․, Հայոց ազգային միասնության հաղթանակը․ 1918 թվականի մայիս, Եր., 1998, Աֆանասյան Ս․, Սարդարապատի հաղթանակը (Հայաստան․ Մայիս 1918), Եր., 1991, Հովհաննիսյան Ռ․, Հայաստանի Հանրապետություն, Հատոր I․ Առաջին տարին․ 1918-1919, Եր., 2005:
7. Տե՛ս http://yerkir.am/news/view/221511.html
8. Տե՛ս http://yerkir.am/news/view/221602.html:

Արմեն Ասրյան
Պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

«Դրօշակ», թիվ 3 (1649), մարտ, 2021 թ.