Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի համանախագահությամբ Երևանում տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի համատեղ համակարգող հանձնաժողովի 9-րդ նիստը։
Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարարության, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կառավարման պետական կոմիտեի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, «Հայատոմ» ՓԲԸ-ի, Ռուսաստանի Դաշնության ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի, «Ռոսէներգոատոմ» կոնցերնի, ինչպես նաև «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագիրը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար և դրա հաջող իրականացումը բխում է երկու կողմի շահերից։ Արդյունավետ աշխատանք մաղթելով նիստի մասնակիցներին՝ նախարարը հույս է հայտնել, որ քննարկումները կլինեն կառուցողական և միտված կլինեն արդեն իսկ ձեռք բերված ու նախատեսվող պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ու առկա խնդիրների հնարավորինս արագ լուծմանը։
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը իր հերթին կարևորել է նիստի աշխատանքները և կողմերի միջև մտքերի փոխանակումը ատոմակայանի ճակատագրի շուրջ՝ ընդգծելով, որ դրա հետագա շահագործմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը միջազգային հետաքրքրություն է ներկայացնում։
Նիստին ներկայացվել է երկարաձգման ծրագրով պլանավորված աշխատանքների իրականացման ընթացքը և նախատեսված աշխատանքների կատարման ժամանակացույցը, քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման պայմանները՝ պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից հետո, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցը:
Ներկայացվել է նաև «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գործունեությունը հումանիտար ոլորտում, անդրադարձ է եղել ատոմային էներգետիկայի բնագավառում կադրերի պատրաստման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի: