կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-10 12:20
Հասարակություն

Մենք շատ ընդհանուր բան ունենք. տեղի է ունեցել Մոլդովայի նախագահի հրաժեշտի արարողությունը

Մենք շատ ընդհանուր բան ունենք. տեղի է ունեցել Մոլդովայի նախագահի հրաժեշտի արարողությունը

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-մոլդովական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:

«Հարգելի՛ Իգոր Նիկոլայի,

Ցանկանում եմ ևս մեկ անգամ համոզմունք հայտնել, որ Ձեր այցը Հայաստան կհարստացնի մեր հարաբերությունների և համագործակցության օրակարգը քաղաքական, տնտեսական, հումանիտար բնագավառներում, որովհետև իրականում մենք դրա կարիքն ունենք, և այն բխում է մեր ժողովուրդների շահերից: Երեկ Դուք եղել եք Ազգային ժողովում, այսօր կհանդիպեք Հայաստանի վարչապետի հետ, այսինքն՝ հնարավորություն կա բոլոր հարցերի շուրջ բանակցություններ վարելու:

Իհարկե, մենք շատ ընդհանուր բան ունենք և՛ երկկողմ հարաբերություններում, և՛ մեր ժողովուրդների ձգտումներում, ինչպես նաև մեր անձնական ձգտումներում, և համագործակցության միջոցով կհասնենք հաջողությունների: Կարծում եմ՝ մենք միայն այդպես պետք է առաջ շարժվենք: Եվս մեկ անգամ շնորհակալություն այցի համար: Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարել, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ խնդիրների շուրջ ենք խոսել»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Մոլդովայի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի և, իր բնորոշմամբ, հրաշալի ընդունելության համար՝ ընդգծելով, որ համոզված կարող է ասել՝ այցն արդյունավետ էր, ինչպես և սպասվում էր:

«Մենք երեկ, ըստ էության, անդրադարձանք մեր երկկողմ համագործակցության բոլոր հարցերին: Պայմանավորվեցինք, որ առաջիկայում կանցկացնենք միջկառավարական հանձնաժողովի նիստ: Հուսով եմ, որ դա տեղի կունենա հաջորդ տարվա առաջին կեսին՝ գործարարների համաժողովի հետ միասին: 

Մենք երեկ շատ արդյունավետ շփումներ ունեցանք խորհրդարանի ղեկավարության և պատգամավորների հետ: Պայմանավորվեցինք, որ նախաձեռնությամբ հանդես կգանք, և Հայաստանի խորհրդարանի այն պատգամավորներին, ովքեր պետք է աշխատեն միջխորհրդարանական բարեկամության խմբում, կհրավիրենք Մոլդովա: Հուսով եմ, որ դա տեղի կունենա առաջիկա ամիսներին: Մենք քննարկեցինք նաև մեր երկրների համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Եվս մեկ անգամ շնորհակալություն հրավերի համար: 

Պարո՛ն Նախագահ, սպասում ենք Ձեզ Մոլդովայի Հանրապետությունում»,- ասել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: