Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն տարի աշխարհում թմրամիջոցներից մահանում է մոտ 200 հազար մարդ:
Կովկասյան ճանապարհը վերջին տարիներին դարձել է հերոինի՝ դեպի Եվրոպա տարանցման նոր՝ այլընտրանքային ուղիներից մեկը: Նման տվյալ Yerkir.am-ը ձեռք է բերել՝ ուսումնասիրելով ՄԱԿ-ի Թմրանյութերի ու հանցագործությունների գրասենյակի կողմից հրապարակվող «Թմրամիջոցների մասին համաշխարհային զեկույց»-ը (World Drug Report 2017):
ՄԱԿ-ի տարեկան հաշվետվություններում ներկայացված է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության համաշխարհային շարժը: Ըստ վերջին զեկույցների՝ երկրագնդի 15-64 տարեկան բնակչությունից մոտ 250 միլիոն մարդ (գրեթե 20-ից 1-ը) գոնե մեկ անգամ օգտագործել է արգելված թմրամիջոց:
Մինչ հերոինի սև շուկային, տարանցիկ երկրների աշխարագրությանը, միջազգային փաստաթղթերում տեղ գտած ուշագրավ տվյալներին անդրադառնալը` ծանոթանանք մահաբեր թմրամիջոցին:
Աշխարհի ամենաուժեղ թմրամիջոցն արդեն 100 տարի է՝ արգելված է
Հերոինը համարվում է ամենաուժեղ և ամենակործանարար թմրամիջոցներից մեկը: Այն առաջացել է գերմաներեն heroisch՝ «հերոսական», «ուժեղ» բառից։ Հերոինը ստեղծվել է 19-րդ դարի վերջին և ծառայել որպես դեղամիջոց: Ժամանակին այն մի շարք երկրներում օգտագործվում էր որպես հանգստացնող միջոց՝ հանդիսանալով մորֆինի՝ կախվածություն չառաջացնող փոխարինիչը: Սակայն տարիներ շարունակ բժիշկները չէին նկատում հերոինի կիրառման վտանգը։ Ավելի ուշ հայտնաբերվեց, որ հերոինը լյարդում վերածվում է մորֆինի:
Հերոինը հիմնականում ունենում է դեղին կամ մոխրագույն երանգ, տարբերվում է տհաճ հոտով ու դառը համով: Այն ավելի դժվար է լուծվում ջրում, քան մորֆինը: Հերոինի ազդեցությունն ավելի ուժեղ է, քան մորֆինինը: Հերոին երբեք չփորձած մարդու համար 60-200 մգ-ը կարող է մահացու լինել: Հերոինի արտադրությունը դադարեցվել է 1913 թվականին: Ներկայումս աշխարհում ոչ մի կազմակերպություն չի արտադրում և չի վաճառում հերոին՝ որպես դեղամիջոց:
Ո՞ր երկրներում են գաղտնի կերպով հերոին արտադրում
Ներկայումս հերոինն արտադրվում է ընդհատակում և իրացվում «սև շուկայում»: Հերոին արտադրող հիմնական երկրներն են Աֆղանստանը, Պակիստանը և Իրանը:
Հերոինի արտադրության ծավալներն ամբողջ աշխարհում կազմում են`
Որո՞նք են հերոինի փոխադրման տարանցիկ երկրները
1980-ական թվականներից սկսած` ստեղծվեց աֆղանական հերոինը դեպի Եվրոպա տանելու ամենակարճ ճանապարհը՝ Բալկանյան ճանապարհը, որն ուներ հետևյալ աշխարհագրությունը` Աֆղանստանից դեպի Իրան, այնուհետև` Թուրքիա, այնտեղից էլ դեպի եվրոպական երկրներ: Բալկանյան ճանապարհի համար Ստամբուլն ունի կարևորագույն նշանակություն, այնտեղ պահեստավորվում է ամբողջ հերոինը ու ինքնաթիռով տեղափոխվում Եվրոպա, որտեղ վերջնական հանգրվանը Հոլանդիան է և Բելգիան: Հերոինը Թուրքիա տեղափոխվում է ոչ միայն Իրանից, այլև Սիրիայից և Իրաքից:
Բալկանյան ճանապարհի մյուս ուղղությունը Կենտրոնական Ասիայի երկրներից, հատկապես` Թուրքմենստանից դեպի Թուրքիա ճանապարհն է:
Միլիարդավոր դոլարներ՝ հերոիինից
Հերոինի եվրոպական շուկան տատանվում է 6-7.8 մլրդ ԱՄՆ դոլարի սահմաններում կամ կազմում տարեկան 121-162 տոննա (տե'ս http://www.emcdda.europa.eu/system/files/publications/2373/TD0216072ENN.PDF, էջ 76):
2014-2015թթ.մեծ քանակությամբ հերոինի անօրինական փոխադրում է կանխվել ինչպես ԵՄ երկրներում, այնպես էլ Թուրքիայում: 2014թ.-ին ԵՄ երկրներում առգրավվել է 8.4 տոննա հերոին, Թուրքիայում՝ 13 տոննա, 2015թ.-ին՝ ԵՄ երկրներում՝ 4.5 տոննա, իսկ Թուրքիայում՝ 8.3 տոննա
Կովկասը՝ «սև շուկաների» խաչմերուկ
2014-2015թթ. մահաբեր թմրանյութի խոշոր ծավալի բեռների առգրավումը ստիպեց փնտրել հերոինի անցկացման նոր ուղիներ, որոնք կշրջանցեին Թուրքիան: Աշխուժացավ հերոինի փոխադրման նոր ուղին՝ Կովկասյան ճանապարհը: Կովկասյան ճանապարհի միջոցով աֆղանական հերոինը Իրանից տեղափոխվում է Ադրբեջան ու Հայաստան, այնտեղից` Վրաստանի Բաթում քաղաքը, որտեղ բեռնավորվում է նավերում ու տեղափոխվում Ուկրաինա՝ Օդեսա, կամ Մոլդովա: Օդեսայից հերոինը տեղափոխվում է Ռումինիա, որտեղից էլ տարածվում է ամբողջ Եվրոպայով (տե'ս https://www.unodc.org/wdr2017/field/Booklet_1_EXSUM.pdf, էջ 18):
Այսինքն` վերջին տարիներին Կովկասյան ճանապարհը համարվում է հերոինի` դեպի Եվրոպա փոխադրման տարանցիկ նոր՝ այլընտրանքային ուղի: Կովկասյան ճանապարհով տարվող հերոինի ծավալների մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է պարզել, թե վերջին տարիներին հերոինի որքա՞ն խմբաքանակ է առգրավվել Հարավային Կովկասի երեք երկրներում` առանձին-առանձին (կիլոգրամներով):
Հերոին (կգ) |
2010թ. |
2011թ. |
2012թ. |
2013թ. |
2014թ. |
2015թ. |
6.971 |
90.136 |
0.0051 |
0.004 |
850.197 |
0.001 |
|
158.89 |
120.52 |
109.76 |
100.78 |
296.13 |
80.31 |
|
1.27 |
0.451 |
0.261 |
117.62 |
591.9 |
1.496 |
Հարավային Կովկասի երկրների ցուցակում Ադրբեջանը միակ երկիրն է, որտեղ 5 տարվա ընթացքում ամեն տարի 100 կգ-ից ավելի հերոին է առգրավվել: Ադրբեջանին վերաբերող աղաղակող տվյալներ հրապարակվել են դեռևս 2011-ին WikiLeaks-ի գաղտնազերծած սկանդալային փաստաթղթերում: Մասնավորապես` WikiLeaks-ի տրամադրության տակ էին հայտնվել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էն Դերսիի գաղտնի հեռագրերը` ուղղված ԱՄՆ պետքարտուղարությանը: Դեսպանն իր տեղեկագրում հայտնել էր դեպի Եվրոպա հերոինի տարանցիկ՝ Աֆղանստան-Իրան-Ադրբեջան երթուղու մասին՝ հայտնելով, որ Իրանից Ադրբեջան մաքսանենգ ճանապարհով մուտք գործող հերոինի քանակն աճել է մի քանի անգամ: Դիվանագետը գրել էր, որ Իրանն իր տարածքում հիմնադրած լաբորատորիաներում վերամշակում է աֆղանական «նախնական» հերոինը եւ Ադրբեջանի տարածքով արտահանում Եվրոպա: Դերսիի վկայությամբ` եթե 2006 թ. Իրանի հետ սահմանին առգրավվել էր ընդամենը 20 կգ հերոին, ապա 2008-2009թթ. անօրինական բեռի խմբաքանակը հասել է տոննաների:
Վերը նշված աղյուսակից երևում է, որ Վրաստանում առավել մեծ քանակի հերոին հայտնաբերվել է 2013-2014թթ.: 2014թ. հուլիսին Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող բեռնատարում ստուգումների արդյունքում ոստիկանները շուրջ 2.79 տոննա անհիդրիդի լուծույթ էին հայտնաբերել: Այն ժամանակ վրացական լրատվամիջոցները գրեցին, որ հայտնաբերված լուծույթի 80 տոկոսը հերոին է, ինչը աննախադեպ էր Վրաստանի համար: Սակայն միջազգային փաստաթղթերում, մասնավորապես` ԵՄ զեկույցում տեղ գտած տվյալների համաձայն՝ հերոինի զտաքաշը կազմել է 589 կգ: Այս ցուցանիշը տեղ է գտել նաև ՄԱԿ-ի զեկույցում:
ՀՀ-ում վերջին 5 տարիներին առգրավվել է մոտավորապես 1 տոննա հերոին և ափիոն: Միայն 2014թ. հունվարի 17-ին Հայաստանում առգրավվել էր շուրջ 927 կգ հերոին, որից 850 կգ-ը զտաքաշն էր: Հերոինի նման քանակի հայտնաբերումն աննախադեպ էր Հայաստանի համար: Հայ-իրանական սահմանին 850 կգ հերոինի հայտնաբերման մասին տվյալներ են ներկայացված նաև 2014թ. ՄԱԿ-ի կողմից հրապարակված IDSR (Individual Drug Seizure Report) հաշվետվության մեջ:
Աշխարհի ամենակործանարար թմրանյութերից մեկը համարվող հերոինի ամենամեծ խմբաքանակի ոդիսականին Yerkir.am-ն իր հրապարակումներում անդրադարձել է:
Հայաստանի սահմանին հերոինի առգրավման ամենաթարմ տվյալները ստացվել են օրերս: ՊԵԿ նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ հերոին տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն:
Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը Հայաստանում
Աշխարհում քրեական հանցագործությունների զգալի մասը կատարվում է թմրամիջոցների ազդեցության տակ կամ թմրամիջոց ձեռք բերելու նպատակով: Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը տարեցտարի նոր թափ է ստանում:
2016թ. 12 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է 1008 հանցագործության դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 932 դեպքի դիմաց: Գրանցվել է աճ 76 դեպքով կամ 8,1 տոկոսով:
Ստորև բերված աղյուսակում ներկայացված է հանրապետության իրավապահ մարմինների կողմից ապօրինի շրջանառությունից հայտնաբերված և առգրավված ափիոնի, ացետիլացված ափիոնի և հերոինի քանակական պատկերը 2014-2016 թվականներին (գրամներով):
ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ՏԵՍԱԿԸ |
2014թ. 12 ամիս /գր/ |
2015թ. 12 ամիս /գր/ |
2016թ. 12 ամիս /գր/ |
Ափիոն |
2505 |
4337.999 |
6588.684 |
Ացետիլացված ափիոն |
80,1 |
14,88 |
10.267 |
Հերոին |
850197,2 |
1.0448 |
5,36 |
ՀՀ տարածքում ապօրինի շրջանառությունից առգրավված հերոինը 2015 թ. կազմել է՝ 0.001%, իսկ 2016 թ.` 0.027%։ Վերը նշված աղյուսակից հետևում է, որ 2015-2016թթ. նվազել է ՀՀ-ում ապօրինի շրջանառությունից հայտնաբերված և առգրավված հերոինի քանակը:
Հայաստանում թմրաշրջանառության համար դատապարտվածների թիվը նվազել է
Yerkir.am-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ստացել նաև ՀՀ գլխավոր դատախազությունից:
Այսպես`
2015թ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հատկանիշով հարուցվել է 577 քրեական գործ, իսկ 2016թ. ընթացքում՝ 666 քրեական գործ:
2015թ. ընթացքում դատարան է ուղարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 364 քրեական գործ՝ 426 անձի վերաբերյալ: Նույն ժամանակահատվածում դատարանի կողմից դատապարտվել է 379 անձ:
2016թ. ընթացքում դատարան է ուղարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 373 քրեական գործ՝ 414 անձի վերաբերյալ: 2016թ. ընթացքում դատարանի կողմից դատապարտվել է 369 անձ:
Որքա՞ն թմրամոլ է հաշվառված Հայաստանում
Թմրամիջոցների չարաշահման հետևանքով տարեկան մահանում է միջինը 200 հազար մարդ: Հայաստանը նույնպես ապահովագրված չէ այս չարիքից: Տարեցտարի ավելանում է ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» դիմողների թիվը: Նրանց թվում գերակշռող շարունակում են մնալ տղամարդիկ:
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտից Yerkir.am-ին փոխանցված տվյալների համաձայն՝ ներկայումս կենտրոնում թմրամիջոցների գործածման հետ կապված հաշվառված է 3173 անձ: Բոլոր հաշվառվածները ՀՀ քաղաքացիներ են, որոնցից՝ 83-ը կին է, 3090-ը` տղամարդ:
Ստորև ներկայացնում ենք 2015 և 2016 թվականներին ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ-ի և ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից կատարված հետազոտությունների և դրանցում հայտնաբերված հոգեակտիվ նյութերի գործածման դեպքերի քանակը.
|
Կատարված հետազոտությունների քանակը 2015 |
Կատարված հետազոտությունների քանակը 2016 |
Հոգեակտիվ նյութերի գործածման դեպքերիքանակը (2015) |
Հոգեակտիվ նյութերի գործածման դեպքերի քանակը (2016) |
ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական Հանրապետական Կենտրոն» ՓԲԸ |
891 |
623 |
491 |
319 |
ՀՀ «Փորձաքննությունների Ազգային Բյուրո» ՊՈԱԿ |
927 |
1119 |
372 |
473 |
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ