կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-02 22:50
Տնտեսական

2018 թվականին կհիմնվի բարեկամության պուրակ

2018 թվականին կհիմնվի բարեկամության պուրակ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը փոխգործակցության համաձայնագրեր է ստորագրել  Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարության «Բելգիպրոլես»-ի տնօրեն Վլադիմիր Ռադյուկևիչի, «Բելգոսլես»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակի, «Անտառային  տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ժուրավսկու հետ: Համաձայնագրերը ստորագրվել են համաձայն ԱՊՀ երկրների Անտառարդյունաբերական համալիրի, անտառային տնտեսության և անտառարդյունաբերության միջկառավարական խորհրդի 17-րդ նիստին հաստատված անտառային տնտեսության ոլորտում ԱՊՀ մասնակից երկրների համագործակցության հիմնական ուղղությունների մինչև 2025 թվականի միջոցառումների իրականացման պլանի:

 «Բելգիպրոլես»-ի  հետ ստորագրված համաձայնագրով նախատեսվում է   իրականացնել մինչև 10 կմ անտառտնտեսական ճանապարհների կառուցման, որսորդական տնտեսության ստեղծման, լայնատերև և ասեղնատերև ծառատեսակների պլանտացիաների, տնկարանային տնտեսությունների հիմնադրման, անտառտնտեսություններում դենդրոպարկերի ստեղծման, անտառտնտեսությունների և անտառպետությունների գրասենյակների կառուցման նախագծման աշխատանքներ։

  «Բելգոսլես» կազմակերպության հետ համագործակցությամբ նախատեսվում է մինչև 50 հազար հա տարածքում իրականացնել անտառաշինական աշխատանքներ` ներգրավելով հայ մասնագետներին Հայաստանում անտառաշինական կառույցի ստեղծման նպատակով։

 Մյուս համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է Բելառուսի Հանրապետության  «Անտառային  տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի հետ, հայ մասնագետները վերապատրաստում կանցնեն Բելառուսի Հանրապետությունում:

  «Առաջիկայում նախատեսում ենք անտառկառավարման պլաններ կազմելու կազմակերպություն հիմնել և այդ  առումով ևս բելառուսական փորձն օգտակար կլինի», – իր խոսքում նշել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը՝  հավելելով, որ հայկական կողմը ևս կարող է օգտակար լինել՝ փորձի փոխանակման առումով։

 «Անցած մի քանի օրերի ընթացքում բելառուսական կողմի ներկայացուցիչները եղել են մի քանի անտառտնտեսություններում և զարմացել են, թե ինչպես կարելի է այս պայմաններում անտառ աճեցնել և պահել։ Շատ հետաքրքրված են, և մենք այդ մասով նրանց օգտակար խորհրդատվություն կարող ենք տալ»,- ասել է Մանուկյանը։

 «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը նաև ընդգծել է, որ բելառուսական կողմի հետ նախապես  ձեռք բերված պայմանավորվածության համաձայն  2018 թվականին հայ-բելառուսական բարեկամության  պուրակ  է հիմնվելու։  Այդ նպատակով Բելառուսը Հայաստանին է նվիրաբերելու փակ արմատային համակարգով սոճենու տնկանյութեր, որոնք նախատեսվում է տնկել մինչև 15 հա տարածքում` Սևանի ավազանում և Լոռու մարզում:

  «Հայաստանից մեր երկիր ժամանած մասնագետներին, փորձի փոխանակման շրջանակներում, կցուցադրվի անտառնտնտեսություններում իրականացվող անտառաշինական աշխատանքների կազմակերպման ընթացքը, կներկայացվի՝ ինչպես է իրականացվում անտառների պահպանությունը, ինչպես ենք վարվում հրդեհների դեպքում»,-  համաձայնագրի ստորագրումից հետո նշել է «Անտառային  տնտեսության ղեկավարների և մասնագետների որակավորման բարձրացման հանրապետական կենտրոն»-ի տնօրեն Ալեքսանդր Ժուրավսկին։

 «Բելգիպրոլես»-ի տնօրեն Վլադիմիր Ռադյուկևիչի խոսքով`  «Հայանտառ»-ի մի քանի անտառտնտեսություններ կատարած այցերի ընթացքում եկել են  այն եզրակացության, որ առաջնային խնդիր է անտառների պահպանության հարցը։ «Այստեղ եղած հնարավորությունների և մեր ունեցած ներուժի համադրումը կարող է շատ ավելի լավ արդյունքերի հանգեցնել»,- ասել է նա։

 «Բելգոսլես» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կոզակն իր հերթին հավելել է, որ Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցությունն արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար էլ։ «Պլանավորել ենք իրականացնել անտառաշինական աշխատանքներ մինչև 50 հազար հա տարածքում՝ ներգրավելով հայ մասնագետներին։ Այս համագործակցությունն իսկապես օգտակար է մեր երկրների համար»,- նշել է նա։