կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-02 12:55
Մշակույթ

«Խոստում» ֆիլմի ցուցադրությունը` Դամասկոսում

«Խոստում» ֆիլմի ցուցադրությունը` Դամասկոսում

Հոկտեմբերի 31-ին Դամասկոսի ալ-Քինդի կինոթատրոնում Սիրիայի «Ահֆադ Աշտար» հիմնադրամը կազմակերպել էր «Խոստում» գեղարվեստական ֆիլմի բաց ցուցադրություն: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան   բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը, Սիրիայի կինոարվեստի գործիչներ, կրոնական առաջնորդներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցադրությունից առաջ ելույթ ունեցավ դեսպան Արշակ Փոլադյանը: Նա հանգամանալից ներկայացրեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեման՝ վեր հանելով այդ դաժան ոճրի ռազմաքաղաքական նախադրյալները, ինչպես նաև կայսրության հայատյաց քաղաքականությունը: Ապա, դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ներկայիս Թուրքիայի հակահայկական դիրքորոշմանը և ժխտողական քաղաքականությանը՝ նշելով, որ հակառակ թուրքական սադրանքների, այնուամենայնիվ, Հայրենիք-Սփյուռք համագործակցության արդյունքում վերջին տասնամյակներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մտել է նոր փուլ:

Դեսպանը նշեց, որ 2015թ.-ին Հայաստանում և ողջ աշխարհում նշվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որն ուղերձ դարձավ աշխարհի քաղաքակիրթ հասարակությանը: Այս կապակցությամբ նա առանձնահատուկ ընդգծեց 2015թ.-ի ապրիլի 15-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը, ինչպես նաև վերջինիս այցը Հայաստան 2016թ.-ի հունիսի 24-ին:

Դեսպան Փոլադյանը շեշտեց, որ թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականության, պատմական իրողությունները նենգափոխելու և գլխիվայր շրջելու փորձերի պայմաններում բացառվում է որևէ տեսակի երկխոսություն Թուրքիայի իշխանությունների հետ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցեցին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը, Սիրիայի խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Նորա Արիսյանը և սիրիացի անվանի ռեժիսյոր Բասել ալ-Խատիբը: Քննարկմանն ընդգծվեց, որ պատմական իրաղությունները ներկայացնող «Խոստում»  ֆիլմը, ընդհանուր առմամբ, հաջողված աշխատանք է և, հիրավի, հանդիսանում է Հայոց ցեղասպանության մասին պատմող վերջին տարիներին նկարահանված լավագույն կինոնկարներից մեկը: Միաժամանակ, բարձր գնահատական տրվեց ֆիլմի գաղափարաթեմատիկ բովանդակությանն ու գեղարվեստական արժանիքներին:

ԱԳՆ