կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-27 16:01
Մշակույթ

Ռուսաստանի ևս մեկ կինոթատրոնում արգելվեց «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը

ՌԴ մշակույթի նախարարությունը «Պիոներ» կինոթատրոնին արգելել է ցուցադրել բրիտանական կատակերգական «Ստալինի մահը» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորն Արմանդո Իանուչին է:

Ֆիլմը երկու օր ցուցադրվել է կինոթատրոնում, սակայն այսօրվանից կինոթատրոնը ստիպված է եղել դադարեցնել դրա ցուցադրումը:

«Մշակույթի նախարարությունն արգելել է ֆիլմի ցուցադրումն անհայտ պատճառներով: Բոլոր նրանք, ովքեր տոմսեր են ձեռք բերել, կարող են հետ վերադարձնել դրանք, մյուս բոլոր հարցերով կարող եք դիմել մշակույթի նախարարությանը»,-գրված է կինոթատրոնի ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ օրեր առաջ էլ հայտնի էր դարձել՝  Ռուսաստանի մշակույթի նախարարությունը հետ է կանչել «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրության համար տված արտոնագիրը: Նախարարության աշխատակիցները հայտարարել էին, թե ֆիլմում ծայրահեղականության տարրեր են նկատվում, սովետական շրջանի խորհրդանիշները՝ օրհներգը ու շքանշանները, կարծես «պղծվում» են:

Ֆիլմ այն մասին է, թե ինչպես են Ստալինի թիմակիցները իրենց առաջնորդի մահվանից հետո պայքարել հանուն իշխանության։ Ստացվում է այնպես, որ ՌԴ մշակույթի նախարարությունն արգելում է ֆիլմի ցուցադրությունը Ռուսաստանում: