Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մտահոգություն հայտնեց, թե 2018 թվականին մեր պարտքը կանցնի 60%-ը, ապա հիմնական զեկուցող` ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին խնդրեց, որպեսզի գնահատական տա այդ վարկերի և դրամաշնորհների ծախսման արդյունավետությանը:
«Մենք քանի՞ տոկոսի ենք գալու, ո՞ւր ենք մենք գնում` այսպիսի վարկեր շալակելով»,- հարցրեց պատգամավորը:
Ջանջուղազյանը պատասխանեց, որ վարկերի և դրամաշնորհների ծախսման արդյունավետությունը ճիշտ այնպիսին է, ինչպիսին բյուջեով նախատեսված այլ ծախսերի արդյունավետությունը: «Իհարկե, մտահոգության առարկա պետք է լինի, դա այն պարտքն է, որ ժամանակի ընթացքում հարկադրված ես լինելու սպասարկել, սակայն պետք է հաշվի առնել սեփական տնտեսության գեներացման հնարավորությունը»,- ասաց նա` նշելով, որ համաձայն է Մելքումյանի հետ, որ պետք է այդ վարկերի և դրամաշնորհների ծախսման արդյունավետությունը բարձրացնել:
Անդրադառնալով Մելքումյանը պնդմանը, թե պարտքի տոկոսը կանցնի 60-ը` Ջանջուղազյանը նշեց, որ սահմանափակումները նախատեսված են կառավարության պարտքի համար, իսկ կառավարությունը կանխատեսում է 54 տոկոս: Նա, Մելքումյանին դիմելով, նշեց, որ գիտի` վատ են վերաբերվում ենթադրություններին, բայց այս պահին կարող է միայն ենթադրություններ անել, քանի որ այլ ելք չկա: «Ենթադրություններից մեկը մեծ տեսակարար կշիռ ունի, դա արտարժույթի գործոնն է: Մենք դրամաշնորհները հիմնականում ստանում ենք արտարժույթով, և դրա տատանումները ազդում են այդ պարտքի տոկոսի վրա»,- ասաց Ջանջուղազյանը:
Ըստ նրա` կարող են որոշում կայացնել և փոփոխության չգնալ, պարտք չվերցնել, պահպանել այն, ինչ կա, բայց ինքը չի կարող պնդել, որ այդպես ավելի լավ կլինի:
Բյուջետային և ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ նշեց, որ պետք է հարցեր բարձրացվեն եվրոպական ինտեգրման վերաբերյալ:
Մելքումյանն էլ արդարացավ` ասելով, որ մեղավոր չէ, որ պարոն Ջանջուղազյանը երկարաշունչ պատասխան տվեց, ապա կրկին դիմեց Ջանջուղազյանին. «Դուք ընդունեցիք, որ բյուջետային ծախսերն անարդյունավետ են օգտագործվում»:
Ջանջուղազյանը նախ ներողություն խնդրեց երկար պատասխանի համար, ապա ասաց, որ ինքը չի ասել, թե անարդյունավետ են ծախսվել գումարները, այլ ասել է, որ պետք է ավելի բարձրացնել արդյունավետությունը: