| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ:
Իր դժգոհությունը հայտնելով մասնավորապես «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքների որակից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ նշել է, որ այդ ուղղությամբ վերահսկողությունը պետք է լինի ամենօրյա:
«Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պահեք մշտական հսկողության տակ: Այսօրվա վիճակը չի կարող բավարարել ո՛չ մեզ և ո՛չ էլ մեր համաքաղաքացիներին: 
Դժգոհություններ են ստացվում ոչ միայն աշխատանքների կատարման ժամանակացույցի խախտման, այլ նաև վնասված աղբամանների հետ կապված: Ընդ որում, մարդիկ հստակ նշում են, որ դրանք հիմնականում վնասում են հենց «Սանիթեքի» աշխատակիցները՝ իրենց անփույթ վերաբերմունքով: Լավ, դուք այդ ամենը չե՞ք տեսնում, ձեզ չի՞ մտահոգում ձեր աշխատակիցների նման անփույթ վերաբերմունքը: Կարգի՛ հրավիրեք ձեր աշխատողներին ու պահանջեք, որ պատշաճ իրականացնեն իրենց պարտականությունները: Պայմանագրային պարտավորություն եք ստանձնել, ուրեմն պատշաճ իրականացրեք դրանք, ոչ թե կիսատ-պռատ ու երբ ինչպես ուզեք: 
Իսկ մեր աշխատակազմի համապատասխան ծառայություններն էլ թող չմոռանան, որ «Սանիթեք»-ը վճարովի ծառայություն է մատուցում, ըստ այդմ հետևեք, որ պատշաճ իրականացնեն իրենց ստանձնած պարտավորությունները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի համապատասխան ծառայություններին հանձնարարել խստորեն հետևել «Սանիթեքի» ամենօրյա աշխատանքներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն