կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 13:29
Տնտեսական

Հայաստանի ցուցանիշները վարչապետին գոհացնում են

Հայաստանի ցուցանիշները վարչապետին գոհացնում են

Կառավարության այսօրվա` սեպտեմբերի 8-ի նիստում, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ օրերս հրապարակված ազգային մրցունակության զեկույցին` նշելով, որ զեկույցի տվյալների համաձայն` Հայաստանը վեց աստիճանով առաջ է շարժվել, եւ մեր մրցունակության վարկանիշը բարձրացել է։

Վարչապետի խոսքով` դա բավական օբյեկտիվ վերլուծություն է, որում ներկայացված են, առաջին հերթին, մեր մրցունակության թույլ կողմերը և մատնանշված են այն կոնկրետ չափանիշները, որոնք մենք պետք է բարելավենք։ Վարչապետը գոհունակությամբ նշեց, որ գրեթե բոլոր ցուցանիշներով Հայաստանը լուրջ առաջընթաց ունի։

«Առաջընթացը կլիներ շատ ավելի բարձր, եթե չլիներ մեկ գործակից, որը 15 կետով մեզ հետ է մղել. դա բարձր գնաճն է, որ արձանագրվել է 2010 թ., և այդ ցուցանիշով 15 քայլ նահանջել ենք։ Մնացած բոլոր ցուցանիշներով ունենք լուրջ առաջընթաց»,- նշեց նա։

Մեր ուժեղ կողմերից մեկը, վարչապետի խոսքով, պետական քաղաքականության թափանցիկության աստիճանն է. 142 երկրների շարքում մենք զբաղեցնում ենք 35-րդ տեղը։ «Մենք նաև ենթակառուցվածքների տեսակետից 48 քայլ առաջ ենք շարժվել հենց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։ Առաջին հերթին դա վերաբերում է բջջային հեռախոսների հասանելիությանը, ինտերնետի բնագավառում կատարված փոփոխություններին. ինտերնետի հասանելիությունը Հայաստանում նույնպես էապես բարելավվել է` և՛ գներն են նվազել, և՛ սպառողների քանակն է ավելացել»,- ասաց Տ. Սարգսյանը` հավելելով, որ մենք լուրջ առաջընթաց ունենք բարձրագույն կրթության և վերապատրաստման ոլորտներում` 17 և 19 քայլով: Մասնավորապես` միջնակարգ կրթության ներգրավվածության աստիճանով մենք 52-րդ տեղում ենք, իսկ բարձրագույն կրթության ներգրավվածությամբ` 49-րդ տեղն ենք զբաղեցնում 142 երկրների շարքում։

Տիգրան Սարգսյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ 2011 թ. տվյալների հիման վրա ազգային մրցունակության զեկույցը կլինի ավելի լավը, քան սա: Մասնավորապես, ըստ վարչապետի, բարելավումը պայմանավորված է լինելու այն հանգամանքով, որ գնաճը կտրուկ նվազում է 2010 թ. համեմատ, և 2011 թ. մենք արդեն մտել ենք գնաճային նոր փուլ, որն արդեն ոչ թե 10 տոկոսային, այլ 5 տոկոսային շրջանակի մեջ է, այսինքն` շուրջ երկու անգամ գնաճային ճնշումները Հայաստանում նվազել են, և դա իր դրական ազդեցությունն է թողնելու։ Մյուս կարևոր հանգամանքը, ըստ նրա, այն բարեփոխումներն են, որ իրականացրել ենք բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ. հինգ ցուցանիշներով մենք այստեղ լուրջ առաջընթաց ենք արձանագրելու 2011 թ. արդյունքներով։