Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր 71 տարեկան հասակում կյանքից հեռացավ նկարիչ, դիզայներ, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Սարո Գալենցը:
Գալենցը նկարիչներ Հարություն Կալենցի և Արմինե Կալենցի որդին է։
***
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Ղ.Աղայանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը: 1960-65թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1965-70թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1967-68թթ մեկ տարի՝ Տալլինի (Էստոնիա) գեղարվեստի ինստիտուտում: 1971-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1971թ-ից շուրջ 20 տարի ապրել և աշխատել է Մոսկվայում, որտեղ ակտիվորեն ներգրավված է եղել խորհրդային մայրաքաղաքի գեղարվեստական միջավայրի մեջ, որտեղ բացի գեղանկարչությունից, հնարավորություն է ունեցել իրականացնել իր հետաքրքրությունները նաև մոնումենտալ արվեստի և դիզայնի մեջ:
1973-87թթ նրա ստեղծագործությունները մասնակցել են «Հայկական արվեստ» միջազգային խմբային ցուցահանդեսների շարքում՝ Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Բուլղարիայում, Հնդկաստանում, Շրի Լանկայում, Սիրիայում և Կանադայում: 1977թ. Համամիութենական սիմպոզիում-ցուցահանդեսում Վիլնյուսում (Լիտվա) արժանացել է ոսկե մեդալի՝ «Առավոտ Վիլնյուսում» կոմպոզիցիայի համար: Նույն թվականին իրականցրել է երկու հարթաքանդակ Գալվանական գործարանի նախամուտքի համար Տամբով քաղաքում (Ռուսաստան), և Մոսկվայում՝ ԺՏՆՑ (ВДНХ) «Խորհրդային Հայաստան՝ 60 տարի» Հայաստանի ցուցահանդեսային տաղավարի դիզայն: 1983թ. Հայաստանի թատերական ընկերության համար (այսօր Ֆրանսիայի դեսպանատան շենք) իրագործել է երկու բրոնզե դռներ՝ 32 կոմպոզիցիաներով դռների երկու կողմերում, և 1992-93թթ՝ «Մուսաներ»՝ 12 կոմպեզիցիոն աշխատանքներ ընկերության բարի առաստաղի համար:
1986թ. իրականացրել է մեկ այլ մոնումենտալ աշխատանք Մոսկվայում՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախասրահի համար՝ 15քմ «Ծաղիկներ» վիտրաժ պատուհան: 1989թ.՝ «ԽՍՀՄ-ում արտադրված երաժշտական գործիքները» ցուցահանդեսի ձևավորում՝ ներկայացնելով 10 ծավալային պաննոներ: 1980-ական թվականների վերջին՝ երբ Հայաստանում ակտիվացել է անկախության շարժումը, նկարիչը վերադարձել է Երևան: 1991թ-ից դասավանդել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում, որտեղ եղել է գունանկարի, քանդակի և գծանկարի միասնական ամբիոնի վարիչը (պրոֆեսոր):
1992թ-ից մասնակցել է Հայաստանի նկարիչների միության ամենամյա ցուցահանդեսներին: 1990-ականների ընթացքում իրականացրել է մի շարք ուղևորություններ դեպի Եվրոպա և Ասիա՝ բացել է անհատական ցուցահանդեսներ Փարիզում (1998թ.) և Նիկոզիայում (1996թ.):
Մեծ և կարևոր գործերից է համարում հոր՝ Հարություն Կալենցիժառանգությունը պահպանելու նպատակով՝ «Կալենց» թանգարանի ստեղծումը: Ընտանիքի կողմից մեծ ջանքեր ու ֆինանսական ռեսուրսներ են ներդրվել Հարություն Կալենցի ստեղծագործությունների հավաքածուի համալրման և «Կալենց» թանգարանի կառուցման համար: 2009թ. հիմնադրել է «Կալենց» մշակութային հիմնադրամը: 2010թ.՝ Հարություն Կալենցի 100-ամյակին և Արմինե Կալենցի 90-ամյակին, բացվել է Կալենց թանգարանը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1976թ., 2006թ.), Մոնրեալում (1980թ.), Մոսկվայում (1986թ.), Փարիզում (1996թ.), Կիպրոսում (1998թ.), ԱՄՆ-ում (2014թ.), մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների:
Նկարչի աշխատանքները գտնվում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Էջմիածնի արվեստի պատկերասրահում, Չարենցավանի արվեստի պատկերասրահում, Վանաձորի պատկերասրահում, Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայկական մշակույթի ֆոնդում, Երևանի, Մոսկվայի, Բեյրութի, Լոս Անջելեսի, Հռոմի, Մոնրեալի, Տորոնտոյի, Փարիզի, Նիկոսիայի և այլ մասնավոր հավաքածուներում: Եղել է արվեստի բնագավառում ՀՀ նախագահի մրցանակ շնորհող հանձնախմբի անդամ: 2006թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: