Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանում տեղի ունեցավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այսօր գրեթե հնարավոր չէ խոսել արդիականացման և մրցունակության բարձրացման մասին` առանց թվային օրակարգի: Հասկանալի է, որ այս ծավալուն խնդրի լուծմանը անհրաժեշտ է հասնել` հաշվի առնելով տնտեսությունների` այդ փոփոխություններն ընդունելու ունակությունը, առանց բիզնեսի համար ավելորդ ծախսերի: Միաժամանակ, կկրկնեմ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի նախագահի հնչեցրած դիրքորոշումը` թվային լուծումների մշակումը կարելի է իրականացնել` ունենալով էլեկտրոնային հաշիվ-ֆակտուրաների փոխադարձ ճանաչման մեխանիզմը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով` ԵԱՏՄ անդամ պետությունների համաձայնեցված տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման «ճանապարհային քարտեզն» ընթանում է տրանսպորտի և ենթակառուցվածքների մասով ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համապատասխան դրույթների զարգացման հունով:
«Մեզ համար, հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը, լոգիստիկ և տրանսպորտային ու կոմունիկացիոն ուղղվածություն ունեցող հարցերն առավել քան արդիական են: Մենք ակնկալում ենք, որ «ճանապարհային քարտեզ»-ի իրագործումը կնպաստի մեր պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության դիվերսիֆիկացմանը»,- նշեց նա:
Կարեն Կարապետյանի խոսքով` միության էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում մենք շահագրգռված ենք դուրս գալ տեղեկատվական փոխանակման այնպիսի համակարգ, որը կհամապատասխանի էլեկտրաէներգիայի փոխադարձ առևտրի աճի խնդրին, կնպաստի էներգետիկ համակարգերին զուգահեռ աշխատանքի ռեժիմների պլանավորմանը:
Կարեն Կարապետյանը խոսեց ևս մեկ թեմայի մասին. հաջորդ տարի «Եվրասիական շաբաթը» նախատեսվում է անցկացնել Հայաստանում: Ըստ ՀՀ վարչապետի` նման նախագծերի իրագործումը նպաստում է բիզնեսի և պետությունների միջև ուղիղ երկխոսության զարգացմանը: