կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-18 11:44
Հասարակություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիր

Հունիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարգարիտա Գևորգյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հուշագրի նպատակը ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր համայնքները և Սևան համայնքի Գագարին բնակավայրը ներառող տարածքի կայուն զարգացման մոդելային ծրագրի իրականացումն է՝ պետություն֊մասնավոր գործընկերության հիման վրա:

Ծրագրի շրջանակում մինչև 2025 թվականը նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։ Ծրագրի հիմնական ուղղություններ են՝ մրցունակ կրթական էկոհամակարգ, որակյալ կենսամիջավայր, տնտեսական կայուն զարգացում։

Բնության գրկում հուշագրի ստորագրման արարողությունը խորհրդանշական էր։ Մեկտեղելով բնությունը, մարդկային ռեսուրսները և կապիտալ հնարավորություններն ու երկիրը միասին զարգացնելու պատրաստակամությունը՝ հնարավոր է ավելի արագ հասնել մեծ արդյունքների։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ձևավորելու կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, որոնք կնպաստեն բնակիչների բարեկեցությանը և ստեղծագործականության բարձրացմանը։

Հուշագրի ստորագրումը պայմանավորված է ՀՀ-ում բնակության համար հարմարավետ, բնապահպանական առումով մաքուր և համայնքային զարգացման ժամանակակից մոտեցումների վրա հիմնված տարածքային կայուն զարգացման նոր մոդելի ներդրման անհրաժեշտության և տարածքային կայուն զարգացման ոլորտում պետության, համայնքի, մասնավորի, միջազգային հանրության, տեղական բնակչության և, առհասարակ, հասարակության լայն շերտերի ներգրավման կարևորությամբ։ Երկու կողմերը համակարծիք են, որ հուշագրի կնքումը և իրագործումը կնպաստի ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ստանալ որակյալ կրթության, առողջ կենսակերպի և անվտանգ կենսամիջավայրի  ապահովում, համայնքներում ժամանակակից և հարմարավետ ենթակառուցվածքներ ունեցող բնապահպանական առումով մաքուր միջավայրի ձևավորման միջոցով ներգաղթի խթանում, կայուն և նորարարական տնտեսական զարգացման խթանում, արդյունավետ, հաշվետու, թափանցիկ և ներառական համայնքային կառավարման համակարգի ներդնում։

Հուշագրով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարտավորվում է նախաձեռնել կամ աջակցել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման և/կամ արդիականացման և այլ հարցերով։

Հիմնադրամն իր միջոցներով ապահովում է ծրագրի շրջանակում ուսումնասիրությունների փուլում ներառված աշխատանքների իրականացումը։

Նախատեսված աշխատանքների կազմակերպման և համակարգման  նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ։

 Մայիսի 5-ին  ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնք՝ ծանոթանալու «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» կողմից իրականացվող «Գագարին նախագծի» մանրամասներին: