Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մեջբերելով օրենքի 48-րդ հոդվածը, նշեց, որ քրեակատարողական հիմնարկ մուտքի և ելքի իրավունք ունի, սակայն խնդիրներ և խոչընդոտներ են ծագում ԱԺ պատգամավորների համար: Նա նշեց, թե այս իրավիճակի մեկնաբանություններում կառավարությունը խճճվել է:
«Օրենքն ասում է, որ ԱԺ պատգամավորը կարող է անարգելք մտնել քրեակատարողական հիմնարկ: Պրակտիկայում կատարվում է հետևյալը` ուզում ենք մտնել X խցիկ, ասում են` չենք կարող թույլ տալ, որովհետև այնտեղ գտնվում է կալանավորված անձ, որի տեսակցությունների վրա արգելանք է դրված»,- ասաց պատգամավորը և նշեց, թե իրենք ասում են` տեսակցություն չենք ուզում, ուզում ենք կատարել մեր իրավունքը:
Փաշինյանի խոսքով` երկու օր առաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իր առաջ մի ամբողջ մասնաշենքի դուռ են փակել` պատճառաբանելով, թե տեսակցությունների արգելք կա: Բայց, ըստ նրա, կառավարությունը շփոթմունքի մեջ է ընկել այն հարցում, որ խցում տեսակցության ինստիտուտ գոյություն չունի: «Տեսակցությունն իրականացվում է հատուկ սենյակում, իսկ խցում տեսակցության ինստիտուտ գոյություն չունի, հետևաբար` պատգամավորին թույլ չտալ մտնել խուց և ասել` սա տեսակցություն է, աբսուրդ է»,- հայտարարեց պատգամավորը և առաջարկեց հստակ սահմանել` ինչ է տեսակցությունը:
Ըստ Փաշինյանի` կառավարության պատասխաններում այլ անհեթեթություն էլ կա: «Ասում են` պատգամավորը կարող է շահագրգռվածություն ունենալ այդ մարդու գործի մեջ: Ներողություն, քրեակատարողական հիմնարկի քննիչը, դատախազը, ՄԻՊ-ը կարո՞ղ են շահագրգռվածություն ունենալ: Պետք է հսկիչներին էլ արգելել դուռը բացել-փակել, որովհետև, դուռը բացելով, տեսակցում է այդ մարդուն»,- շեշտեց պատգամավորը, ապա հավելեց. «Ի՞նչ է, պատգամավորի` քրեակատարողական հիմնարկում գտնվելու իրավունքը կառավարությունը դիտում է որպես դռան «չխկլփակի» ու չխկլբացի» թույլտվությո՞ւն»:
Նա առաջարկեց, որպեսզի նախաքննության մարմնի արգելքը չտարածվի 48-րդ հոդվածի վրա: Ըստ Փաշինյանի` անարգելք ելումուտ` նշանակում է, որ որևէ արգելանք չպետք է լինի պատգամավորի լիազորությունները սահմանելու ընթացքում:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը Փաշինյանից հետաքրքրվեց` տեղյա՞կ է` Աղայանի բառարանում «տեսակցություն» բառը ինչ է նշանակում, ապա շարունակեց. «Մեր ընկալած տեսակցությունը նաև հանդիպումն է, իսկ խուց մտնելիս չես կարող ասել` ես նրան չհանդիպեցի: Դուք գտնում եք, որ տեսակցությունը հանդիպումը չէ՞»:
Փաշինյանն արձագանքեց, որ ասում է` քրեակատարողական հիմնարկի հսկիչն էլ է մտնում խուց, մինչդեռ արգելված է: «Ինչի՞ եք տեսակցում: Ուրեմն, ըստ Աղայանի բառարանի, մենք պետք է կալանավորված անձին գցենք Տարտարո՞սը, որպեսզի ոչ ոք չհանդիպի նրա հետ»,- ասաց նա:
Պատգամավորն ասաց, որ տեղյակ չէ` Աղայանի բառարանում այդ բառն ինչպես է բացատրված, բայց նշեց, որ միշտ չէ, որ բառերն ըստ Աղայանի բառարանի են մեկնաբանվում: