կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-13 11:51
Հասարակություն

Հյուսիսային պողոտան կարող է օրինակ ծառայել` ինչպես չի կարելի սեյսմիկ ակտիվ գոտում նման շենք կառուցել. Կարինե Դանիելյան

Հյուսիսային պողոտան կարող է օրինակ ծառայել` ինչպես չի կարելի սեյսմիկ ակտիվ գոտում նման շենք կառուցել. Կարինե Դանիելյան

Անկախության տարիներին Երևանում իրականացված քաղաքաշինությունը բացարձակապես հակաէկոլոգիական է և բարձրացրել է աղետների ռիսկերը. ՀՀ ԱԺ-ում «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը։

«Կենտրոնն այլևս չխտացնելու օրենքը մտավ ԱԺ, բայց, չգիտեմ ինչու, մնաց, մնաց, մնաց ու հետ գնաց՝ չընդունվեց, բայց օրենքը կարևոր էր: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ ամենաակտիվ սեյսմիկ գոտում կառուցվել են շինություններ։ Հյուսիսային պողոտան կարող է օրինակ ծառայել, թե ինչպես չի կարելի սեյսմիկ ակտիվ գոտում նման շենք կառուցել», - ասաց նա՝ ընդգծելով, որ կառավարության որոշում կա՝ այդ շենքերն Օպերայից բարձր չպետք է լինեն:

Դանիելյանը նաև նշեց, որ կան ծրագրեր, որոնցում նշված է, թե ինչպես պետք է դպրոցների սեյսմակայունությունը բարձրացնել, մինչդեռ, նրա խոսքով, փորձը ցույց է տալիս, որ դրանք ևս չեն աշխատում։

«Աղետի դեպքում երեխաներին պետք է տարհանել, բայց հարց է առաջանում՝ ո՞ւր տարհանել։ Չարենցի դպրոցի դիմաց, օրինակ, ընդամենը մի քանի մետր տարածություն կա դպրոցի և կողքի բարձրահարկ շենքի միջև։ Կարծես,  շենքերը հատուկ կառուցվել են նրա համար, որ աղետի պարագայում քանդվեն դպրոցի գլխին», - ասաց Կարինե Դանիելյանը։

Նա նաև ընդգծեց, որ վերջին տասնամյակում աղետները կրկնապատկվել են, վերջին եռամսյակում՝ եռապատկվել։