կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-09 18:22
Հասարակություն

ՄԱԿ-ն աջակցելու է ՀՀ ԱԻՆ-ին

ՄԱԿ-ն աջակցելու է ՀՀ  ԱԻՆ-ին

Հոկտեմբերի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենին և նույն կառույցի Հայաստանի, Վրաստանի և Թուրքմենստանի Աղետներին արձագանքման գծով ազգային խորհրդական Աշոտ Սարգսյանին: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դեռ փետրվարի 26-ին ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև կնքված աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին համաձայնագրի հիման վրա Հայաստանի օրենսդրական դաշտի բարելավման հնարավորությունները: ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակն օժանդակելու է Հայաստանի Հանրապետությանը աղետների ժամանակ հումանիտար օգնության պլանների մշակման և հումանիտար աջակցության կազմակերպման հարցերում: 

Կողմերը կարևորեցին համագործակցությունը տարածաշրջանային մակարդակում՝ ընդգծելով, որ հարևան երկրների միջև սերտ համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցմանն ու աղետներին ընդհանուր դիմակայունության բարձրացմանը. որպես տարածաշրջանային համագործակցության վառ օրինակ նշվեց սույն թվականի օգոստոսին հայ հրշեջ-փրկարարների ներգրավվածությունը Վրաստանում անտառային հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: 

Համագործակցության խորացման համատեքստում քննարկվեցին նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցների վերապատրաստման և փորձի փոխանակման հնարավորությունները: