Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ «Ելք» խմբակցությունն այսօր պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը՝ իր և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները քննելու համար։
«Դուք ինքներդ տեսաք, որ ես հակված չէի տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդել, բայց այդ միջադեպից հետո տեսանք, որ Հանրապետականը դրա շուրջ հանդուրժողական մթնոլորտ է փորձում ստեղծել և հստակ գնահատական չտալ տեղի ունեցածին։ Տեղի ունեցածի մեջ ավելի լուրջ պրոբլեմ կա՝ դա բանավեճի մեջ սիստեմատիկ պարտվողների բարդույթի արտահայտում է։ Հանրապետականը պարտվել է և շարունակելու է պարտվել բանավեճում։ Նրանց մտավախությունն այն է, որ ԱԺ-ում բանավեճի պարտությունը ներքաղաքական բանավեճում պարտություն կդառնա», - ասաց պատգամավորը։
Փաշինյանը հայտարարեց, որ միջադեպի վերաբերյալ չի ցանկանում օրենսդիր մարմիններին դիմել, քանի որ միջադեպում իրեն տուժող չի համարում: «Սա հարձակվող և կարգի բերող հարաբերություն էր և կապված չէ քրեաիրավական հարաբերությունների հետ, այլ կապված է ԱԺ-ում քաղաքական հարաբերությունների հետ»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով` Գեղամյանն այս դեպքում «օգտագործված է»: «Գեղամյանին, որպես անհեռանկար մարդու, կաթիլ-կաթիլ կաթացնելով, բրդել են առաջ և ներքին պրովոկացիայի արդյունքում ստացել են միջադեպ, որի նպատակը այն է, որ մեր տոնայնությունը, մեր ասելիքն ու հարցերը որոշակիորեն փոխվեն», - ասաց նա։
Պատգամավորը նաև պատահական չհամարեց այն, որ իր ու Գեղամյանի միջև ԱԺ դահլիճում ծագած բանավեճը սկսվել էր ԵՏՄ անդամակցության հարցը դադարեցնելու մասին քննարկումների ժամանակ։ «ՌԴ-ում գուցե շատերը կարծում էին, որ Գեղամյանը ԵՏՄ ամենամեծ պաշտպան է ՀՀ-ում, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ, ինչպես հայտնի ֆիլմից Խաչիկյանն է ասում` Դուք և ձեր նմանները խայտառակում եք ԵՏՄ-ն, որն առանց այն էլ խայտառակությունների շատ առիթներ ունի», - շեշտեց նա։
Նշենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորները պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով Գեղամյան-Փաշինյան բախման մանրամասները պարզելու համար ու չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը պետք է քննարկի անգամ Գեղամյանին մանդատից զրկելու հարցը։