Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման մրցույթին հայտ ներկայացրած միջազգային չորս ընկերությունների ներկայացուցիչների: Հանդիպմանը քննարկվել են թաղամասի կառուցապատմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել ներդրումային ծրագրի մանրամասներին և տեսլականին:
Նշվել է, որ ընկերությունների ներկայացուցիչներն արդեն իսկ ծրագիրը մանրամասն քննարկել են ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, շրջել Հայաստանի տարբեր զբոսաշրջային վայրերով, ծանոթացել հայկական մշակույթին ու ավանդույթներին:
Վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ «Հայկական գյուղ»-ը լինելու է տնտեսապես գրավիչ հաջող բիզնես ծրագիր և ավելացրել, որ կառավարությունը պատրաստ է ծրագրի հետ կապված քննարկել ընկերությունների ներկայացրած բոլոր առաջարկությունները:
«Այն Հայաստանի զբոսաշրջության ոլորտ կբերի նոր փոփոխություններ:Երևան ժամանողին կկարողանանք համապարփակ ներկայացնել հայկական աշխարհը, այդ թվում՝ սփյուռքը, մեր պատմությունը, միջավայրը՝ ըստ տարածաշրջանների ու քաղաքների: Թաղամասը կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը և իր լայն ենթկառուցվածքներով կպատասխանի զբոսաշրջիկների սպասելիքներին»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ ծրագրի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ներդրողների հետ:
Ակնկալվում է թաղամասի կառուցապատման մրցույթն ամփոփել նոյեմբերի սկզբին: Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Նախատեսվում է, որ թաղամասը կունենա կինոթատրոն, այգի, համերգասրահ, թարմ տեղական արտադրանք առաջարկող բացօթյա շուկա և այլ ենթակառուցվածքներ: