կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-16 16:30
Քաղաքական

«Ելք»-ը բաց թողեց այդ պատմական շանսը. Շարմազանովը՝ նախագահի հետ հանդիպման մասին

«Ելք»-ը բաց թողեց այդ պատմական շանսը. Շարմազանովը՝ նախագահի հետ հանդիպման մասին

Այսօր խորհրդարանում լրագրողները ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չեկավ խորհրդարան` խորհրդակցություն անցկացնելու պատգամավորների հետ, այլ պատգամավորներին հրավիրեց նախագահական նստավայր` հաշվի առնելով, որ խորհրդարանական երկիր ենք:

Շարմազանովը նշեց, որ մինչև ապրիլի 9-ը գործում է 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը. նա ոչ միայն պետության գլուխն է, այլև ապահովում է դատական, օրենսդիր, գործադիր մարմինների աշխատանքը:

«ՀՀ նախագահն օգտվում է իր լիազորություններից, նրա իրավունքն է մինչև ապրիլի 9-ը իր մոտ հրավիրել նման խորհրդակցություն: Եթե նախագահը տեսնի նման անհրաժեշտություն, մենք պարտավոր ենք գնալ Բաղրամյան 26»,- ասաց նա: Շարմազանովն ընդգծեց, որ երբ հարկ եղել է, նախագահը եկել է խորհրդարան, օրինակ՝ մայիսի 18-ին: 

««Ելքի» գործընկերները նախագահի հետ հանդիպելու շանս ունեին, բայց բաց թողեցին այդ պատմական շանսը»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ 6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նստաշրջանի նիստում Սերժ Սարգսյանը ելույթով էր հանդես եկել, «Ելք»-ը բոյկոտել էր նախագահի ելույթը: Նրանք նաեւ օրերս չէին գնացել նախագահական նստավայր:

Ինչ վերաբերում է նախագահի ելույթին, որում ասվում է, որ ամռանը կունենանք որոշակի արդյունքներ, ԱԺ փոխնախագահը նշեց, որ շատ տրամաբանական է, որ քաղաքական իշխող ուժի ղեկավարը կարող է խոսել նաև տարվա երկրորդ կեսի զարգացումների մասին. մինչև 22 թվականը ներառյալ` Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժն է երկրի պատասխանատուն: