կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-03 13:07
Քաղաքական

Եթե ձեռնտու է՝ ինչի՞ եք դեմ քվեարկում. Փաշինյանը` ՀՀԿ-ին

Եթե ձեռնտու է՝ ինչի՞ եք դեմ քվեարկում. Փաշինյանը` ՀՀԿ-ին

ԱԺ-ում քննարկվում է «Ելք» դաշինքի` ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

Հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանձնաժողովում քննարկվել է հարցը, և որ իրենց բերած փաստարկների համեմատ, թե ինչու պետք է ստեղծվի հանձնաժողով, իշխող մեծամասնության բերած հակափաստարկները համոզիչ չէին, և իրենց փաստարկների և քաղաքական մեծամասնության հակափաստարկների հարաբերակցությունը եղել է 10:2:

«Մենք հույս ունեինք, որ ավելի լուրջ հակափաստարկներ կբերվեն, բայց այդպես չեղավ: Մենք ասում ենք Ղարաբաղում լուրջ տարածքային կորուստ ենք ունեցել ԵՏՄ անդամ դառնալուց հետո, մեզ ասում են` պատերազմը դրա հետ ի՞նչ կապ ունի: Ասում են` բաներ կան, որ չեն կարող բաց ասել: Մենք ասում ենք` ստեղծեք այս ժամանակավոր հանձնաժողովը և դռնփակ նիստերի ժամանակ կկարողանաք ասել` ձեր փաստերը»,- հայտարարեց նա:

Փաշինյանը դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին` ասելով, թե նա հարցազրույցներ է տալիս և նշում` դեղձի արտահանման չափանիշը հասել է անհավանական չափերի: «Այս տարի 9 հազար տոննայով պակասել է դեղձի արտահանումը»,- նշեց նա:

Փաշինյանը նաև ասաց, որ վերլուծաբաններ կան, ասում են` այս նախաձեռնությունը ձեռնտու է իշխանություններին: «Եթե ձեռնտու է՝ ինչի՞ եք դեմ քվեարկում»,- հարց հնչեցրեց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Փաշինյանից հետաքրքրվեց` ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ենք ստորագրելու, արդյո՞ք կարիք կա հիմա նման նախաձեռնության: Փաշինյանն արձագանքեց. «Միշտ խոսվում է, որ այս-այն հարցերը չքննարկենք, որ թուրքը չլսի` ուրախանա, բայց քառօրյան ցույց տվեց, որ պետք է քննարկել, և ցանկացած քննարկում օգտակար է, ու բոլոր հարցերը պետք է քննարկվեն»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ հետաքրքվեց Փաշինյանից, թե որն է «Ելք»-ի վերջնական նպատակը:

«ԵՏՄ-ում մեր ինքնիշխանությանը հարվածներ են հասցվել: Կարևորում ենք ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը»,- պատասխանեց նա:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ հետաքրքրվեց` Էդմոն Մարուքյանը ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը հանձնաժողովում չզեկուցեց, որովհետև ներկա չէր,  օրակարգում կա՞ այդ հարցը: Ըստ Փաշինյանի` այդ հարցը օրակարգում է, ոչ ոք օրակարգից չի հանել:

«Շատերը հարցազրույց են տալիս, ասում` մեր օրակարգում այդպիսի բան չկա: Դուք ԱԺ օրակարգը լավ չեք նայել, ԱԺ-ում այդպիսի օրակարգ կա: Ինչ վերաբերում է, թե երբ ենք քննարկման դնելու, մենք կքննարկենք, կորոշենք, այս թեմայով կանցկացնենք  նաև խորհրդարանական լսումներ»,- եզրափակեց նա: