կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-03 11:31
Քաղաքական

Ժողովրդավարությունը միայն ընդդիմության իրավունքների ավելացումը չէ. Շարմազանով

Ժողովրդավարությունը  միայն ընդդիմության իրավունքների ավելացումը չէ. Շարմազանով

ԱԺ-ում քննարկվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը երկրորդ ընթերցմամբ ընդունելը: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների քննադատությունների, նշեց, որ խնդիր կա օրենքը համապատասխանեցնել նոր Սահմանադրությանը, և ընդգծեց, որ որևէ նոր բան չեն հորինում:

«Գործող օրենքում կար հակասություն մի դրույթում, ասվում էր` 1/3-րդի որոշմամբ, իսկ մեկ այլ տեղ` խմբակցության որոշմամբ: Քաղաքական մեծամասնությունը եկել է այն եզրակացության, որ ճիշտը 1/3-րդն է: Եթե դուք այլ կարծիք ունեք, դա նորմալ է: Կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ, պարզապես մոտեցումների հարց է»,- բացատրեց նա:

Շարմազանովը միևնույն ժամանակ շեշտեց, որ ժողովրդավարություն` չի նշանակում քաղաքական մեծամասնության իրավունքների սահմանափակում հօգուտ քաղաքական փոքրամասնության իրավունքների ավելացման: «Այնպես չէ, որ քաղաքական փոքրամասնությունն ինչ ասի` պետք է ընդունվի, իսկ ո՞վ ասաց, որ ձեր ասածն է ճիշտ: Դուք ասում եք` հնարավորություն չի տրվում հանրաքվե անցկացնելու, ո՞վ ասաց, փորձեք դաշնակիցներ գտնել մյուս քաղաքական ուժերի մեջ, հանձնաժողովի նիստերին ասեք, որ այս հարցը կարևորը է և ապահովեք այդ 1/3-րդը»,- ասաց նա:

«Ժողովրդավարությունը միայն ընդդիմության իրավունքների ավելացումը չէ: Ժողովրդավարությունն արդյունավետ կառավարումն է, որտեղ ընդունվում են և' ընդդիմության, և' իշխանության իրավունքները, բայց եթե ընդդիմությունն ընտրություններին հավաքել է 1/3-րդից քիչ ձայն, իրավունք ունի խոսելու այնքան, ինչքան նրան մանդատ է տրված: Սա է ժողովրդավարության կանոնը»,- հայտարարեց Շարմազանովը, ապա հավելեց, որ հենց այս պատճառով է, որ ընդդիմությանը չեն քննադատում, այլ քննադատում են քաղաքական մեծամասնությանը: