Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը լրագրողներին ներկայացրեց համաշխարհային տնտեսական և Հայաստանի տնտեսական մի քանի ցուցանիշներ, գործոններ ու կանխատեսումներ:
Նա նախ նշեց, որ, արտաքին քաղաքական ու տնտեսական գործոններով պայմանավորված, շատ դեպքերում դժվար է լինում կանխատեսել` զարգացումները ինչպիսին կլինեն: Օրինակ` Համաշխարհային բանկի վերջին զեկույցներից մեկում համաշխարհային տնտեսական աճը 2016թ. համար կանխատեսվում է 2,9 տոկոս, ինչը նշանակում է, որ զարգացած երկրները տնտեսական մի շարք դժվարություններ են ունենալու, և դա ազդելու է նաև զարգացող երկրների վրա: Օրինակ` Չինաստանի համար տնտեսական աճը կանխատեսվում է 6,9 տոկոս, իսկ Չինաստանը, որպես համաշխարհային գլոբալ խաղացող, ըստ տնտեսագետի, ազդեցություն է թողում գրեթե ողջ ասիական տարածաշրջանի ու համաշխարհային տնտեսության վրա:
ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանն ունենալու է -0,7 տոկոս տնտեսական անկում, այսինքն` 2015-ը Ռուսաստանը փակում է տնտեսական անկմամբ, և այդ անկումը շարունակվելու է 2016-ի ընթացքում: Ղազախստանի տնտեսական աճը կազմելու է 1,1 տոկոս: Այս ամենը ազդելու է զարգացող երկրների տնտեսական ցուցանիշների վրա:
Ըստ տնտեսագետի` կարևոր գործոն է շարունակում մնալ նավթի գինը, որն այս պահի դրությամբ կազմում է 30,4 դոլար, և նավթի գնի անկումը կարող է բերել գլոբալ ճգնաժամի:
Սրված հարաբերություններ են Չինաստանի ու ԱՄՆ ֆինասնական շուկաների միջև, որովհետև ԱՄՆ-ը վարում է թանկ դոլարը պահելու քաղաքականությունը, որի արդյունքում արժեզրկվում է չինական յուանը: «Այսօր էլ Չինաստանի ԿԲ-ն զգուշացրել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին, որ եթե շարունակի այդ քաղաքականությունը, ապա յուանի արժեզրկման միջոցով, այսպես ասած, «կգցի» դոլարի բորսայական արժեքները»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:
Անդրադառնալով Հայաստանի ներքին տնտեսական զարգացումներին` տնտեսագետը մատնանշեց բանկային համակարգը: Մասնավորապես` 2015թ. ավանդների աճը կազմել է 125 միլիարդ դրամ: Տնտեսագետի խոսքով` սա կարելի է գնահատել թե\' դրական, թե\' բացասական առումով: Դրական է, որ մարդկանց խնայողություններն ավելացել են, բայց բացասական գործոն կա այն առումով, որ 125 միլիարդ դրամ տնտեսության մեջ չի մտել, այլ պահվել է` որպես ավանդ: 2015-ին վարկերը կրճատվել են 88 միլիարդ դրամով:
«Այս պահի դրությամբ` մեր վարկային պորտֆելը կազմում է 2 տրիլիոն 100 միլիարդ դրամ: Իսկ 2014-ին 2 տրիլիոն 188 միլիարդ դրամ էր: Սպառողական վարկերը կազմում են վարկային պորտֆելի մոտ 20-25 տոկոսը: Արտադրական վարկերը կազմում են առաջին խումբը»,- ասաց տնտեսագետը: Այն, որ վարկերը նվազում են, ավանդները` ավելանում, խոսում է տնտեսական ճգնաժամային զարգացումների մասին: Բանկային համակարգը գտնվում է ռիսկի տակ, որովհետև ներգրավում է ավանդ, բայց վարկ չի տալիս: