Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կկայանա գեղասահքի վարկանիշային մրցաշար: Մասնակիցները կպայքարեն 2018 թվականին Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերի համար:
Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը (երկուսն էլ՝ մենասահք) եւ Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը: Օլիմպիական վարկանիշ նվաճելու ավելի մեծ հնարավորություններ ունի Անաստասիա Գալուստյանը, որին այս տարի Հելսինկիում կայացած աշխարհի առաջնությունում ընդամենը մեկ տեղ չբավարարեց Պհենչհանի օլիմպիական ուղեգիր ստանալու համար:
ՀԱՕԿ լրատավականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն ասաց, որ գեղասահորդները շարունակում են պատրաստվել պատասխանատու մեկնարկին:
«Սլավիկ Հայրապետյանը մարզվում է Ռուսաստանի Ադլեր քաղաքում՝ Ալեքսեյ Ուրմանովի եւ հոր՝ Սամվել Հայրապետյանի մոտ: Հոկտեմբերի 22-ից 26-ը նա հանդես կգա Բրատիսլավիայում կայանալիք մրցաշարում, որտեղից անմիջապես կմեկնի Օբերսդորֆ:
Անաստասիա Գալուստյանը վերջերս միջազգային մրցաշարի մասնակցեց Իտալիայում: Նաստյան այնքան էլ բարձր արդյունք ցույց չտվեց, բայց նա պետք է մարզավիճակի գագաթնակետին հասնի ընտրական մրցաշարում: Հիմա մարզվում է Մոսկվայում՝ իր ծնողների մոտ:
Մեր պարային երկյակը մարզվում է տանը՝ Կանադայում: Թինան եւ Սիմոնն Ամերիկայի Սոլթ Լեյք Սիթիում մասնակցեցին միջազգային մրցաշարի: Նրանք նույնպես նախատեսում են հանդես գալ Սլովակիայում:
Հոկտեմբերի 27-ին բոլորս կհավաքվենք Օբերսդորֆում: Չէի ցանկանա կանխատեսումներ անել, բայց կասեմ, որ հավատում եմ մեր մարզիկներին: Կարիք չկա նրանց բացատրել վարկանիշային մրցաշարի կարեւորությունը: Վստահ եմ՝ սառույցի վրա կանեն առավելագույնը, արդյունքի հասնելու համար»,- եզրափակեց Մելանյա Ստեփանյանը: