կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-15 17:38
Իրավական

Ինչո՞ւ է զինված խմբի «պարագլուխը» հետաքրքրվել էջմիածինցի հեղինակության սպանությունով

Ինչո՞ւ է զինված խմբի «պարագլուխը» հետաքրքրվել էջմիածինցի հեղինակության սպանությունով

2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց վկա Շողիկ Հախվերդյանը: Նշենք, որ հիշյալ վկայի՝ Նորք-Մարաշում գտնվող տունն էր վարձակալել «հանցախումբը», և այդ տան դարպասներն ու պատերը կոտրելով` 2015թ. մայիսի 25-ին ԱԱԾ-ի հատուկ ջոկատայինները մուտք գործեցին ու վնասազերծեցին խմբին:

Շողիկ Հախվերդյանը դատարանին հայտնեց, որ գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի հետ պարտք ու պահանջ չունի: Նրա խոսքով` թեև վնասազերծման գործողությունների արդյունքում ինքը մեծ վնասներ է կրել, նախաքննական մարմինն այդպես էլ իրեն տուժող չի ճանաչել: Նա հայտնեց, որ դեպքից հետո ոստիկանությունը մարդիկ էր ուղարկել` տան պատուհանները և դարպասը փոխելու: Հախվերդյանը պատմեց, որ դեպքի օրը, երբ տեղեկացել է կատարվածի մասին, անմիջապես Պարոնյան փողոցից տաքսիով եկել է Նորք-Մարաշ, որտեղ ականատես է եղել, թե ինչպես է քարուքանդ արված իր տունը: «Իջա, տեսա «Ալֆա»-ն մեր տանն էր: Մտա տուն, տեսա պատերը չկան, պատուհանները չկան, մարդիկ մասկաներով ման էին գալիս: Տան 2 հարկերում զենքեր էին շարված»,- պատմեց վկան և հայտնեց, որ ջոկատի՝ տանից գնալուց հետո այնտեղ երկու ֆլեշկա է հայտնաբերել և հանձնել իրավապահներին:

Այսօրվա նիստում ցուցմունք տվեց նաև ոստիկանության աշխատակից, հետաքննիչ Փայլակ Շմավոնյանը: Նա հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալ Արթուր Վարդանյանին, նրա հետ մեկ-երկու անգամ հանդիպել, հաց են կերել, արտերկրին վերաբերող հարցերից խոսել:

Դատախազի հարցին` արդյո՞ք ամբաստանյալն իր հետ խոսել է Հայաստանում իշխանափոխություն անելու մտադրության մասին, վկան պատասխանեց` ոչ, ներպետական հարցերից չեն խոսել: Նա հայտնեց, որ խոսք է եղել նաև Էջմիածնում 2015-ին սպանված քրեական հեղինակություն Հայկարամի մասին:

Դատախազի հարցին` ինչո՞ւ է Արթուր Վարդանյանը հետաքրքրվել նրանով, արդյո՞ք ցանկացել է բացել նրա վերաբերյալ քննվող գործը, վկան պատասխանեց, որ Արթուրը չի խնդրել տեղեկություններ հավաքել ու տրամադրել իրեն: «Ես ոստիկանությունում եմ աշխատում: Նենց չի, որ թույլ մարդ եմ, ու կարող էի տեղեկություններ հայտնել անծանոթին»,- ասաց վկան:

Նշենք, որ խոսքը վերաբերում է Էջմիածնում 2015թ. ապրիլին Հայկարամ Գրիգորյանի` առանձնակի դաժանությամբ սպանության դեպքին: Հայկարամ Գրիգորյանը բավական բուռն քրեական անցյալ է ունեցել, մի քանի անգամ դատապարտվել է: Թե ինչո՞ւ է հանցախմբի ենթադրյալ պարագլուխը ժամանակին հետաքրքրվել այդ դեպքով, հայտնի չէ: