կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-08 16:39
Իրավական

Զինված խմբի «պարագլուխը» ազատամարտիկին առաջարկել էր վարձատրության դիմաց կռվել Սիրիայում

Զինված խմբի «պարագլուխը» ազատամարտիկին առաջարկել էր վարձատրության դիմաց կռվել Սիրիայում

2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեցին մայր գործից անջատված մասով հարուցված քրեական գործով դատապարտյալները: Խոսքը վերաբերում է Արթուր Վարդանյանի խմբին զենք-զինամթերք վաճառելու համար դատապարտված անձանց:

Նախորդ տարվա սեպտեմբերի 8-ի դատավճռով 4 անձինք մեղավոր էին ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք պահել, իրացնելը) հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու մեջ: Մասնավորապես` Հակոբ Հակոբյանը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս, Անուշավան Ավետիսյանը` 3 տարի, Ստեփան Չիլինգարյանը` 1 տարի 6 ամիս, Հարություն Հովհաննիսյանը` 1 տարի 6 ամիս ժամկետով ազատագրման:

Արթուր Վարդանյանի ղեկավարած «հանցավոր խմբի» գործով այսօրվա դատական նիստում «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Անուշավան Գրիգորյանը հրաժարվեց ցուցմունք տալուց՝ պնդելով իր նախաքննական ցուցմունքը: Համաձայն այդ ցուցմունքի՝ նա զենք է ձեռք բերել Ստեփան Չիլինգարյանից և այն իրացրել Արթուր Վարդանյանին: Գրիգորյանն ու այս գործով մյուս դատապարտյալ Հակոբ Հակոբյանը, նախքան ազատությունից զրկվելը, Գյումրիում տաքսի ծառայություն են մատուցել:

Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Հակոբ Հակոբյանը 2015թ. հուլիսին, Արթուր Վարդանյանից առաջարկություն ստանալով` համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին: Ստեփան Չիլինգարյանն էլ, Գյումրիում 4700 ԱՄՆ դոլարով զենք-զինամթերք է իրացրել Անուշավան Ավետիսյանին:

Այսօրվա նիստում մայր գործով վկա, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Հակոբ Հակոբյանը պատմեց, որ Արթուրի հետ ծանոթանալու ընթացքում իր որդին զինվորական ծառայության մեջ է եղել: Նրա խոսքով՝ Արթուրն իրեն առաջարկել է զենք հայթայթել, որպեսզի հետը տանի Սիրիա՝ Քեսաբ, փոխարենը խոստացել է այնպես անել, որ որդին դիրքեր չբարձրանա: Նա հայտնեց, որ երկու անգամ է իր տաքսիով զենք տեղափոխել Երևան՝ չիմանալով, թե ինչ նպատակով է այն իրականում օգտագործվելու:

Հարցին` արդյո՞ ճանաչում է այս գործով ամբաստանյալ, հանցավոր խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող հայր Անտոնին, Հակոբյանը պատասխանեց, որ հայր Անտոնն օգտվել է իր տաքսուց: Նա խոստովանեց, որ մի անգամ զենքը տեղափոխելիս Գյումրիից Երևան է տեղափոխել նաև հայր Անտոնին, սակայն հավաստիացրեց, որ հայր Անտոնը տեղյակ չի եղել այդ մասին:

Ուշագրավ էր նաև այս գործով վկա, գործից մեկ այլ անջատված մասով կալանավոր Մարատ Թադևոսյանի նախաքննական ցուցմունքը: Նա հայտնել էր, որ եղել է Արթուր Վարդանյանի հիմնած «Հայոց վահան» ՀԿ-ի անդամ: Նրա խոսքով՝ Արթուրն իրեն առաջարկել է որոշակի գումարի դիմաց գնալ Սիրիա՝ Քեսաբ, և այնտեղ կռվել թուրքերի դեմ, ինչից ինքը հրաժարվել է:

«Մի անգամ հարցրեց`  ի՞նչ է պետությունն արել քեզ համար`որպես ազատամարտիկի, պատասխանեցի՝ ոչ մի բան»,- իր ցոցմունքում ասել էր վկան՝ մանրամասն պատմելով Արթուրի հետ հանդիպման, իր որսորդական հրացանը նրա հայրական տանը թողնելու և այլնի մասին:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Հանցախմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի հետ ամբաստանյալի աթոռին են խմբին ֆինանսավորողը՝ հայր Անտոնը, և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: