կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-06 14:20
Իրավական

«ПК–ն ուզում եմ, բեր». ի՞նչ զենքեր է գնել զինված խմբի «պարագլուխը» գյումրեցի տղամարդուց

«ПК–ն ուզում եմ, բեր». ի՞նչ զենքեր է գնել զինված խմբի «պարագլուխը» գյումրեցի տղամարդուց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով հերթական դատական նիստը: Այսօր հրապարակվեցին հանցախմբի ենթադրյալ պարագլուխ Արթուր Վարդանյանի և գյումրեցի Հակոբ Հակոբյանի միջև հեռախոսային ձայնագրությունների վերծանումները: Հակոբյանն այս գործից անջատված մասով մեկ այլ քրեական գործի շրջանակներում դատապարտվել է 3.6 տարի ազատազրկման այն բանի համար, որ Արթուր Վարդանյանի առաջարկով զենք-զինամթերք է հայթայթել:

Ըստ մեղադրանքի՝ Հակոբյանը չի իմացել, որ զենքը նախատեսված է Հայաստանում իշխանությունը զավթելու համար, զինված խմբի գործով դատական նիստում էլ ցուցմունք է տվել, թե Արթուր Վարդանյանն իրեն ասել է, որ զենքը Սիրիայի համար է:

Հեռախոսային խոսակցության ընթացքում Հակոբ Հակոբյանը Արթուր Վարդանյանին ներկայացնում է արկղով զենքերի ցանկն ու դրանց գները: Զրուցակիցները երբեմն խոսում են կոդերով, երբեմն բառացի արտաբերում զենքերի անունները: Հակոբյանը մասնավորապես TT տեսակի ատրճանակի համար 1400 դոլար է պահանջում, «Մակարով»-ի համար` 1200 դոլար, ПК տեսակի գնդացիրի համար` 2000 դոլար: «ПК –ն ուզում եմ, բեր»,- Հակոբյանի հետ զրույցում ասում է Արթուր Վարդանյանը:

Շուրջ 10 րոպե մանրամասն գները ներկայացնելուց հետո Հակոբյանը հանկարծ «հիշում է», որ նման բաների մասին հեռախոսով երկար չեն խոսում:

Հրապարակված ձայնագրությունների կապակցությամբ Արթուր Վարդանյանի պաշտապան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ հրապարակվածը զավեշտի է նման, քանի որ իր պաշտպանյալը ձերբակալվելու պահից ի վեր հայտարարել է, թե ինչի համար և ինչ նպատակով է ձեռք բերել զենքը: Այնուհետև պաշտպանը հայտարարեց, որ Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում: Նրա խոսքով` շուրջ մեկ տարի է` իր պաշտպանյալը լուրջ առողջական գանգատներ ունի` չկարգավորվող ջերմություն, գլխապտույտ, գիտակցության կորուստ, ցավեր որովայնի շրջանում, գիշերներն արթնանում է շնչահեղձությունից և այլն: Պաշտպանը միջնորդեց իր պաշտպանյալին համալիր բուժզննման համար ուղարկել քաղաքացիական հիվանդանոց:

Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստի մեկնարկին Վարդանյանի համար շտապօգնության բրիգադ էին հրավիրել: Նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 13-ին: