կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-07 20:30
Քաղաքական

Ճապոնիայի հետ 14 մլն դոլարի դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրվել` հակահրդեհային սարքավորումների բարելավման նպատակով

Ճապոնիայի  հետ 14 մլն դոլարի դրամաշնորհային համաձայնագիր է ստորագրվել` հակահրդեհային սարքավորումների բարելավման նպատակով

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Էյջի Ասամիին:

Ճապոնիայի կառավարության զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության ծրագրերի շրջանակներում 2015-2016թթ. տեխնիկական համագործակցության և դրամաշնորհային ծրագրերում ընդգրկելու նպատակով ՀՀ ԱԻՆ կողմից դրամաշնորհային հայտ է ներկայացվել Ճապոնիայի կառավարությանը` հանրապետության երեք մարզերում Սյունիք, Լոռի և Շիրակ տեխնիկական վերազինում իրականացնելու նպատակով։ Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվելու է 36 հրշեջ մեքենա և 3 շարժասանդուղք:

Անգնահատելի աջակցության համար շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և ժողովրդին՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հանրապետությունում գրանցված բուսածածկ տարածքների հրդեհների դեպքում կրակի դեմ պայքարի լավագույն միջոց են հանդիսացել հենց ճապոնական կառավարության տրամադրած մեքենաները՝ նշելով, որ դրանց օգնությամբ Հայաստանն օգնություն է ցուցաբերել նաև Վրաստանին և Ռուսաստանին:

Էյջի Ասամին իր հերթին շեշտեց, որ մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն, մասնավորապես՝ համանման աղետների սպառնալիքների տեսքով, և իրենց համար ամենաբարձր գնահատականն այն է, որ դեռևս 2010 թ. տրամադրված մեքենաները խնամքով պահպանվում են և օգտակար ծառայություն մատուցում մարդկանց: 
- Մեր աջակցությունը միայն ծրագրի շրջանակով չի սահմանափակվում, այն զարգանում է և ապահովում շարունակական արդյունք, որը շատ բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից,- ասաց ճապոնական գործակալության ներկայացուցիչը:

Հանդիպման ավարտին ստորագրվեց ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագիր (14 մլն ԱՄՆ դոլար արժեքով):

Հավելենք, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ՀՀ արտգործնախարարություն ում կայացած ընդունելության ժամանակ ստորագրել են ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև նույն ծրագրի հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագիր: