կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-09 18:20
Արցախ

Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիի շրջանին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի

Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիի շրջանին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ընդունել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանին: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Վերջինս նախագահին զեկուցել է շրջանում իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների, այդ թվում՝ երաշտից առաջացած խմելու ջրի սակավության և սոցիալական ծրագրերով նախատեսված բնակապահովությանն առնչվող հարցերի մասին:

Երկրի ղեկավարը նշել է, որ Շուշիի շրջանի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է, և այդ նպատակով տարբեր մեծածավալ ծրագրեր են նախատեսվում: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է բերդաքաղաքի խմելու ջրի խնդրի լուծման համար կարճ ժամանակում ուսումնասիրել նոր ջրագծի կառուցման հնարավորությունները, լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ հատկացնել սոցիալական ծրագրերով տրամադրվող շինանյութերի ձեռքբերման համար, ինչպես նաև` զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման շրջանակներում հերթացուցակում գտնվող 10 ընտանիքների համար կառուցել առանձնատներ:

Նախագահն ընդգծել է, որ Շուշի քաղաքի կենտրոնական հատվածներում հողատարածքների տրամադրումը պետք է ժամանակավորապես դադարեցվի՝ մինչև քաղաքի գլխավոր հատակագծի կազմումը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար ժիրայր Միրզոյանը և նախագահի խորհրդական Սերգեյ Գրիգորյանը: