Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանի զարգացման հիմնադրամ, որտեղ ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին:
ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Կարեն Կարապետյանին է ներկայացրել հիմնադրամի կառուցվածքային բարեփոխումներից հետո նոր ծրագիրը և նշել, որ առաջին կիսամյակում հաջողվել է կատարել ամբողջ տարվա ծրագիրը: Անդրադառնալով արձանագրված ցուցանիշներին՝ նա նշել է, որ ՀԶՀ աջակցությամբ 3.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք արտահանման պայմանագրեր են կնքվել:
Եվս 4 միջազգային ցուցահանդես հիմնադրամի համաֆինանսավորմամբ նախատեսվում է կազմակերպել աշնանը: Ընթացքի մեջ են 20-25 պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցությունները՝ 800-850 մլն ՀՀ դրամին համարժեք ապրանքների արտահանման վերաբերյալ։
Աբու Դաբիում, Հռոմում, Երևանում կազմակերպված միջազգային գործարար համաժողովներն ավարտվել են արտահանման ու ներդրումների 15 կոնկրետ պայմանագրերով. 10 մլն եվրո կներդրվի բարձր տեխնոլոգիաների, 2 մլն ԱՄՆ դոլար՝ բժշկական սարքավորումների արտադրության ոլորտներում, ներդրումներ կիրականացվեն նաև էներգետիկայի և գյուղատնտեսության բնագավառներում, սկսվել է Հայաստանից դեպի արաբական երկրներ էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտահանումը, ընթացքի մեջ են դեղորայքի արտահանման համար անհրաժեշտ գրանցումները:
ՀԶՀ միջազգային համագործակցության, դրամաշնորհային ծրագրերի, մարքեթինգի, հետներդրումային սպասարկման և ծրագրերի բաժինների ղեկավարները վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացրել են ըստ ոլորտային ուղղությունների նախատեսվող ծրագրերը: Կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից հավակնոտ ծրագրերի նախաձեռնումը՝ հստակ հայտանիշների և կոնկրետ ակնկալվող արդյունքների սահմանմամբ: