կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-07 15:51
Հասարակություն

«Դուք մենակ չեք» ծրագրի նախաձեռնողներն այցելեցին Մատաղիսի պաշտպանական շրջան

«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի միության «Դուք մենակ չեք» բարեգործական նախաձեռնությունը, ՀՀ նախագահի դրամաշնորհի շնորհիվ, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, եռօրյա այցով գտնվում էր Արցախ աշխարհի Մատաղիսի պաշտպանական շրջանում:

Սեպտեմբերի 4-ին ՂՊՎ ակտիվիստները Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների ծնողների և  ժողովրդական երգերի կատարողներ Արման Կարապետյանի, Սուսաննա  Վարդանյանի և ասմունքով Տարոն Գրիգորյանի հետ միասին Երևանից ուղևորվեցին Արցախ:

Արցախում առաջին կանգառը Պետրոս Ղևոնդյանի՝  Պետոյի հուշաքարի մոտ էր, որի առաջ իրենց հարգանքի տուրքը մատուցելուց հետո, ուխտավորների խումբը շարունակեց ուղևորվել Մատաղիս: Մատաղիսում  նրանց ողջունեցին Ապրիլյան պատերազմից հետո, կրկին զինծառայության վերադարձած ՂՊՎ անդամներն, ովքեր այժմ Ապրիլյան պատերազմի նահատակների ծառայակից ընկերների հետ միասին, Մատաղիսում մատուռ են կառուցում:

Սեպտերմեբր 5-ի առավոտյան, Վետերաններն ու նահատակված զինծառայողների ծնողները, ՂՊՎ նախագահ, մատուռի կառուցման աշխատանքների բարերար Ստեփան Թարոյանի հետ միասին քննարկում էին, զինվորականների և վետերանների ձեռքերով կառուցվող մատուռի հետ կապված հարցերը:

Կեսօրին զորամասի շարահրապարակում մեկնարկեց Մատաղիսի զորամասի 22 ամյակին նվիրված միջոցառումը: Ապրիլյան պատերազմի օրերում աչքի ընկած, Մատաղիսի պաշտպանական շրջանի սպաներն արժանացան  ՂՊՎ «հայրենիքի պաշտպանության համար» մեդալին: Նահատակված հայորդիների մեդալները՝ հետմահու փոխանցվեցին նրանց ընտանիքների ներկայացուցիչներին: Միջոցառման 1-ին մասն ավարտվեց զորահանդեսով:

Միջոցառումն ընդմիջվեց ճաշով, որի ժամանակ, մատուռի խաչի օծման արարողության առիթով, ՂՊՎ նախագահ Ստեփան Թարոյանի նախաձեռնությամբ, ճաշին մասնակցող զինվորներին ու հյուրերին մատաղ մատուցվեց:

Հանդիսության 2-րդ մասը մեկնարկեց, զինծառայության մեջ աչքի ընկած շարքայինների և սերժանտների պարգևատրությամբ, որքեր արժանացան ՂՊՎ պատվոգրերի, շնորհակալագրերի և խրախուսական նվերների: Զորամասի հրամանատարի կողմից մի շարք զինվորներ արժանացան խրախուսական նամակների, կրծքանշանների, կոչումների և ժամացույցների: Այնուհետև մեկնարկեց միջոցառման համերգային մասը, որի հեղինակները զինվորներին ոգևորեցին ռազմահայրենասիրական ոգի սերմանող իրենց ասմունքով և երաժշտական կատարումներով:

Սեպտեմբերի 6-ին, «Դուք մենակ չեք» նախաձեռնության հեղինակներն ու մասնակիցները այցելեցին Դադիվանք, որտեղից էլ վերադարձան Երևան:

«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ