կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-04 16:23
Տնտեսական

Ախուրյանի ջրամբարը կառուցվել է բացառապես ոռոգման նպատակով. ջրային տնտեսության պարզաբանումը

Ախուրյանի ջրամբարը կառուցվել է բացառապես ոռոգման նպատակով. ջրային տնտեսության պարզաբանումը

Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկություններին, թե Ախուրյանի ջրամբարի «անարդյունավետ կառավարման հետևանքով աղետալի իրավիճակ է ստեղծվել» և «տոննաներով ձուկ է սատկել», Ջրային տնտեսության պետական կոմիտեն հարկ է համարում որոշ ճշտումներ անել:

Նախ նշենք, որ 525 մլն մ³  ծավալով Ախուրյանի ջրամբարը կառուցվել է բացառապես ոռոգման նպատակով՝ 1963 թվականին Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում: Ախուրյան գետի ջրօգտագործումը, հետագայում՝ նաև Ախուրյանի ջրամբարինը, կատարվում են Թուրքիայի Հանրապետության հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով՝ 1927 թվականին ձեռք բերված միջպետական համաձայնագրի հիմքով: Դա նշանակում է, որ ջրամբարի կառավարման հետ կապված որևէ որոշում չի կարող ընդունվել միանձնյա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը նախատեսված է միայն ոռոգման նպատակով ջրի կուտակման համար, այնտեղ ծկնաբուծական գործունեությունը օրենսդրորեն կարգավորված չէ: Ախուրյանի ջրամբարում ծկնաբուծություն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար ՋՏՊԿ-ն երբևէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել:  Ավելին՝ ՋՏՊԿ-ն իրավասու չէ նման թույլտվություն տալ՝ առանց թուրքական կողմի համաձայնության:

Թե՛ ջրի կուտակման, թե՛ շահագործման ողջ ընթացքում Հայաստանի և Թուրքիայի կողմից պահպանվել է ջրամբարից էկոլոգիական թողքը՝ 1.5 մ ³/վրկ թողունակությամբ:

Ինչ վերաբերվում է ջրամբարի մեռյալ ծավալին, ապա այն, ըստ էության, նախատեսված չէ ծկնաբուծության կամ այլ տեսակի գործունեության իրականացման համար: Դա բացառապես տեխնիկական ծավալ է, որը հաշվարկվում է՝ հաշվի առնելով ջրամբարը շահագործման հանձնելու պահից 100 տարիների ընթացքում դրանում կուտակված տիղմի, այլ ոչ որևէ նպատակով օգտագործման ենթակա ջրի կանխատեսելի ծավալը:

Նշենք, որ ս.թ. սեպտեմբերի 2-ից հայկական կողմը դադարեցրել է ջրբացթողումները Ախուրյանի ջրամբարից, ինչի արդյունքում սեպտեմբերի 3-ին նախորդ օրվա նկատմամբ ջրի ծավալներն ավելացել են 0,61 մլն մ³ -ով:
Անդրադառնալով ջրային ռեսուրսների կառավարման խնդրին միայն մի քանի թիվ նշենք. այս տարի Ազատի և Ապարանի ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ջրի ծավալը պակաս է եղել 17 մլն մ³-ով: Ճիշտ կառավարման արդյունքում այսօրվա դրությամբ այս տարբերությունը հասցվել է զրոյական շեմի:

Հարկ ենք համարում նշել, որ ոռոգման շրջանի ավարտից հետո Ազատի ջրամբարն ամբողջությամբ դատարկվելու է՝  հատակային ջրթողի փականի վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելու նպատակով: Վթարային իրավիճակի պատճառով այս տարի ունեցել ենք շուրջ 2 մ³/վրկ անկառավարելի ջրի հոսք: Ջրամբարում ջրի առկայության պայմաններում վերականգնողական աշխատանքների իրականացումն անհնարին կլինի:


ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն