Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ո՞վ կարող էր մտածել, որ նման օրեր կգան, երբ երեխային մանկապարտեզ տեղավորելն անգամ կլինի ծանոթով: Երեւանում արդեն այդպես է:
«Համալսարան ընդունվելու պես մի բան է»,- ասում է Անահիտ Սահակյանն ու պատմում գլխին եկածը: Անահիտն ապրում է Երեւանում, Արաբկիր վարչական շրջանում: «Ամուսինս բանվոր է աշխատում, ստանում է օրական 3 հազար դրամ: Տանը լինում է միայն կիրակի օրը, ես էլ ավիակասսայում աշխատանք էի գտել, սակայն երեխայիս չկարողացա տանել մանկապարտեզ: Ասում են՝ գերբեռնված է: Դիմեցի մանկապարտեզներին, թաղապետարաններ, փորձեցի գոնե ուրիշ թաղամասի մանկապարտեզ տանել: Չի ստացվում, հո զոռով չէ: Արշակս երեք տարեկան է, չեմ կարող էդպես թողնել: Բայց դե գործն էլ բաց եմ թողնում ձեռքից»,- պատմում է մեր զրուցակիցը, որը, փաստորեն, ստիպված է չաշխատել եւ հազիվ գոյատեւել մանկապարտեզների գերբեռնվածության պատճառով:
Մեր հարցին, թե ինչո՞ւ մասնավոր մանկապարտեզ չի տանում, տիկին Անահիտը պատասխանեց, որ մասնավոր մանկապարտեզներում, անշուշտ, երեխաներին լավ են նայում, բացի այդ՝ առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 7-ը պահում են, ինչը կարեւոր է աշխատող ծնողի համար, սակայն 60 հազար դրամ վճարել չի կարող:
Երեւանի մանկապարտեզների հարցը արդիական է արդեն երկու տարի: Մինչ 2011 թվականը երեխային մանկապարտեզ տանելը բավականին դյուրին գործընթաց էր. ոչ բոլոր ծնողներն էին երեխային նախակրթարան տանում, մեր աղքատ ու չաշխատող հանրությունը երեխային մանկապարտեզ տանելուց առաջ դեռ պետք է մտածեր նրան կերակրելու մասին, ապա նոր միայն գումար հատկացներ մանկապարտեզի համար:
2011թ. մարտին Երեւանի ավագանու խորհուրդը որոշում կայացրեց ապրիլի 1-ից անվճար դարձնել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզները: Այս որոշումը քաղաքապետ Կարեն Կարապետյանը կայացրեց, քանի որ այդ ժամանակ տարբեր վարչական շրջաններում տարբեր գումարներ էին գործում` 0-ից 8 հազար դրամ, երեխաների թիվը ընդամենը 25 հազար էր, եւ կար ցանկություն այն մեծացնելու: Այժմ այդ թիվը մեծացել է` 160 մանկապարտեզում մինչեւ 30 հազար երեխա, եւ շատերի համար մանկապարտեզը դարձել է անհասանելի:
Բանն այն է, որ երեւանյան մանկապարտեզները արդեն գումար են աշխատում Երեւանի քաղաքացիություն չունեցող երեխաների հաշվին, որոնց համար մանկապարտեզը վճարովի է: Երեւանում կենտրոնացված է աշխատատեղերի մեծ մասը, եւ մեր գործազուրկ քաղաքացիները մարզերից տեղափոխվում են Երեւան ու աշխատանք գտնում, իսկ երեխաներին տանում մանկապարտեզ, որտեղ մեծ սիրով ընդունում են նրանց: Մինչդեռ տեղաբնակների համար մանկապարտեզը այլեւս դառնում է անհասանելի, եւ հաճախ անգամ պատգամավորական ծանոթություններ են մեջտեղ բերում՝ երեխային մանկապարտեզ ընդունելու համար: Կան մոտ մեկ տասնյակ հազար երեխաներ, որոնք հերթագրվել են, բայց տեղ չկա: Այնքան տեղ չկա, որ խմբի 25 հոգանոց թույլատրելի թիվը հասել է 40-ի, եւ երեխաները ստիպված քնում են հերթափոխով:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ մանկապարտեզներին հրահանգ է իջեցվել` չաշխատող ծնողների երեխաներին մանկապարտեզ չընդունել, ուստի ծնողներից ուզում են տեղեկանք աշխատանքի վայրից: Սակայն պատահում են նաեւ նման բազմաթիվ դեպքեր, երբ հազիվ գտած աշխատանքը փոշիանում է, որովհետեւ երեխայի համար նախակրթարանում տեղ չկա:
Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ