Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ arfd.am
Ծնվել է 1956թ. մարտի 7-ին Երևանում: Արմատներով վանեցի է: 1987թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտը: Մասնագիտությամբ լրագրող էր: 1990-ից ՀՀ գրողների միության անդամ էր: Գրական անունը՝ «Կարին»: Ղարաբաղյան շարժման առաջին օրերին անդամակցել է «Հայ Դատի պաշտպանության ընկերությանը», իսկ 1988թ. դարձել նախագահության անդամ:
1990թ ընդունվել է ՀՅԴ շարքեր: Նույն տարին կուսակցության հանձնարարությամբ, որպես Դաշնակցության ջոկատների հրամանատար մեկնել է Բերդաձոր: Մեծ է Անդրանիկի դերը Բերդաձորի պաշտպանության գործում, և դա գնահատվեց հենց իր կենդանության օրոք: Նա դարձավ Ղարաբաղի առաջին խորհրդի, ապա Արցախի Ազգային խորհրդի անդամ, ԼՂԻՄ-ի պատգամավոր:
Որպես պատգամավոր մեկնել է «Արտեկ» ճամբար: Եղել է Կոմերիտմիության քարտուղար: Գրել է երգեր, բանաստեղծություններ, պատմվածքներ: Մինչ զինծառայության (1974-1976թթ.) մեկնելը (Վլադիվոստոկ) և վերադառնալուց հետո աշխատել է ՀԿԿ Կենտկոմի հրատարակչությունում և այնտեղ տպագրել բանաստեղծություններ: Ծառայությունից վերադարձել է պատվոգրով:
Երբ 1992թ. Քարին տակի ճակատամարտում նա կորցրեց իր ամենամտերիմ ընկերներին, մթնեց, բայց չերերաց: Գրեց. «Ու գնում են նրանք, որ կռունկներ դարձած ետ վերադառնան», և նկատեց՝ «Քարին տակի ճակատամարտից հայը դուրս եկավ բարոյահոգեբանական հաղթանակով»: Եվ մահվանը զուգահեռ՝ եղան ծնունդներ… և Բերդաձորն ապրեց:
1991թ. ադրբեջանցիների հայաթափման ծրագրում Գետաշենից հետո Բերդաձորն էր, որի ժամանակ Անդրանիկի 5 զինվորները գերվեցին և Բաքվի Բայլովյան բանտում դատապարտվեցին գնդակահարության: ԱՄՆ-ում ՄԱԿ-ի շենքի մոտ ցույց կազմակերպվեց, և Անդրանիկի հանդիպումը Ջորջ Բուշի հետ տվեց ցանկալի արդյունք՝ գնդակահարությունը հետաձգվեց, և «Կարմիր խաչին» հանձնարարվեց այցելել Բաքվի բանտ, իսկ Ադրբեջանի նախագահ Մամեդովին՝ կանխել գնդակահարությունը: Անդրանիկը հանդիպումներ շատ ունեցավ նշանավոր մարդկանց հետ, եղավ Վարազ Սամվելյանի արվեստանոցում, և Վարազի հետ այցելեց Անդրանիկ զորավարի հուշարձանին, եղավ Դրոյի տանը, գերեզմանոցում, ուր տիկին Գայանեն նվիրեց Դրոյի գիրքը և ձայներիզը, ուր Սիմոն Վրացյանը, Դրոն և մեկը (որ չգիտեր և տիկին Գայանեն) պատմում էին Բաշ-Ապարանի կռիվների մասին: Եվ առաջին անգամ Դրոյի ձայնը 1992թ. հնչեց հայկական հեռուստաէկրաններից: Անդրանիկը երկու Ամերիկաների բոլոր նահանգներում, փոքր ու մեծ քաղաքներում ունեցավ ելույթներ, և դրամահավաքի աշխատանքը՝ ի օգնություն Արցախի բավականին մեծ հաջողությամբ պսակվեց: Բոլոր թերթերն արձագանքեցին: Եվ ինչպես Վարդգես Պետրոսյանն է ասում. «Ամբողջ Ամերիկան առ այսօր սիրահարված և հիացած է Անդրանիկով…»:
Անդրանիկն ունի երկու զավակ՝ աղջիկ և տղա: Նա շատ քչերից մեկն էր, ով դեռ 10 տարին չբոլորած իր որդուն կրակել էր սովորեցրել, որպեսզի մասնակցի մարտական գործողություններին: Նույնիսկ Էջմիածնի Մայր տաճարում, մկրտության արարողությանը որդու ձեռքը զենք էր տվել: Երեխային տանում էր Մարտակերտի շրջանի ամենաթեժ կետերն, ու երբ հարցնում էին, թե ինչու է փոքրիկին իր հետ բերում, ասում էր, որ եթե պիտի իր մինուճար որդուն կորցնի, ապա թող կորցնի կռվում… Թուրքերը 5 մլն գլխագին էին սահմանել նրան բռնելու, կամ ոչնչացնելու համար: Իսկ նա միշտ շեշտում էր, թե իրեն թուրքի գնդակ չի դիպչի: Կարծես կանխազգում էր: 1992թ. օգոստոսի 28-ին Այնթափից Երևան վերադառնալու ճանապարհին զոհվում է ավտովթարից: Թաղված է Եռաբլուրում:
1990թ. Բերդաձորի դպրոցը կոչվեց Անդրանիկ Հարությունյանի անունով, նկարահանվեց ֆիլմ-խրոնիկա՝ Անդրանիկ Հարությունյանի մասին, 1991թ. Արտակ Արզումանյանը նկարահանեց «Ավնի ճանապարհը՝ Բերդաձոր» ֆիլմը և Շուշվա ազատագրումից հետո՝ «Ճանապարհը բաց է» (2 մասից), որը նույնպես նվիրված էր Անդրանիկ Հարությունյանին և իր մարտական ընկերներին:
1992թ. ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպան Անդրեյ Սախարովի հուշամեդալն Անդրանիկին է հանձնել Սախարովի այրին՝ Ելենա Բոնները: 1992թ. օգոստոսի 28-ին՝ մահվան օրն իսկ, Լոս Անջելեսում ստեղծվել է «Անդրանիկ Հարությունյան» հիմնադրամը:
Բերդաձորի իշխանի մտքերից.
«Որքան առողջ է ազգի ինքնապաշտպանական բնազդը, նույնքան և հզոր է ու անկասելի գոյության իրավունքի գործադրումը նրա կողմից: Մի ազգ, որն իր գոյության իրավունքը փնտրում է օտար ճամփաներում, իրավունք չունի ո՛չ ազատության, ո՛չ երջանկության և ո՛չ էլ գոյության: Այսօր մենք՝ հայերս դուրս ենք եկել ազգային-ազատագրական պայքարի, բայց լիովին չենք ընդունել այս ճշմտարության իմաստը, չենք վերափոխել մեր մեջ մենակության սարսափը և շարունակում ենք մեր պայքարի տաճարը կառուցել՝ որպես հիմնասյուներ օգտագործելով այլոց կարծիքները: Քանի դեռ այս մտայնությունն է իշխողը, հայ ժողովուրդը չի կարող հույս ունենալ որևէ հարցի վերջնական լուծմանը: Այո՛, հայ ժողովուրդն ունի հողային պահանջ և չի հրաժարվի իր պահանջատիրությունից: Բայց առայժմ մենք զուգահեռաբար այլ հարցեր պետք է լուծենք. նախ բարոյահոգեբանական, ապա՝ գաղափարական: Նախ պետք է հասնենք այն բանին, որ հայ ժողովուրդը հաղթահարի իր մեջ մենակության սարսափը, գիտակցի, որ ուժեղն ավելի հզոր է, երբ մնում է մենակ, հասկանա, որ մենակ մնալու գիտակցությունն է ազգին տանում ուժերի գերագույն լարման և կենտրոնացման…»:
«Մենք չպետք է մոռանանք, որ վրեժ ունենք, արյան վրեժ ունենք: Ես չեմ ընդունում էդ լալկանությամբ վրեժը: Վրեժը մեկն է, էս աշխարհում միշտ ուժեղներն են իրենց համար Անդրանիկ Հարությունյանտեղ բացել, միշտ ուժեղների ձեռքն է եղել և՛ ճշմարտությունը, և՛ արդարությունը, միշտ ուժեղներն են իրենց կամքը թելադրում: Նախ ուժեղանալ է պետք: Արդյո՞ք էս ամեն ինչը թույլ չի տալիս մեզ մտածելու, որ մենք մենակ ենք էսօր: Եվ ինչի՞ անպայման էդ մենակությունից մենք միշտ սարսափում ենք: Ինչի՞ էդ մենակությունը մեզ չի տալիս ընդհակառակը, էն իմպուլսը պետք է տա, որ մենք մեզ ավելի ուժեղ զգանք, ավելի միասնական, մենք պետք է հասկանանք, որ վերջին հաշվով յուրաքանչյուր մարդ ինչպես իր երեխային, իր ընտանիքին խնամում պահում է, նույնպես նաև Հայրենիքը՝ յուրաքանչյուր ազգ ինքն է իր Հայրենիքը խնամում և պահում…»:
dushmanvardanstepanyan.wordpress.com