կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-21 20:42
Քաղաքական

ԱԺ-ի և «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվել

ԱԺ-ի և «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոնի միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվել
Հուլիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին, համալսարանին կից գործող «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանին, հետազոտողների: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ: Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի եւ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համագործակցության հնարավորությունները: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել «Ամբերդ»-ի եւ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական կառավարման արդի փուլում ավելի է մեծացել Ազգային ժողովի պատասխանատվությունը մեր երկրի տնտեսական զարգացման հարցում: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, կարեւորելով կողմերի միջեւ գործակցությունը, նշել է, որ հետայսու «Ամբերդ» կենտրոնի հետազոտողները կլինեն հանձնաժողովի փորձագետ-խորհրդատուները: Շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին ու ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին՝ ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանն արժեւորել է փոխադարձ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն իր նպաստը կբերի տնտեսական հարցերով օրենքների մշակման եւ ընդունման գործընթացում: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, խոսելով իբրեւ տնտեսագետ եւ նույն համալսարանի դասախոս, հույս է հայտնել, որ համագործակցությունը լայն հնարավորություն է ընձեռելու առավել ընդգրկուն աշխատանքների իրականացման համար: Ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ի դեմս «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, դառնում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի գիտական խորհրդատու-գործընկեր: Հանդիպման ավարտին Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Աթոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: