կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-23 19:45
Տնտեսական

Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն այսօր  ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի  գլխավորած պատվիրակությանը:

 Երկու երկրների պաշտոնյաները կարճատև առանձնազրույց  են ունեցել, որի ընթացքում մտքեր են  փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Մահմուդ Հոջջաթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` պատրաստակամություն հայտնելով զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում:

 Այնուհետև տեղի է ունեցել  ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական փոխգործակցության զարգացման հիմնահարցերի լայն շրջանակ, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության  ուղղություններն ու հեռանկարները:

  Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը բարձր է գնահատել գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը և վերջին տարիներին իրականացված աշխատանքները` միևնույն ժամանակ նշելով, որ առկա ներուժը դեռևս ամբողջովին չի օգտագործվում:

 «Մենք կարևորում ենք գյուղատնտեսության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ակտիվացումը և պատրաստ ենք քննարկել դրան նպաստող ամենատարբեր առաջարկություններ: Կարևոր եմ համարում երկու երկրների գործարարներին ներկայացնել գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական համալիրի այն ճյուղերը, որոնք գրավիչ են առևտրատնտեսական կապերի զարգացման, ներդրումների համար: Առանձնակի ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքին, որով պայմանավորված իրանական կողմը հնարավորություն կունենա արտահանել Հայաստանի տարածքով իրանական գյուղատնտեսական ապրանքները դեպի ԵՏՄ շուկա»,- նշել է Իգնատի Առաքելյանը:  

 Իգնատի Առաքելյանի խոսքով`  գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ռեալ հնարավորություններ  կան բուսաբուծության, անասնաբուծության, ձկնաբուծության և  վերամշակող արդյունաբերության ոլորտներում:

 Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ Իրանի գյուղատնտեսության նախարարության պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության համար, կնպաստի առևտրատնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

 Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսական ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթին իր ելույթում համառոտ ներկայացրել է Իրանի գյուղատնտեսության ներկա իրավիճակը, զարգացման գերակա ուղղությունները` ընդգծելով, որ ունեն մեծ հնարավորություններ տարբեր ոլորտներում, մասնավորապես անասնապահության, այգեգործության, անտառաբուծության և ձկնաբուծության ոլորտներում իրենց փորձն ու գիտելիքները ներկայացնելու հայ գործընկերներին: Պատրաստակամություն հայտնելով սերտացնելու Հայաստանի հետ համագործակցությունը` Իրանի գյուղատնտեսության նախարարը մասնավորապես նշել է.

 «Հայաստանը կարող է կամուրջ դառնալ իրանցի և ԵՏՄ անդամ մյուս երկրների գործարարների միջև  և  ապրանքների արտահանման, և ներմուծման առումով: Անհրաժեշտ է հնարավորություններ ստեղծել համատեղ ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև  իրանական կիսաֆաբրիկատները Հայաստանում վերջնական տեսքի բերելու և արտահանելու համար:  Կարծում եմ, սրանք այն ոլորտներն են, որտեղ պետք է մեխանիզմներ մշակել երկու երկրների բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև համագործակցությունն առավել սերտացնելու  և զարգացնելու համար»:

 Հանդիպման արդյունքներով` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման հարցերով:

 Հանդիպման ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում համագործակցության մասին», որով կկարգավորվի բույսերի պաշտպանության, բույսերի և բուսական արտադրանքին առնչվող վնասակար օրգանիզմների վերահսկման բնագավառը, երկրների տարածք ներթափանցման և տարածման վերահսկումն ու կանխարգելումը:

  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին