կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-04 11:46
Առանց Կատեգորիա

Մաքսային միության մութ ու լույս կողմերը

Մաքսային միության մութ ու լույս կողմերը

Yerkir.am-ի զրուցակիցն է գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

 

- Պարո'ն Մակարյան, վերջին մեկ ամսվա ընթացքում ամենաքննարկվող թեման Մաքսային միությունն է եւ դրան Հայաստանի անդամակցությունը: Թեեւ Հայաստանի նախագահը հայտարարել է այդ կառույցին անդամակցելու մասին, այդուհանդերձ, շարունակում են տեսակետներ հնչել, թե Հայաստանը չի կարող անդամակցել, քանի որ չունի միասնական սահման այդ միության անդամ երկրների հետ:

- Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից 2007թ. Դուշանբե քաղաքում ստորագրված Մաքսային միության եւ մաքսային միացյալ տարածքի վերաբերյալ համաձայնագրում միասնական մաքսային տարածքը հետեւյալ կերպ է բացվում. տարածք, որը բաղկացած է կողմերի մաքսային տարածքներից: Այսինքն` սահմանային շփումները պարտադիր չեն, եւ չպետք է ասել` մենք հեռու ենք, ռուսների հետ ընդհանուր սահման չունենք եւ չենք կարող մտնել Մաքսային միություն:

 

Առեւտրատնտեսական այս միավորման մեջ կողմերը պետք է համախմբվեն հետեւյալ կերպ. պետք է լինեն միասնական մաքսային տարիֆներ, եւ պետք է չլինեն մաքսային վարձավճարներ: Տարիֆների խնդիրը պետք է ժամանակի ընթացքում ձեւավորեն կողմերը: Հիմա գործում է 62 հաստատված տեխնիկական կանոնակարգ: Սրանք գործում են տարբեր ապրանքային խմբերի համար. դրանք հիմնական ապրանքատեսակներն են, որոնք, ենթադրաբար, կարող են վաճառվել: Կարեւոր է միասնական սերտիֆիկատ հասկացությունը, որ պետք է տվյալ ապրանքը ստանա ամբողջ մաքսային տարածքում շրջանառվել կարողանալու համար:

 

- Ի՞նչ խնդիրներ է մեզ համար հարուցում Մաքսային միությունը: Խոսք է գնում Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ հնարավոր խնդիրների մասին:

- Կա երկու խնդիր, որոնք պետք է հաշվի առնել.: Առաջինը` տարիֆների ցուցանիշ կորոշվի, եւ հարց է` այդ տարիֆներն արդյո՞ք չեն գերազանցի 0-10 տարիֆային համակարգը: Մեզ մոտ գործում է առավելագույնը 10, նվազագույնը` 0 տոկոս տարիֆային համակարգ, որը Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ է համաձայնեցված: Ռուսաստանը նույնպես, լինելով այդ կազմակերպության անդամ, պետք է գիտակցի, որ չեն կարող գերազանցել այդ տարիֆները, որովհետեւ դա խոչընդոտներ կհարուցի երկրների ներսում եւ կբերի թանկացումների:

 

Երկրորդ խնդիրը ավելացված արժեքի հարկն է: Այն Հայաստանում 20 տոկոս է, Ռուսաստանում` 16 տոկոս: Այսինքն` ավելացված արժեքի հարկի հետ կարող է խնդիր լինել, որովհետեւ Մաքսային միության մասին փաստաթղթերում նշվում է, որ ԱԱՀ-ն վճարվում է այն երկրում, որտեղ այդ ապրանքը ներմուծվում է, այսինքն` երբ ներմուծվում է  Ռուսաստանից Հայաստան, մուծվում է այդ հարկը: Եթե այդ թվերը չմոտեցնենք իրար, մի տեղ 20 կլինի, մյուս տեղում` 16, եւ երկրների միջեւ խնդիրներ կառաջանան:

 

- Ղազախստանում անդամակցության առաջին տարիներին զգալիորեն թանկացել են ապրանքները, նույն մտավախությունը մենք չունե՞նք:

- Իհարկե, ունենք, եթե մաքսային տարիֆներն այնպես որոշվեն, որ կարող է ավելի բարձր դառնան, քան հիմա է, թանկացում կարող է լինել: Եթե նույն ապրանքատեսակի ներկրումը թանկ արժենա, կարող ենք նույն տեղից չներմուծել: Պետք է քաղաքական ճնշումներ չլինեն: Հայաստանը կարող է պահանջել ապրանքների արտահանման եւ ներմուծման քվոտավորում եւ քվոտավորում ձեռք բերել իր` պահանջարկ ունեցող ապրանքների համար:

 

- Գազի գինը եւս ամենաչարչրկված հարցերից է. կարծես, 30 տոկոսով էժան գազ կստանա Հայաստանը:

- Ես գազի գնի հետ կապված մեծ հույսեր չունեմ: Գազը կարող է էժանանալ, բայց կարող է նաեւ փաստացի չէժանանալ, եթե «Գազպրոմ»-ը չցանկանա: Կարող է ռուսական կողմից էժանանա, բայց մեր կողմից չէժանանա: Տարաբնույթ կարծիքներ են փորձագետները հայտնում: Էներգետիկայի նախարարն ասել էր, թե չի էժանանա: Այսինքն` եթե ռուսական կողմը էժանացնում է, ուրեմն մենք կախված ենք «Գազպրոմ»-ի՞ կարծիքից, կամ կարող է այս ամբողջ բանակցությունները նրա համար են, որ «Գազպրոմ»-ը գերշահո՞ւյթ ստանա: Այս խնդիրներն ինձ համար անհասկանալի են:

 

Ինչ վերաբերում է էներգետիկ խնդիրներին, ապա ես այստեղ կարեւորում եմ քաղաքական դերակատարումը: Տեսեք` ատոմակայանի հետ կապված որոշակի քայլեր միանգամից սկսեցին կատարվել. 70-ականների վերջերին տված ցածրորակ ուրանը, որը, որպես վառելանյութ, չէր օգտագործվել եւ մինչեւ հիմա պահպանվել էր, հիմա ռուսական կողմը համաձայնեց հետ գնել: Սա քաղաքական որոշում էր, որ հանձնարարվեց ռուսական այդ ֆիրմային: Հետո` օգնել, որ 10 տարի ժամկետով երկարաձգվի ատոմակայանի օգտագործման ժամկետը, կամ երկրորդ բլոկի մասին է խոսք գնում: Սրանք չի կարելի զուտ տնտեսական որոշում դիտարկել, սրանք քաղաքական որոշումներ են, որ գնում են դեպի տնտեսական դաշտ: Տնտեսությունն այլ բան է թելադրում. եթե պետք է թանկացնել եւ աշխատել այս սկզբունքներով, ուրեմն պետք է թանկացնել, եթե որեւէ երկրի համար զիջում է արվում, ուրեմն զիջողը գիտի, թե ինչու:

 

- Իսկ ինչպիսի՞ն են հայ գործարարների տրամադրությունները:

- Մեր զրույցները տարբեր բիզնեսմենների հետ ցույց են տալիս, որ բիզնեսմենների բավականին մասը կողմ է Մաքսային միություն գնալուն: Պատճառը, հավանաբար, այն է, որ կարողանում են ռուսների հետ հարաբերվել ռուսերենով, այդ երկիրը ծանոթ երկիր է' տասնամյակներ մարդիկ գնացել-հանգստացել-աշխատել են, նույն ինստիտուտներն են, նույն արդյունաբերական մշակույթն է, բիզնեսի հաղորդակցման մշակույթը. դժվարություն չկա` նամակներ գրել, թարգմանություններ անել, լեզու գտնել, թեկուզ` «ատկատներով» աշխատել, որը Ռուսաստանում շատ ընդունված է: Իսկ Եվրոպայում պետք էր անգլերեն կամ այլ օտար լեզու` հարաբերվելու համար, մատակարարման ռեժիմները, չափանիշները, մշակույթը, բիզնեսի կոնկրետությունը, ճշտապահությունը, ազնվությունը... Սրանք բոլորը խնդիրներ էին բերում:

 

- Արդյո՞ք Մաքսային միությանն անդամակցությունը բացասաբար չի ազդի Եվրամիության հետ հարաբերությունների վրա: Արդեն հայտնի է, որ որոշ ծրագրեր են դադարեցվում:

- Եվրոպայի հետ հարաբերությունները չեն վատանա, Եվրոպան կշարունակի գնել այն, ինչ գնում էր մինչեւ հիմա` նույն մետաղները կամ այլ ապրանքներ: Եվրամիության հետ մեր արտաքին առեւտուրը կազմում է մոտ 27 տոկոս, Շվեյցարիայի հետ միասին` 30 տոկոս: Ռուսաստանինը 26.7 տոկոս է: Այսինքն` Ռուսաստանի հետ առեւտուրը համարյա այսօր էլ համարժեք է Եվրոպական Միության հետ առեւտրի ցուցանիշներին: Եվրոպան կդադարեցնի այն ծրագրերը, որոնք, հավանաբար, վերաբերել են տարբեր բարեփոխումների, ռեֆորմների: Իմ կարծիքով` Եվրոպան էլ պետք է քայլեր կատարի: Տարիների ծախսած գումարը, աշխատանքը կորցնել իրենք չեն պատրաստվում: Հայաստանը պետք է ուրույն տեղ ունենա ստորագրված եւ չստորագրված բլոկների միջեւ` մի տեղ:

 

- Պարո'ն Մակարյան, Ռուսաստանից մեր երկիր եկող տրանսֆերտների աճ կլինի՞, թե՞ ոչ: Կխնդրեմ նաեւ արտագաղթի կամ ժամանակավոր աշխատանքի մեկնման հնարավոր աճի մասին խոսել:

- Կարծում եմ, որ միգրանտների կողմից ուղարկվող տրանսֆերտների ավելացումը կապված չի լինի Մաքսային միության հետ, դա պայմանավորված կլինի Ռուսաստանի էկոնոմիկայով: Սկզբում գուցե վատ աշխատանք են կատարում, հետո ավելի լավ աշխատանքի են անցնում: Միգրացիոն հոսքը կարող է ավելանալ, որովհետեւ հոգեբանական հարցեր կան` մենք մեկ ենք, միասին ենք, Ռուսաստանը բարյացակամ է, հայերին չի նեղացնում իր տարածքում, հետեւաբար` ավելի համարձակ կգնանք Ռուսաստանում աշխատելու:

 

- Չունե՞ք մտավախություն, որ Ռուսաստանի կապիտալը այստեղ կարող է շատանալ, հետեւաբար` նաեւ տնտեսական կախվածությունը:

- Քաղաքական հորդորի դեպքում, իսկապես, կարող է քաղաքական ազդեցության տակ այստեղ ձեռք բերվեն նոր տարածքներ, ներդրումներ արվեն, եւ ռուսական կապիտալը աճի: Ամեն դեպքում, վերջին տարիներին ներդրումները, այդ թվում` Ռուսաստանից, կտրուկ նվազել են:

 

Հայաստանը, որպեսզի լուծումներ գնի, պետք է փորձի լինել մրցունակ երկիր, մրցունակ միջավայր` ե'ւ ներդրումները կգան, ե'ւ էկոնոմիկան կաճի, ե'ւ Մաքսային միություն արտահանելու բան կլինի: Եթե դա մենք չենք անում, ինչպես էլ սահմանները բացենք, ցանկացած փաստաթուղթ չի կարող որեւէ դրական արդյունք ունենալ:

 

Հարցազրույցը վարեց Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆԸ