Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին իր մանկության ընկեր, ռեժիսոր և սցենարիստ Հայկ Բաբայանը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել, հաղորդում է «Արմենպրես»-ը։
«Ռոբե՞րտ, Ռոբե՞րտ…հա, Կյաժը»,- ահա այսպես սկսվեց Հայկի հետ մեր հեռախոսազրույցը, ով մի պահ շփոթվեց մանկության ընկերոջ իրական անունը լսելիս:
«Ռոբերտ, որ ասում են, շատ օտար է հնչում, ինքը մեր Կյաժն ա։ Դուք, որ իրենց շենքում ապրողներին էլ ասեք՝ Ռոբերտ՝ դժվար թե միանգամից հասկանան, թե ում մասին է խոսքը(ծիծաղում է – հեղ.)»,- ասաց ռեժիսորը, ով Կյաժի ավելի քան 10 տարվա ընկերն է եղել:
Հայկն ափսոսանքով ու, միևնույն ժամանակ, մեծ հպարտությամբ սկսեց պատմել Ռոբերտի հոգատար և ընկերասեր տեսակի մասին:
«Կյաժն այն մարդկանցից էր, որ անգամ չճանաչեր էլ մարդուն, բայց նրան օգնություն պետք լիներ՝ անմիջապես ու առանց մտածելու կօգներ, անգամ, եթե դա իր համար դժվար լիներ: Ես իրեն դեռ շա՜տ փորքուց եմ ճանաչում՝ մանկության ընկերներ ենք եղել: Երբ արդեն սկսել եմ հասկանալ, թե ինչ է նշանակում մարդկանց հետ շփումը, այսինքն՝ դպրոցական տարիներից, մենք մտերմացել ենք»,- շեշտեց Հայկն ու նշեց, որ իրենց հարաբերությունները շատ խորքային են եղել, միշտ կիսվել է իր հետ, անկեղծացել:
Անդրադառնալով ֆիլմին, ռեժիսորն ընդգծեց, որ ինքը երազներով ապրող անձնավորություն չէ, սակայն դրանց շատ հետաքրքրիր նշանակություն է տալիս, քանի որ ռեժիսորի համար կյանքում կատարվող ցանկացած իրադարձություն պետք է հետաքրքիր լինի:
«Ինձ համար երազը մարդու պատկերի մեջ առաջացած բնական ռեժիսուրա է: Երազներ կան, որոնք ինձ վրա տպավորություն են թողնում և մնում իմ մեջ: Այս ֆիլմի պատմությունն էլ սկսվել է հենց երազից, երբ ապրիլյան պատերազմից հետո երազումս տեսա Կյաժին: Մոնումենտում էինք, որտեղ ես էլ եմ, մենք նույն բակում ենք մեծացել, ինքը տխուր նստած էր հենց այն նույն բակում, որտեղ մենք հաճախ էինք լինում: Շատ էր նիհարել, մոտեցա նրան, ասացի՝ «Կյաժ, ո՞նց ես, ո՞նց եղավ այս ամենը»։ Գլուխը բարձրացրեց մի քանի բառ ասաց ինձ ու ես արթնացա քնից: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ պետք է Կյաժի մասին ֆիլմ նկարեմ, բայց թե ինչպիսին կլիներ այն, այնքան էլ կարևոր չէր: Կարևորն այն էր, որ ես պետք է անդրադառնամ իրեն»,- նշեց Հայկը:
Ֆիլմի ընթացքը ձգձգվեց, քանի որ, ըստ ռեժիսորի, մոտեցումը Ռոբերտին և նրա պատմությանը պետք է լիներ տարբերվող:
«Կյաժը» ֆիլմն իր մեջ ներառում է մի քանի ժամանակաշրջան՝ խորհրդային տարիներ, 90-ականներ ու մեր օրեր, կան նաև փաստագրական կադրեր:
Հարցին՝ ինչո՞ւ է ֆիլմը սկսում խորհրդային տարիներից, Հայկը նշեց, որ ցանկացած պատերազմ քաղաքականացված է և խոսել Ապրիլյան քառօրյա պատերազմից և չխոսել քաղաքականությունից, սխալ կլինի:
«Դա նույնն է, որ ասես, թե քաղցրակեր ես, բայց կոնֆետներ չես սիրում: Այդպես չի կարող լինել: Պատերազմի մասին ֆիլմերն էլ պետք է լինեն զուտ պատերազմի մասին, որտեղ կան քաղաքականության տարրեր, ողբերգություն, մահ և արյուն և ոչ մի պոեզիա: Ես առաջնորդվում եմ Հեմինգուեյի մոտեցումով»,- շեշտեց ռեժիսորը, ասելով, որ ապրիլյան պատերազմը խոր արմատներ ունեցող երևույթ էր, որը գալիս էր դեռ շատ վաղուց՝ 90-ականներից:
Խոսելով ֆիլմից տպավորությունների մասին և, թե ինչ է ցանկացել հասցնել մարդկանց, Հայկն ասաց, որ այնտեղ կան մանրամասներ, որ կարող են շատ խորաթափանց մարդիկ նկատել:
«Այս ֆիլմը չեմ նկարել այսօրվա կամ վաղվա համար, այլ մի քանի տարի հետո նայելու և շատ բաներ ինքդ քո մեջ ամփոփելու համար»,- ընդգծեց Հայկ Բաբայանը:
Ֆիլմում նկարահանվել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը և Գառնիկ Օհանյանը:
«Կոմանդոսը ֆիլմում ուղղակի Կյաժի անունն է տալիս, բայց որքան խոսուն են նրա աչքերը, երբ ասում է «Կյաժ»: Այդ մեկ բառի համար մենք մեծ աշխատանք տարանք, որպեսզի ստանանք այն, ինչ ունենք այսօր»,- եզրափակեց ռեժիսորը, ով վերջում միայն հավելեց, որ առանց խոսքերի ֆիլմերն ավելի է նախընտրում, որտեղ մարդկանց հայացքներն ու կեցվածքն են «խոսում» բառերի փոխարեն: